Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 27-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Ազգային ժողովի պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից։ Ազգային ժողովը այսօր համաձայնություն տվեց գլխավոր դատախազի միջնորդություններին։ Իշխող թիմի նախկին անդամ Հովիկ Աղազարյանի՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությանը մասնակցել են միայն իշխանական պատգամավորները: 65-ը կողմ են քվեարկել, երկուսը՝ դեմ: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի դեպքում էլ 67 պատգամավոր կողմ է քվեարկել, դեմ կամ ձեռնպահ չկար: Անձեռնմխելիությունից զրկվելուց հետո պատգամավորներին մեղադրանք կառաջադրվի: Ենթադրվում է, որ ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը կողմ են քվեարկել, որ Տարոն Մարգարյանը զրկվի անձեռնմխելիությունից։
Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր երկու քաղաքական ուժերի՝ «Մայր Հայաստան» ու «Մեր քաղաքը» դաշինքի նախընտրական շտաբներում այսօր խուզարկություններ էին: Առաջինը «Մայր Հայաստանն» ահազանգեց, մոտ երկու ժամ անց տեղեկություն տարածվեց նաև ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանի առաջնորդած «Մեր քաղաքը» դաշինքի շտաբներում խուզարկությունների մասին: Այդ խուզարկություններին զուգահեռ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, թե վարույթներ է նախաձեռնել ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ, նաև հեռախոսային գաղտնալսումներ հրապարակեց: Ըստ հրապարակված ձայնագրության՝ փողը, վառելափայտը, շեբինն ու նույնիսկ տարազն է ընտրակաշառք համարվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մարտուն Գրիգորյանի հայրը՝ Կամո Գրիգորյանը, և որդին՝ Կարեն Գրիգորյանը, տնից բերման են ենթարկվել: Նշենք՝ ընդդիմադիր 2 ուժն էլ բացառում է ՔՊ-ի հետ համագործակցությունը։ Ընդդիմադիրներն ուժայինների գործողությունները ռեպրեսիաներ են որակում, պնդում՝ այս ամենը հակառակ ազդեցությունն է ունենալու։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, թե ՔՊ-ն Գյումրիում պարտվելու է։ Այս մասին նա նշել է Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե շատ ծանր չի՞ լինի Գյումրիում պարտությունը՝ օրվա իշխանության համար։ «Ես չեմ կարծում, որ մենք պարտվելու ենք այնտեղ, կարծում եմ՝ հաղթելու ենք, գյումրեցին հաղթելու է, որովհետև ես չեմ կարծում, որ գյումրեցին այսօր կուրացել է ու չի տեսնում՝ ովքեր են մի կողմում, ովքեր՝ մյուս, ով է ընդդիմադիր «ֆավորիտ» թեկնածուն, ով է այն մյուս թեկնածուն, իրենք շատ լավ ամեն ինչ հասկանում են: Այդ մարդկանց հաշվարկն այն է, որ գյումրեցիները, վախի մթնոլորտից, կամ խուժանական գողական բաներից ելնելով, չեն գնալու ընտրելու, ես վստահ եմ, որ գյումրեցին իր պատասխանը ընտրությունում կտա»,- ասել է նա։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել։ Այս մասին հայտնել են Սերժ Սարգսյանի գրասենյակից՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին։ «Ադրբեջանի հետ հիմա էլ բանակցություններում կրկնակապիտուլյացիայի ենթարկված անձը երեկ խղճուկ կապիտուլյացիայի ենթարկվեց նաև բանականության ու բարոյականության հետ անհավասար պայքարում», - ասել է երրորդ նախագահի գրասենակը՝ շարունակելով․ - «Ճամարտակելու փոխարեն նա միայն մեկ բան կարող է անել՝ հաղթահարել վախերը և հրապարակել ընդհուպ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը»։ Փաշինյանը նախօրեին Ազգային ժոցղովի ամբիոնից կրկին բացել էր նախկին նախագահների հետ բանավեճի թեման՝ այս անգամ ուղիղ սպառնալով Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգյանին:
Մանրամասները՝ տեսանյութում: