Ներքին 5 ամիս առաջ - 09:21 09-05-2026

2026 թվականի մայիսի 9-ը նշում ենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում. Փաշինյան

Այսօր Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության և արևմտյան դաշնակիցների տարած հաղթանակի օրն է, որը մեր երկրում նշվում է որպես Հաղթանակի և խաղաղության տոն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 2026-ի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում։

«Երկրորդ համաշխարհային պատերազմում քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին։ Այս գործում տեսանելի ներդրում է ունեցել հայ ժողովուրդը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչ Խորհրդային, ինչպես նաև արևմտյան դաշնակցային բանակներում և ընդհատակյա դիմադրական խմբերում պայքար են մղել ֆաշիզմի դեմ։ Այդ պայքարն ու ներդրումը բարձրագույն գնահատանքի է արժանացել մի շարք երկրներում։

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81-ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում։ Մենք պարտավոր ենք չմոռանալ այն աղետները, որ մարդկությանը բերել է ֆաշիզմը և դատապարտել այդ երևույթն իր բոլոր դրսևորումներով։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում բոլոր այն նահատակների առաջ, ովքեր իրենց կյանքը տվեցին մարդկությունը ֆաշիզմից փրկելու համար։ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում նաև ֆաշիզմի դեմ պայքար մղած բոլոր երկրներին և մարդկանց։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի

Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում։ Արդեն երկու տարի Հայաստան–Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր, մեր սահմանամերձ բնակավայրերն ապրում են հրաձգություններից զերծ միջավայրում։ Սա կարևորագույն ձեռքբերում է, որ մեր երկրի անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք։

Այսօր մեր խնդիրն է՝ պատշաճ խնամք տանել ձեռքբերված խաղաղության նկատմամբ՝ այն ամեն օր ավելի ամուր և ավելի հուսալի դարձնելու նպատակով։ Հաստատված խաղաղությունը պատմական հնարավորություն է մեր երկրի համար՝ այն հասցնելու նախկինում չտեսնված անվտանգության, բարեկեցության ու զարգացման աստիճանի։

Այսօր մենք վստահորեն քայլում ենք այդ ճանապարհով և զարգացած, ազատ, անվտանգ, բարեկեցիկ, ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունն է հարգանքի մեծագույն տուրքը՝ մեր ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների հիշատակին, և այն ծառայությունը, որը մենք պետք է մատուցենք մեր քաղաքացիներին և սերունդներին։ Մենք կմատուցենք մեր տուրքը, մենք կմատուցենք մեր ծառայությունը։

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- ասված է ուղերձում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին