Ներքին 3 շաբաթ առաջ - 19:45 09-05-2026

Շուշիի ազատագրումը մեծ հաղթանակ էր․ այն չպետք է մնար միայն ցավի հիշողություն. քաղաքացիներ

Մերի Հակոբյան

Լրագրող

Այսօր՝ մայիսի 9-ը, Շուշիի ազատագրման օրն է։ 34 տարի առաջ հենց այս օրը քաղաքն ազատագրվեց ադրբեջանական գերությունից, բայց 2020-ի նոյեմբերի 8-ին՝ 44-օրյա պատերազմի վերջնական փուլում այն կրկին օկուպացվեց թշնամու կողմից։

Oragir.News-ը Երևանի Բաբայան փողոցում՝ Շուշիի ազատագրման 15-ամյակին նվիրված հուշարձանի մոտ, զրուցել է քաղաքացիների հետ՝ պարզելու, թե ի՞նչ հիշողություններ ու վերաբերմունք ունեն Շուշիի ազատագրման, «Հարսանիք լեռներում» օպերացիայի և բերադաքաղաքի հնարավոր վերադարձի վերաբերյալ։

Քաղաքացիներից մեկը նշեց, որ ցավով է արձանագրում՝ Շուշիի թեմայի նկատմամբ հանրային վերաբերմունքը փոխվել է։ «Շատ ցավում եմ, որ այս ազգը շատ շուտ համակերպվեց այն մտքի հետ, որ Շուշին այլևս մերը չէ։ Այսօր նույնիսկ պսակ դրված չէր հուշարձանի մոտ»,- ասաց նա։

Քաղաքացու խոսքով՝ Շուշիի ազատագրումը մեծ հաղթանակ էր, որն իրականացվեց «Հարսանիք լեռներում» օպերացիայի շրջանակում՝ հայկական ուժերի ու հրամանատարների շնորհիվ։

«Ես փոքր էի, բայց շատ լավ եմ հիշում այդ օրը։ Դա մեծ հաղթանակ էր՝ Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Տեր-Թադևոսյանի ղեկավարությամբ։ Մի գիշերում կարողացան ազատագրել Շուշին»,- նշեց քաղաքացին։

Մեկ այլ անցորդ, ով նախկինում բնակվել է տարածքի հարևանությամբ, պատմեց, որ հուշարձանը տեղադրվել է մոտ 15-20 տարի առաջ՝ Շուշիի ազատագրման հիշատակին։

«Շուշին ազատագրվել է «Հարսանիք լեռներում» օպերացիայի շնորհիվ՝ մեր քաջերի ու ֆիդայինների շնորհիվ»,- ասաց նա՝ հավելելով, որ ներկայիս տեխնոլոգիական պայմաններում նման ռազմական գործողության կրկնությունը դժվար է պատկերացնել։

Նրա կարծիքով՝ Շուշիի վերադարձը հնարավոր է ավելի շատ դիվանագիտական ճանապարհով. «Կարծում եմ՝ առանց նոր «Հարսանիք լեռներում»-ի, ինչ-որ դիվանագիտական ճանապարհ կգտնվի Շուշին վերադարձնելու համար»։

Քաղաքացիներից ոմանք վստահություն հայտնեցին, որ Շուշի վերադառնալը դեռ հնարավոր է.

«Ես վստահ եմ՝ մի օր կգնանք Արցախ, խաղաղություն կլինի»,- ասաց Շուշիի ազատագրման մասնակիցներից մեկի թոռը։

Մյուսներն ավելի զգուշավոր էին իրենց գնահատականներում, սակայն ընդգծեցին պատմական հիշողության կարևորությունը։

«Պետք է մեր երեխաները պատմությունը սովորեն ու չմոռանան։ Շուշին չպետք է մնար միայն որպես ցավի հիշողություն»,- նշեցին քաղաքացիները։

Հուշարձանի մոտ հանդիպեցին նաև Շուշիի ազատագրման զոհերի հարազատները։ Նրանցից մեկը պատմեց, որ ամուսինը զոհվել է Շուշիի ազատագրման ժամանակ, և իրենք տարիներ շարունակ գալիս են հուշարձանի մոտ՝ ծաղիկներ դնելու ու հիշելու զոհվածներին։

Մանրամասները՝ տեսանյութում․

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան