Ուղիղ եթեր
Արտաքին 3 շաբաթ առաջ - 19:00 14-05-2026

6-ամյա տղայի գտածոն. Նորվեգիայում հայտնաբերվել է 1300-ամյա սուր

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Նորվեգիայում դպրոցական սովորական զբոսանքը վերածվել է համաշխարհային մակարդակի հնագիտական սենսացիայի։ Ֆրեդհայմի դպրոցի առաջին դասարանի աշակերտ 6-ամյա Հենրիկ Ռեֆսնես Մյորտվեդտը, քայլելով դաշտով, նկատել է հողից դուրս ցցված ժանգոտ մի առարկա, որը պարզվել է ոչ թե մետաղի ջարդոն է, այլ վաղ միջնադարյան հազվագյուտ թուր։

Դեպքը տեղի է ունեցել Ինլանդետ շրջանի Գրան մունիցիպալիտետի Բրանդբու բնակավայրում՝ դպրոցական էքսկուրսիայի ժամանակ։ Հենրիկը նկատել է մետաղական կտորը, և չնայած դրա ժանգոտված ու անշուք տեսքին, ուսուցիչներն ու երեխաները ցուցաբերել են ճիշտ վարք։ Գտածոն որպես հուշանվեր վերցնելու փոխարեն, նրանք անմիջապես կապ են հաստատել հնագետների հետ։

Հնագետները նախնական ուսումնասիրությունից հետո փաստել են, որ սուրը թվագրվում է մոտավորապես մ.թ. 550-800 թվականներով։ Գտածոն ունի մի շարք առանձնահատկություններ։ Նախ այն միակողմանի սուր, սրված է միայն մեկ կողմից։ Այս ժամանակաշրջանում Սկանդինավիայում նոր էին ձևավորվում զինվորական էլիտաներն ու վիկինգների տարածաշրջանային իշխանությունները։

Հայտնագործությունը կատարվել է պատմական Հադելանդ շրջանում, որը հայտնի է իր բերրի հողերով և հնագույն դամբարանային բլուրներով։ Մասնագետներն այժմ փորձում են պարզել՝ արդյո՞ք սուրը թաղման ծեսի մաս է եղել, թե՞ պարզապես կորել է դարեր առաջ։

Սուրն արդեն տեղափոխվել է Օսլոյի պատմության թանգարան։

Քանի որ երկաթը խիստ քայքայված է, ռենտգենը կօգնի տեսնել շեղբի կառուցվածքն ու հնարավոր զարդանախշերը։

Մասնագետները կիրականացնեն հատուկ կոնսերվացիոն աշխատանքներ՝ հետագա քայքայումը կանխելու համար։

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան