Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 15:25 25-04-2026

ՄԻՊ-ը պարտավոր է պաշտպանել ՀՀ քաղաքացիներին նաև երկրի սահմաններից դուրս. Լարիսա Ալավերդյան

«ՄԻՊ-ը ոչ թե կարող է, այլ պարտավոր է պաշտպանել Հայաստանի քաղաքացիների իրավունքները նաև երկրի սահմաններից դուրս»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով գործող ՄԻՊ Անահիտ Մանասյանի այն հայտարարությանը, թե իր լիազորությունները տարածվում են կոնկրետ պետության տարածքում։

Ալավերդյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 47-րդ հոդվածի 8-րդ կետը հստակ սահմանում է, որ Հայաստանի քաղաքացիները գտնվում են պետության պաշտպանության ներքո նաև այն դեպքում, երբ գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս։

Նրա խոսքով՝ Սահմանադրության 191-րդ հոդվածով Մարդու իրավունքների պաշտպանը համարվում է Հայաստանի պաշտոնատար անձ, հետևաբար այդ դրույթները վերաբերում են նաև ՄԻՊ ինստիտուտին։

«Ես երկու օր առաջ ավելի մեղմ ձևակերպմամբ ասել էի, որ հնարավոր է՝ տեղյակ չէ կամ նման դեպքի չի հանդիպել։ Բայց հիմա արդեն պետք է հստակ ասեմ՝ տվյալ դեպքում Մարդու իրավունքների պաշտպանը իր անգործությամբ ոտնահարում է Հայաստանի քաղաքացիների իրավունքները»,- նշեց Ալավերդյանը։

Նախկին ՄԻՊ-ը հիշեցրեց նաև սեփական փորձը՝ նշելով, որ իր պաշտոնավարման տարիներին նման նախադեպ եղել է Գուրգեն Մարգարյանի սպանության գործով։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ Հայաստանի ՄԻՊ գրասենյակը ներգրավվել է գործընթացում, ներկայացուցիչ է ուղարկել դատական նիստերին և միջազգային համագործակցության մեխանիզմներ կիրառել։

«Մենք համագործակցել ենք ինչպես Վրաստանի, այնպես էլ Ռուսաստանի օմբուդսմենների հետ։ Գոյություն ունի նաև Մարդու իրավունքների պաշտպանների եվրոպական ինստիտուտ, որի անդամ է նաև Հայաստանը։ Մարդու իրավունքների պաշտպանությունը լայն միջազգային համագործակցության ոլորտ է»,- ասաց նա։

Ալավերդյանի գնահատմամբ՝ գործող ՄԻՊ-ի այս դիրքորոշումը չի բխում ոչ իրավական, ոչ էլ պետական շահերից։

«Այստեղ խոսքը բարոյականի մասին չէ միայն։ Խոսքը իրավական պարտականության մասին է։ Այս դեպքում ՄԻՊ-ը ոչ թե կարող է, այլ պարտավոր է գործել»,- ընդգծեց նա։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
21:12 Արարատի համայնքապետը սպառնում է դատի տալ «Ուժեղ Հայաստան»-ի անդամին՝ Տիգրանաշենի խաղահրապարակի պատճառով
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ