Ներքին 4 ամիս առաջ - 21:06 24-04-2026

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին

Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ Երևանում գումարված միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին, այդ թվում՝ Ֆրանսիայի փաստաբանական միությունների ղեկավարներին՝ գլխավորությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի:

Հանդիպմանը տիար Բաբայանը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, տեղեկացրեց, որ համաժողովի շրջանակներում նրանք նախ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին, ապա ժամանել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ստանալու Հայոց Հայրապետի օրհնությունը, ինչպես նաև ծանոթանալու Հայոց Եկեղեցու առաքելությանն ու ազգային-հասարակական կյանքում ունեցած դերակատարությանը։

Իր հերթին ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր տիար Արա Զոհրաբյանը, երախտագիտություն հայտնելով ընդունելության համար, Ամենայն Հայոց Հայրապետին փոխանցեց իրավաբանական հանրության զորակցությունը՝ Եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերների դիմագրավման ճանապարհին։

Ողջունելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրագործված մեծագույն ոճրագործությանը և արձանագրեց, որ պատմական արդարության հանդեպ լռությունն ու ոչ համարժեք դատապարտումը ծնում են նորանոր ողբերգություններ։ Այս առնչությամբ Նորին Սրբությունն իր գնահատանքը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև ցեղասպանությունը վերապրած ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար։

Իր խոսքում Նորին Սրբությունը կարևորեց նաև նմանօրինակ միջազգային համաժողովների անցկացումը՝ ընդգծելով իրավապաշտպան հանրության անփոխարինելի դերը ճշմարտության, արդարության և իրավունքի գերակայության հաստատման գործում։

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր բարձր գնահատանքը հայտնեց փաստաբաններին՝ արդյունավոր ընթացք մաղթելով համաժողովի աշխատանքներին և արգասաբեր գործունեություն՝ իրենց մասնագիտական առաքելության մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում