Երևաց` ով է խոսքի ազատության պաշտպանը, ով՝ թշնամին․ Դանիել Իոաննիսյանին դատի են տալու
copy image url

Երևաց` ով է խոսքի ազատության պաշտպանը, ով՝ թշնամին․ Դանիել Իոաննիսյանին դատի են տալու

Ներքին 1 տարի առաջ - 18:16 31-07-2023
«Ի պատասխան Դանիել Իոաննիսյանի հայտարարությանը՝ հիմա դատական հայց է նախապատրաստվում, այս պահին լրագրողներն ու փաստաբաններն աշխատում են այդ հայցի վրա կարծում եմ, որ մի քանի օրից հայցը պատրաստ կլինի»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

«Հույս ունեմ, որ հայցը գրագետ է գրվելու, և մենք ցույց ենք տալու, որ ինքը զրպարտիչ է, վիրավորում է, խաղում է ամբողջ լրատվական դաշտի հեղինակության հետ, խաղում է մեր բարի համբավի հետ։ Ստացվում է, բավական է, որ բավական է՝ լրագրողներն իրենց անհամաձայնություն արտահայտեն լրագրողական կազմակերպությունների դիտարկումներին, ու շուրջ 100 լրագրող դառնում է պատվերով նյութեր գրող, և դա ասում են մարդիկ, ովքեր տասնյակ տարիներով անհասկանալի ծագման գումարներ են ստացել տարբեր գրանտային ծրագրերով, իբրև խոսքի ազատությանն են նպաստել, բայց փաստացի այսօր հենց նրանք են խոսքի ազատության դեմ պայքարում և իշխանություններին ծառայություններ մատուցում»։

Նա նաև հիշեցրեց, որ այս ամենը սկսվել էր Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի արձագանքներից։

«Մի քանի տհաճ հարց է հնչել Նիկոլ Փաշինյանի հասցեին, և հասարակական կազմակերպությունները խառնվել են իրար։ Իրականում սա շատ լավ լյուստրացիա էր, ու ակնհայտ երևաց, թե ով է իրական խոսքի ազատության պաշտպանը, ով՝ խոսքի ազատության թշնամին»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի ու «Aravot.am»-ի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ կազմակերպված արշավն ու տեռորը «լրագրողական ոլորտի մի խումբ հասարակական կազմակերպությունների» կարծիքով հետևանքն է ոչ թե իշխանությունների կողմից մամուլին ճնշելու և ազատ խոսքը լռեցնելու ակնհայտ նկրտումների, այլ Անի Գևորգյանի ու Հռիփսիմե Ջեբեջյանի «վատ պահվածքի»։

Ի պատասխան այս հայտարարությունների՝ շուրջ 100 լրագրողներ հանդես էին եկել հայտարարությամբ, որով հայտնում էին, որ նշված ՀԿ-ները չեն ներկայացնում մեր տեսակետներն ու շահերը և լիազորված չեն մեր անունից հայտարարություններ անել, օրենսդրական փոփոխություններին և ալ նախաձեռնությունների մասնակցություն ունենալ։

Այս հայտարարությանն արձագանքել էր «Իրազեկ քաղաքացիների միավերում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ու մասնավորապես նշել, որ կարդացել է այդ մարդկանց ցուցակը ու «չտեսա գոնե մեկին, ում մասին կարողանայի հանգիստ խղճով ասել, որ «սա մարդ է, ով իր պարտքն է համարում բարեխղճորեն իրականության հաղորդումը»։ Համարյա բոլորը փողով գրողներ, հանրությանը լավ հայտնի կեղծ լուրեր տարածողներ և անգամ պաշտոն խնդրած-չստացած-նեղացածներ... Սրանք եթե բոլորով միասին հայկական մեդիա դաշտից դուրս գան, դրանից մեր հանրությունը միայն կշահի»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի