Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 27-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից Արթուր Ավանեսյանին, որը հայտնի է Կանդազ մականվամբ: Տեղեկությունը հաստատել է նաև գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը, սակայն նա ևս որևէ կերպ չի մանրամասնել, թե ինչ կասկածանքով է ձերբակալվել իր թիմակիցը: Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու համար այսօր ձերբակալվել է 4 անձ, որոնց թվում է նաև Արթուր Ավանեսյանը։ ««Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք։ Այդ խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից»,– ասված է հաղորդագրության մեջ։ Կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, և հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, որոնք ձերբակալվել են։ Այսօր ավելի վաղ իրավապահները հայտնել էին «Ուժեղ Հայաստանին» առնչվող ևս մեկ քրեական գործի մասին: Չորս անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ ապրիլի 11-ի հանրահավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար: Չորս անձանցից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, մյուս երկուսի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը, իսկ անչափահասի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը:
Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը այսօր առավոտյան հրատապ մամուլի ասուլիս էր հրավիրել։ Հակոբյանը, ով ներկայումս «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն է, հայտնեց, որ իր փաստաբանական թիմին հանձնարարել է ուսումնասիրել Դանիել Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ» դաշինքի նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակով հաղորդում ներկայացնելու հնարավորությունը։ Աննա Հակոբյանը նշեց, որ Իոանիսյանն ու նրան պատկանող դաշինքն արատավորել են «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավը ու վնաս հացրել հեղինակությանը։ Ըստ նրա՝ իր կերպարն ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ, ինչը «սահմանադրական իրավունքի խախտում է»։ Լրագրողներից մեկը նշեց` դուք ապրում եք Նիկոլ Փաշինյանի հետ, ասոցացվում եք ՔՊ–ի հետ, և հարցրեց` եթե մարդիկ ձեզանից բարեգործություն ստանան, ի՞նչ են մտածելու` դա ո՞ւմ համար է արվում` «Ուժեղ Հայաստանի», թե՞ ում։ «Դուք դրանով խախտում եք իմ սահմանադրական իրավունքը։ Չի կարելի դիմացի մարդու քաղաքական կողմնորոշումը, ընտրելու ձևը հանրային քննարկման դարձնել` անկախ նրանից` ով է այդ մարդը։ Գնացեք, ժողովրդին հարցրեք՝ ասոցացվո՞ւմ եմ, թե՞ ոչ»,– պատասխանեց Փաշինյանի կողակիցը։ Ինչ վերաբերում է «Կրթվելը նորաձև է» շարժմանը, որին աջակցում է «Իմ քայլը» հիմնադրամը, Աննա Հակոբյանի պնդմամբ, այն երբեք չի ֆինանսավորվել կառավարության կողմից, իսկ Նիկոլ Փաշինյանը պարզապես մասնակցել է այդ հավաքներին որպես բանախոս և միայն տվյալ հավաքներն են ֆինանսավորվել Կառավարության կողմից։
«Ականատես» դիտորդական առաքելությունը տեղեկություններ է ստացել Բագրատաշենի մաքսատան ղեկավարության կողմից իրականացվող ոչ ֆորմալ հանդիպումների և քաղաքական ուղղորդումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են վարչական ռեսուրսի չարաշահման, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու հատկանիշներ։ «Ըստ առաքելությանը փոխանցված հաղորդման՝ վերջին օրերին Բագրատաշենի մաքսատան տնօրենը (պետ) հանդիպումների շարք է նախաձեռնել Տավուշի և Լոռու մարզերի սահմանակից բնակավայրերի վարչական ղեկավարների, ինչպես նաև գործարարների հետ։ Ահազանգի համաձայն՝ այդ հանդիպումները անցկացվում են ինչպես ծառայողական տարածքում (մաքսատանը), այնպես էլ մասնավոր օբյեկտներում՝ ուղեկցվելով հյուրասիրություններով։ Առանձնահատուկ մտահոգության տեղիք է տալիս հանդիպումների բովանդակությունը։ Ըստ ստացված տեղեկությունների՝ մասնակիցներին տրվում են խոստումներ առ այն, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և վարչապետի վերընտրվելն ապահովելու պարագայում, նրանց նկատմամբ կցուցաբերվի արտոնյալ՝ բարենպաստ վերաբերմունք»,- ասվում է հաղորագրության մեջ։ «Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացրել է հաղորդում իրավասու մարմիններին՝ պահանջելով նախաձեռնել քրեական վարույթ և պարզել դեպքի հանգամանքներն ու պատշաճ գնահատական տալ ենթադրյալ հանցավոր արարք(ներ)ը կատարած անձի/անձանց գործողություններին։ Դաշինքից հիշեցրել են, որ ընտրական գործընթացների ժամանակ պետական պաշտոնյաների կողմից հովանավորչության խոստումները կամ ծառայողական կախվածության օգտագործումը քաղաքական նպատակներով կարող են հանգեցնել ինչպե՛ս կարգապահական, այնպե՛ս էլ քրեական պատասխանատվության։
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփինե Նավասարդյան
Արփինե Նավասարդյան