ՊՆ հերթական փաստաթուղթն է հրապարակել, որը բացահայտում է տարիներ շարունակ կառավարման համակարգում կարևոր գործընթացների վերահսկողության բացակայության մասին։ Հատկանշական է, որ միայն 13 տարի անց Պաշտպանության նախարարությունը «հիշել» է մի այնպիսի պայմանագրի մասին, որը կարևոր տեխնիկայի մատակարարում էր նախատեսում, սակայն այդպես էլ չի կատարվել, ինչը ցույց է տալիս համակարգի լուրջ թերացումների և թույլ վերահսկողության մասին։
Խոսքը վերաբերում է «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ին, որի հետ 2013թ․-ի մարտին կնքված պայմանագրով նախատեսված էր ռազմական նշանակության ապրանքի մատակարարում։


Նշենք, որ 2024 թվականի օգոստոսի 8-ի կառավարության
որոշմամբ «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ն միացվել է «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ին։ Այսինքն՝ ընկերությունը փաստացի դադարել է առանձին գոյություն ունենալուց։
Հարց է առաջանում՝ արդյոք վերակազմակերպումը չի բարդացնում պատասխանատվության հստակեցումը։ Ինչպե՞ս են փոխանցվել պարտավորությունները իրավահաջորդ ընկերությանը։
Փաստաթուղթը, որը ստորագրված է 2026թ․ մարտի 24-ին, բացահայտում է մի իրավիճակ, երբ դեռ 2013 թվականին կնքված պայմանագիրը տարիներ շարունակ մնացել է անտեսված՝ առանց պատշաճ վերահսկողության։ Եթե վերահսկողության բացակայությունը տեղափոխենք 44-օրյա պատերազմի համատեքստ, ապա պատկերն ավելի մտահոգիչ է դառնում։
Նույն տրամաբանությամբ կարելի է ենթադրել, թե ինչ արագությամբ կարող էին զինամթերքը հասցնել առաջնագիծ կամ որքան օպերատիվ կարող էին լինել հրամանները։ Մերգելյան ինստիտուտի նկատմամբ «ժամկետանց պարտավորությունների» մասին ՊՆ-ի վարքագիծը ավելի շատ հիշեցնում է ուշացած հաշվեհարդար։
Հիշեցնենք՝
Oragir.News-ն իր հրապարակումներում անդրադարձել էր 7 տարի առաջ Մերգելյանի անվան գիտահետազոտական ինստիտուտի և Պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրին, որի համաձայն ինստիտուտը ՊՆ-ին պետք է մատակարարեր 100 միավոր արտադրանք, որը չի կատարել:
Փաստացի ՊՆ-ն հիմա փորձում է «հետ բերել» այն, ինչ տարիներով չի վերահսկվել։
Վերադառնալով «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ին, ՊՆ-ն իր պահանջագրում ներկայացնում է նախատեսված աշխատանքը չկատարելու դիմաց միլիոնների տույժ-տուգանքները։
«Տեղեկացնում եմ, որ «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ն պարտավոր է սույն ծանուցումը ստանալուց հետո 5 բանկային օրվա ընթացքում ՀՀ պետական բյուջե փոխանցել 57 604 375 ՀՀ դրամ` որպես տույժ, 481 250 ՀՀ դրամ՝ որպես տուգանք, որը հաշվարկված է մինչև 25.01.2023թ. ներառյալ: Ինչպես նաև Պայմանագրի միակողմանի ամբողջությամբ լուծման արդյունքում ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին անհրաժեշտ է փոխանցել 46 250 000 ՀՀ դրամ՝ ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության նկատմամբ վերոնշյալ պայմանագրի շրջանակներում առկա չմարված պարտավորությունը և 49 640 000 ՀՀ դրամ։
Նշված գումարների վճարված լինելը հավաստող փաստաթղթերի բնօրինակները անհրաժեշտ է մինչև 2026թ. ապրիլի 1-ը ներառյալ ներկայացնել ՀՀ ՊՆ գնումների կազմակերպման վարչություն, 2077 սենյակ:
Հայտնում եմ, որ վերոնշյալ գումարները Ձեր կողմից չվճարելու դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը կձեռնարկի միջոցներ դրանց գանձելու ուղղությամբ: Տեղեկացնում եմ նաև, որ վերոգրյալի համաձայն «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ն կընդգրկվի գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում»,- նշված է ՊՆ գրության մեջ:
Այսպիսով, եթե ռազմավարական նշանակության պայմանագիրը կարող է 13 տարի մնալ «մոռացված», ապա տրամաբանական է հարց բարձրացնել՝ ինչպիսի՞ վիճակում են եղել մյուս գործընթացները, հատկապես ճգնաժամային ու պատերազմական պայմաններում։
Այլ կերպ ասած՝ մեկ փաստաթուղթը բավական է, որպեսզի կասկածի տակ դրվի ամբողջ համակարգի արդյունավետությունը։