Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 29-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն այսօր ժամանալ է Երևան։ Այս մասին նախ հայտնել էին ադբեջանական լրատվամիջոցները, ապա Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել էր տեղեկությունը։ «Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ: Կտրվի լրացուցիչ մամուլի հաղորդագրություն»,– հայտնել են ԱԳՆ-ից։ Նշենք, որ Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։ Սա նրա առաջին այցն է Երևան։ Երկու օր առաջ` ապրիլի 27-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանազատման գործընթացն առաջիկայում կշարունակվի և ավարտին կհասցվի տրամաբանական ժամկետներում։ 2025 թվականին Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները` Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի ղկավարությամբ, փոխադարձ այցելություններ էին կատարել Հայաստանի և Ադրբեջանի մերձսահմանային՝ Սյունիքի մարզի և Կովսականի շրջանի հարավային տարածքներ:
ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Աղվերանում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպման անցկացման վերաբերյալ։ Գոհունակությամբ նշվել է, որ հանձնաժողովների 13-րդ հանդիպումը կրկին կայանում է կողմերից մեկի տարածքում։ Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցերի շուրջ: Կողմերը համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ հետևյալ ուղեցույցների նախագծերի տեքստերը. «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ընթացքում սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույց», «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին ուղեցույց», «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգի մասին ուղեցույց»: Կողմերը համաձայնության են եկել դիմել իրենց կառավարություններին՝ ուղեցույցների համապատասխան հաստատման համար։ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևն առանձին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Նշվել է, որ դեպի Հայաստանի Հանրապետություն բեռների տարանցումն Ադրբեջանի Հանրապետության տարածքով հաջողությամբ իրականացվում է և ներկայումս շարունակվում է։ Գոհունակությամբ նշվել է, որ Ադրբեջանն իրականացնում է նավթամթերքի մատակարարում դեպի Հայաստան, ինչը վկայում է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ձևավորման մասին։ Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել Ադրբեջանի Հանրապետությունում հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը»: Աղվերանում հանդիպել են նաև հայ և ադրբեջանցի գործարարները, քննարկել համագործակցության զարգացման հարցը։
Ադրբեջանում բանտարկված յոթ հայ պատանդների ընտանիքներին ներկայացնող միջազգային փաստաբանները պաշտոնական դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբին՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը: 2026 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ներկայացված դիմումը պահանջում է չեղյալ հայտարարել այդ անձանց նկատմամբ կայացված դատավճիռները՝ պնդելով, որ դրանք միջազգային իրավունքի կոպտագույն խախտումների հետևանք են և ունեն կամայական բնույթ: «Պատանդները՝ Դավիթ Բաբայանը, Մադաթ Բաբայանը, Լևոն Բալայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Իշխանյանը և Լևոն Մնացականյանը, Հայաստանի քաղաքացիներ են, որոնք գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումից անմիջապես հետո: Նրանց թվում են Արցախի նախկին քաղաքական առաջնորդներ, զինծառայողներ և մեկ քաղաքացիական անձ: Նրանցից երեքը՝ Դավիթ Իշխանյանը (Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ), Դավիթ Բաբայանը (արտաքին գործերի նախկին նախարար) և Լևոն Մնացականյանը (Պաշտպանության նախկին նախարար և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար), 2026 թվականի փետրվարի 5-ին Բաքվի զինվորական դատարանի կողմից դատապարտվել են ցմահ ազատազրկման: Մնացած չորսը ստացել են 15-ից 19 տարվա ազատազրկում: Այսօրվա դրությամբ այս անձինք Բաքվի բանտում են գտնվում արդեն 934-ից 948 օր»,- նշվում է դիմումում։ Բացի այդ, նշվել է, որ թեև դիմումի այս փուլի համար ընտրվել են 19 պատանդներից յոթը, սակայն բոլոր հայ գերիները համապատասխանում են կամայական ազատազրկման չափանիշներին և Աշխատանքային խմբի եզրակացությունը վերաբերելի կլինի բոլոր պատանդների համար: Դիմումը պահանջում է ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբից. տալ պաշտոնական եզրակացություն, որով պատանդներին ազատությունից զրկելը կճանաչվի կամայական, կոչ անել նրանց անհապաղ ազատ արձակել և պահանջել փոխհատուցում ազատությունից տևական ու անօրինական զրկելու պատճառած վնասի համար, պահանջել հնարավորություն Աշխատանքային խմբի ներկայացուցիչների համար՝ այցելելու Բաքվի բանտում գտնվող հայ պատանդներին մինչև նրանց ազատ արձակումը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփինե Նավասարդյան
Արփինե Նավասարդյան