Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 23-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանը ջանքեր է գործադրում իր նախկին կողակցին՝ Աննա Հակոբյանին վերադարձնելու համար։ Նա այս մասին ասել է այսօր՝ Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Աննա Հակոբյանը հայտարարում է, որ հեռանում է կառավարական առանձնատնից, բայց վերջին օրերին շրջում է Փաշինյանի հետ, արդյոք այդ ամենը թատրոն չէ՞ր հասարակության համար։ «Ինչ վերաբերվում է մեր ընտանիքի հետ կապված իրադրությանը, ապա իրական կյանքը շատ ավելի բարդ է, քան թատրոնը, եթե մինչև հիմա չեք համոզվել դրանում, ձեր հետագա կյանքում անպայման կհամոզվեք։ Երբ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ ես հաշտ եմ այդ որոշման հետ, և ես, բնականաբար, այդ տրամաբանությամբ նաև ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա, և ուրախ եմ, որ դա տեղի է ունենում, և ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»,–ասաց Փաշինյանը։ Հիշեցնենք` Աննա Հակոբյանը փետրվարի 27–ին հայտարարել էր, որ լքել է կառավարական առանձնատունը և տեղափոխվել վարձակալած բնակարան։ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ նախկին կողակցի որոշմանը վերաբերվում է հարգանքով։ Կիրակի օրը մինչդեռ Աննա Հակոբյանն Գյումրիում ուղեկցում էր Նիկոլ Փաշինյանին. այս փաստը տարաբնույթ քննարկումների առիթ դարձավ հատկապես սոցցանցերում։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ հայտարարել է, որ իր կյանքի ամենաճիշտ և դժվար որոշումը «իր իսկ խոստումը դրժելն» ու 2018 թվականին վարչապետի պաշտոնում առաջադրվելն էր։ Սարգսյանի խոսքով` 2018-ի գարնանը, երբ ինքն ու իր թիմը հեռացան, դա արեցին՝ կատարելով ժողովրդի կամքը։ «Ցավոք, դա նաև իմ ամենամեծ սխալն էր, որովհետև չստացվեց բացատրել մեր ժողովրդին, որ իմ առաջադրման նպատակը բնավ իշխանությունը պահելը չէր, այլ Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությունն ապահովելն էր։ Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ, ես չպետք է առաջադրվեի։ Իսկ ես սխալվեցի՝ կարծելով, թե կարողանալու ենք մեր ժողովրդին բացատրել, որ բանակցային բարդ իրավիճակում իմ հեռանալը հանգեցնելու է աղետի։ Ինձ համար ակնհայտ էր, որ բանակցային այդ փուլում բանակցողի փոփոխությունը, բանակցությունների պատմության զրոյացումը ողբերգական հետևանք է ունենալու. մի բան, որը տեղի ունեցավ»,–նշել է ՀՀ երրորդ նախագահը։ Նա ընդգծել է, որ այս ամենը տեղի ունեցավ ոչ թե որ ինքն ամենալավ բանակցողն էր, այլ որ խորությամբ ճանաչում էր բանակցություններին մասնակցող բոլոր կողմերին, ուներ ինստիտուցիոնալ հիշողություն ու գիտեր Ղարաբաղի ու հաղթանակի արժեքը՝ որպես այդ հաղթանակը կերտած, այնուհետև այն պահած թիմի անդամ։ «Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին։ 2018թ. վարչապետ առաջադրվելու արդյունքում ես կորցրեցի շատ բան՝ հասկացված չլինելուց մինչև դրա հետևանքով իմ ժողովրդի կողմից մերժում, բայց տարիների հեռավորությունից կարող եմ վստաh ասել՝ նորից կանցնեի այդ քավարանի միջով, որովհետև ես վստահ էի, որ այդպես կկանխենք որևէ աղետ: Ես չկարողացա ժողովրդին բացատրել, որովհետև ժողովուրդը չէր ցանկանում լսել։ Ես «սխալ» էի՝ լինելով ճիշտ»,– նշել է Սարգսյանը։ Նրա խոսքով` 2018 թվականին ինքն առաջադրվել է, որպեսզի երաշխավորի Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, որպեսզի սահմաններին չլինի արյունահեղություն, ապա հրաժարական է տվել, որպեսզի սահմանների ներսում թույլ չտա արյունահեղություն։ Սարգսյանը բացատրել է նաև, թե ինչու է ՀՀԿ-ն որոշել չմասնակցել հունիսի 7-ի ընտրություններին։ Նա նշել է, որ ենթարկվում է հանրության այն հատվածի պահանջին, ըստ որի Փաշինյանը պահպանում է իշխանությունը, քանի դեռ պայքարի առաջին շարքերում «նախկիններին են»։ Սարգսյանը համոզված է, որ այս իրավիճակում ընդդիմության հաղթանակն ապահովելու համար անհրաժեշտ է խոշոր միավորում, որպեսզի կանխվի ձայների փոշիացումը, ինչը ծառայելու է այսօրվա վարչախմբի շահերին։
Դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց Տավուշի թեմի նախկին առաջնորդ, «Սրբազան պայքար» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը: Դատավորը, լսելով պաշտպանական ու մեղադրող կողմերին, հայտարարեց, որ վարույթին խոչընդոտելու, հանցանք կատարելու ռիսկերը այս պահին չեն վերացել, և այլընտրանքային խափանման միջոցներն «ի զորու չեն ապահովելու Տավուշի թեմի նախկին առաջնորդի պատշաճ օրինական վարքագիծը»: Դատավորի այս հայտարարությունից հետո ահաբեկչության ու իշխանության զավթման փորձի համար մեղադրվող Բագրատ Սրբազանն իր կալանքի երկաձգմանը չանդրադարձավ, միայն դժգոհեց, որ մեղադրողները իրեն շարունակում են աշխարհիկ անունով դիմել՝ դա համարելով վիրավորանք: Դատախազն արձագանքեց, թե սա աշխարհիկ դատավարություն է, և որևէ մեկին վիրավորելու նպատակ չունեն: Գալստանյանը չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքը: Այս պահին այս գործով 18 մեղադրյալներից կալանավայրում են միայն Բագրատ սրբազանն ու Վահագն Չախալյանը։ Պատգամավոր Արթուր Սարգսյանն ու ևս 4 հոգի տնային կալանքի տակ են, մյուսներն ազատության մեջ են։ Բագրատ Սրբազանի կալանքը երկարաձգվել էր փետրվարին: Այդ ժամանակ Բագրատ Սրբազանի պաշպան Հովհաննես Խուդոյանը Oragir.News-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Սրբազանը դեմ է, որ իր նկատմամբ տնային կալանք կիրառվի, որը կարող է սահմանափակել իր խոսքի ազատությունը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփինե Նավասարդյան
Արփինե Նավասարդյան