Ներքին 3 շաբաթ առաջ - 22:00 14-05-2026

«Ճնդո», դպրոցի տնօրեններ, «Սաֆարի» սուպերմարկետի, «Սաֆարի Հոլլ»-ի սեփականատիրոջ որդի. ովքե՞ր էին Չարենցավանում մասնակցում ՔՊ-ի քարոզարշավին

Չարենցավանում և հարակից համայնքներում կրթական համակարգի մի շարք ներկայացուցիչներ ակտիվորեն ներգրավված են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական քարոզչական գործընթացներում։

Մի շարք համայնքների դպրոցի տնօրեններ, կրթական ոլորտի այլ ներկայացուցիչներ ներկա են եղել տեղի ունեցած հանդիպումներին և փաստացի լծված են ՔՊ-ի նախընտրական կամ քաղաքական կազմակերպչական աշխատանքներին։

ՔՊ Չարենցավան համայնքի ֆեյսբուքյան էջում արված հրապարակումներից երևում է, որ հանդիպումներին մասնակցել են՝ Չարենցավանի թիվ 5 դպրոցի տնօրեն Սոսե Պողոսյանը, Ալափարս գյուղի դպրոցի տնօրեն Լիլիա Մանուկյանը, Չարենցավանի թիվ 3 դպրոցի վարչատնտեսական համակարգող Արմինե Միքայելյանը։

Մեկ այլ հրապարակման մեջ Սոսե Պողոսյանից բացի նկատվել են Չարենցավանի թիվ 5 դպրոցի վարչատնտեսական համակարգող Անահիտ Գալստյանը, դասվար Արմինե Սուքիասյանը, ինչպես նաև Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցի տնօրեն Սամսոն Պանյանը։

Հրապարակումներում հիշատակվում է և երևում է նաև Ալեքսանդր Մանուչարյանը՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տնօրենը։ ՔՊ քարոզարշավին լծվածների թիվն այսքանով չի սահմնափակվում։

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Նարեկ Բաբայանը՝ Չարենցավանի մի շարք դպրոցների միասնական խորհուրդների նախագահը, որը հայտնի է նաև որպես «Սաֆարի» սուպերմարկետի և «Սաֆարի Հոլլ» ռեստորանի սեփականատիրոջ որդի։ Մյուս առանցքային դեմքը Արթուր Գալստյանն է՝ «Ճնդո» մականունով հայտնի, ՔՊ Չարենցավանի ավագանու լոկոմոտիվը, ով ի դեպ՝ Անահիտ Գալստյանի ամուսինն է, վերջինս ևս մասնակցել է վերոնշյալ հանդիպումներին։

Հանրության ուշադրությունն է գրավել նաև այն, որ «Քաղաքացիական պայմանագրի Չարենցավան համայնք» անունով օգտատերը մեկ այլ տեսանյութ է հրապարակել, պիտակելով Չարենցավանի թիվ 3 դպրոցի նորանշանակ տնօրեն Լուսինե Ասկիջյանին, թեպետ տնօրենն այդ տեսանյութում չկա։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել վերոնշյալ մարդկանց հետ մեկնաբանություն ստանալու համար, սակայն մեզ հաջողվեց զրուցել միայն Չարենցավանի թիվ 3 դպրոցի տնօրեն Լուսինե Ասկիջյանի հետ, ով նշեց, որ քարոզարշավին միանում է ինքնակամ։

«Բացարձակ ոչ մեկ չի ստիպել մասակցել քարոզարշավին։ Մասնակցել եմ կիրակի, իմ ոչ աշխատանքային օրը։ Անկեղծ ասած՝ այդ օրը չեմ էլ եղել քարոզարշավին, ուղղակի նշել են։ Ուսուցիչների վրա էլ բացարձակ ճնշում չկա, իրենք նույնիսկ կիրակի չեն մասնակցել։ Նույնիսկ ես ինքս այդ օրը չեմ մասնակցել, երևի կուսակցությունն ինձ նշել է։ Ես կուսակցության անդամ էլ չեմ, աջակից եմ»,- ասաց նա։

Նշենք, որ ավելի վաղ մի շարք այլ համայնքներից ահազանգեր էր ստացվել, որ ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին դասաժամերի հաշվին տանում են իշխող ՔՊ կուսակցության քարոզարշավին մասնակցելու։

Oragir.News-ը հայտնում է, որ պատրաստ է լսել վերոնշյալ անձանց, եթե նրանք ցանկանան կապ հաստատել մեզ հետ և տալ պարզաբանում։

Արփինե Նավասարդյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին