Ես ինձնից բացի երկրորդ ուրիշ մարդ չգիտեմ, ով Հայոց ցեղասպանությունը, որ 111 տարի առաջ է տեղի ունեցել, Արցախի էթնիկ զտումը, որ 2023-ին է տեղի ունեցել, և դրանից հետո միջանցքի հարցը պատճառահետևանքային կապով իրար հետ կապում է։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա, մասնավորապես, նշել է. ««Մի հետաքրքիր բան է տեղի ունեցել, երկու օր առաջ Նյու Յորքի նորըտիր քաղաքապետ Մամդանին հայտարարությամբ է հանդես եկել, Twitter-ում գրել է, որ 111 տարի առաջ հայերին ցեղասպանության են ենթարկել և Թուրքիան չի ընդունում, պետք է ընդունի դա։ հետո ասում է, որ 2020 թվականին Ադրբեջանի ռազմական ուժերը Թուրքիայի ռազմական ուժերի հետ միասին հարձակվել են Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության վրա և էթնիկ զտման ենթարկել շուրջ 100000 մարդու, որը 100 տարի առաջվա ցեղասպանական քաղաքականության շարունակությունն է։ Նաև ասում է՝ այսօրը, որ մենք հիշում ենք 111 տարի առաջ Հայոց ցեղասպանության զոհերին, նաև պետք է հիշենք նրանց ինքնորոշման իրավունքը, նրանց անվտանգության, այսինքն Արցախի հիմնախնդրի մասին է խոսում Նյու Յորքի քաղաքապետը:
Արդեն երեկ Ադրբեջանի ԱԳՆ–ն շատ արագ, ակտիվորեն արձագանքել է, դատապարտել են Նյու Յորքի քաղաքապետին և ասել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարելի կապել Հայոց ցեղասպանության խնդրի հետ, և քննադատել է, որ մենք հակաահաբեկչական միջոցառումներ ենք իրականացրել 23 թվականին։ Այսինքն 23 թվականին հակաահաբեկչական պրոցեսների արդյունքում է Արցախի բնակչությունը էթնիկ զտման ենթարկվել։ Թե ինչու են այսօր եկեղեցի քանդում, այդ մասին խոսակցություն չկա, բայց սա շատ կարևոր նշանային իրադարձություն է։
Ես անդադար լոբբինգ եմ արել, որ ցեղասպանությունը, Լեռնային Ղարաբաղի խնդիրը և միջանցքը իրար հետ կապված են։ 111 տարի առաջ որոշել են, որ հայերը չպետք է ինչ-որ կոնկրետ տեղ ապրեն իրենց հայրենիքում և կոտորել են, որ չապրեն, որից հետո 100 տարի անց հայ ժողովրդին էթնիկ զտման են ենթարկել Արցախից, որովհետև որոշել են, որ այնտեղ չպետք է հայերը ապրեն, հիմա իրենց եկեղեցիներն են քանդում, ջարդում և միևնույն ժամանակ պահանջում են, որ միջանցք լինի։
Ի՞նչ է սա նշանակում, ասում են այստեղ չպետք է ապրեք, կոտորում են, այստեղ չպետք է ապրեք, էթնիկ զտման են ենթարկում, հետո ասում են՝ մենք պետք է գնանք, գանք, միջանցք պետք է լինի, դուք այդտեղ չպետք է լինեք, մենք ձեզ այդտեղ չպետք է հանդիպենք։
Սիրելի հայրենակիցներ, պատասխանատու կերպով ասում եմ, որ Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որ այս երեք խնդիրները կարողանում է իրար կապել և միջազգային հանրությանը բացատրել։ Դա միայն ես եմ արել, մենք ենք արել և դրա համար հունիսի 7–ին գնացեք ընտրական տեղամասեր և ձեր ձայնը տվեք «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որ պառլամենտում Հայաստանի շահերը պաշտպանված լինեն, որ միջազգային հարթակներում Հայաստանի շահերը պաշտպանված լինեն»։