Oragir.News-ը ներկայացնում է մայիսի 6-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Վեդիում ողջ հանրապետությունը ցնցած մանկապղծության գործում ներգրավված է 3 անձ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։ Էլբակյանի խոսքով՝ փետրվարի 12-ին և ապրիլի 22-ին հարուցված վարույթներով մինչև այժմ 3 անձն էլ մեղադրյալի կարգավիճակ չունեն, 3-ն էլ վկայի կարգավիճակում են։ «Չեն կատարվել խուզարկություններ, դեպքի վայրի զննություններ, չեն առգրավվել հեռախոսներ, թե դրանցում ինչպիսի ձայնագրություններ, հաղորդագրություններ կան։ Չեն կատարվել դատահետքաբանական փորձաքննություններ։ Արթուր Երեմյանի մեքենան է առգրավված եղել, Դավիթ Այնազյանի մեքենան չի առգրավվել, երեխաների հետ հոգեբան չի աշխատել»,- ասաց Էլբակյանը։ Նա նշեց` սեռական բռնության ենթարկված քույրերից մեկը 15 տարեկան է, մյուսը՝ 17։17 տարեկան աղջիկը զննվել է, և զննությամբ հաստատվել է այն, ինչն աղջիկը պատմել է։ «Մենք սահմռկեցուցիչ փաստեր ունենք այս պահին մեր ձեռքի տակ»,- նշեց փաստաբանը։ Վարդուհի Էլբակլյանն ընդգծեց՝ եթե դատախազությունը, քննչական մարմինը, ոստիկանությունն իրենց տեղում լինեին, ապա բանը չէր հասնի նրան, որ աղջիկների հորեղբայրն արդարադատությունն իր ձեռքը վերցներ, իսկ ինչն ամենազարհուրելին է՝ ըստ փաստաբանի՝ չէին լինի 17 տարեկան աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։ Էլբակյանն ընդգծեց՝ այս գործով ներգրավված երրորդ անձը` այսպես կոչված «բարերարը», դեռ 2016թ․ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել 16 տարեկանը չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար։ Ըստ փաստաբանի՝ աղջիկն այդ ժամանակ եղել է 14 տարեկան։
Բաքվի ռազմական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն այսօր դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին՝ կոչ անելով նրան զբաղվել ադրբեջանական բանտում պահվող հայ գերիների խնդիրներով։ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին ուզում եմ բանավոր ձևով դիմել, որպեսզի ինքը միջնորդի և Ադրբեջանի համապատասխան կառույցներից, գուցե նաև իր գործընկերոջ միջոցով ստանա հայերեն և ադրբեջաներեն տարբերակներով մեր մեղադրական ակտերի ամբողջական տեքստերը և մեր դատավճռի ամբողջական տեքստը և փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին», - նշել է Իշխանյանը։ Նա նաև հայտնել է, որ երեկ դիմում-նամակ է փոխանցել Ադրբեջանի ՄԻՊ-ին. «Այնտեղ հստակ մեկ խնդրանք ունեի՝ որպեսզի մեր վճռի ամբողջական՝ ադրբեջաներեն և հայերեն տարբերակները, ինքը միջնորդի և փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին։ Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ, որ ադրբեջաներեն տարբերակը կփոխանցի իմ ընտանիքին և կփորձի միջնորդել»։ Անդրադառնալով իր և մյուս հայերի դեմ կազմակերպված դատավարությանը՝ Իշխանյանը հայտարարել է. «Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ՝ հստակ նպատակներով և հեռահար ռազմավարությամբ»։ Ադրբեջանում այժմ 19 գերի ու պատանդ է պահվում է պահվում, որոնցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն են։ Բաքվի զինվորական դատարանը փետրվարին ցմահ կամ երկարատև ազատազրկման դատապարտեց նրանցից 16-ին, այդ թվում՝ Արցախի ղեկավարներին։
Մոսկվայում մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը. Մոսկվան հրավիրել է բոլոր եղբայրական երկրների ղեկավարներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ նշելով, որ հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը։ «Տեղեկություն այն մասին, թե արդյոք կմեկնի Նիկոլ Փաշինյանը և կմասնակցի Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվելիք շքերթին, չկա»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանը չի ափսոսում Բելառուսին քննադատող իր հայտարարության համար, որից հետո Մինսկը արտգործնախարարություն կանչեց Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին, ու «հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողություններով պայմանավորված» բողոքի նոտա փոխանցեց։ «Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը քաղաքական կախվածության մեջ չի լինելու, Հայաստանն իր քաղաքական ինքնիշխանության մակարդակը բոլոր առումներով բարձրացնելու է, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար, իմ համար անընդունելի է։ Հայաստանը ազատ երկիր է՝ իր ազատ մեդիաներով, մարդու իրավունքներով և օրենքի գերակայությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։ Սիմոնյանի համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում «քաղաքական օպերացիայի» փորձ է տեղի ունենում։ «Իշխանությունը զավթելու փորձ է տեղի ունենում։ Մեր ժողովրդավար լինելը հիմա իրենք փորձում են օգտագործել մեր դեմ։ Ասում են՝ հիմա ձեզ մոտ ինտերնետը բա՞ց է... Մենք էդ ինտերնետում մեր ռուբլիով էնքան գովազդ կառնենք, որ ամենը մերը կլինի։ Չի լինելու, թույլ չենք տալու, որ Հայաստանի Հանրապետությունը սարքեն գուբերնիա, մենք չենք ղեկավարվելու Բելառուսի պես»,- խորհրդարանի խոսնակը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփինե Նավասարդյան
Արփինե Նավասարդյան