Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 22-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր արձագանքել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ նախօրեին իրեն ուղղված նամակին: Վարդանյանը Բաքվի բանտից նախօրեին դիմել էր Մանասյանին՝ խնդրելով դիտարկել Ադրբեջան այցելելու հնարավորությունը, հարցրել, թե ինչո՞ւ հայ կալանավորների հարցը պաշտոնական Երևանի օրակարգում չէ։ Անահիտ Մանասյանը պարզաբանել է, որ իր լիազորությունները տարածվում են բացառապես ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները արձանագրելու գործընթացների վրա՝ անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից։ «Ավելին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն և այդ այցերի ընթացքում իր բոլոր գործիքները կիրառելու անարգել հնարավորություն ունի բացառապես ՀՀ-ում»,- ասված է Մանասյանի հայտարարությունում։ Անահիտ Մանասյանն անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի այն պնդմանը, որ Ադրբեջանի օմբուցմենը պատրաստակամություն է հայտնել նպաստելու իր՝ Բաքու այցելությանը՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ ՄԻՊ հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ քննարկվող հարցով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։ «Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ կոնկրետ պետության տարածքում իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր հարց ընդգրկված է տվյալ պետության օմբուդսմանական / մարդու իրավունքների ազգային հաստատության մանդատի շրջանակներում, հանդիսանում է տվյալ պետության օմբուդսմանի գործառույթը և որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել այլ պետության ՄԻՊ հաստատության հետ ունեցած հաղորդակցության հանգամանքով»,- նշվում է ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունում: Մանասյանը վերահաստատել է իր այն դիրքորոշումը, որ «Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն»։
Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն այսօր՝ ապրիլի 22-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։ Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում են կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, փաստաբան Արամ Վարդևանյանն ու սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ Ընդհանուր առմամբ ցուցակում ընդգրկված է 200 անուն։ Այս պահի դրությամբ ընտրություններին մասնակցելու հայտ են «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստանը» և «Շնորհապետական» կուսակցությունները։ Կուսակցությունների և դաշինքների կողմից ԿԸՀ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը լրանում է վաղը՝ ապրիլի 23-ին՝ ժամը 18:00-ին:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դելֆիում հանդիպել է Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ: Այս մասին հայտնում են ԱԽՔ գրասենյակից: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդգրկող հարցեր՝ նախանշելով հետագա համագործակցության հնարավոր ուղիները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին: Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզը վերակառուցվել է: Այս մասին ֆեյսբուքում հայտնել է Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: Տեսանյութում երևում է, որ Ուշիի նորակառույց մանկապարտեզի տնօրենը Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է նախ խոհանոց և սննդային պահեստ, ապա նաև բուժկետ, դահլիճ, լվացատուն։ Փաշինյանը յուրաքնչյուր աշխատակցի հարցնում էր, թե նախկինում որտեղ են աշխատել և, նրանց մի մասից լսելով պատասխան, որ չեն աշխատել, գոհուակությամբ նկատեց, որ նորակառույց մանկապարտեզում աշխատատեղեր են բացվել։ Մտնելով սանհանգույցներից մեկը, վարչապետը նկատեց, որ մի անկյունում ավելներ և ախտահանման պարագաներ են դրված. «Տիկին տնօրեն, էս պետք չէ այստեղ պահել, պահեստային մաս ունեք, թող այնտեղ պահեն»,-ասաց նա։ Փաշինյանն այցելել է նաև Երնջատափ բնակավայրի Եղիշե Չարենցի անվան դպրոց, որտեղից տնական արաղի հոտ է առել․ «Վա՜յ, էս ինչ լավ քաշած, տնական արաղի հոտ ա գալիս»,- աաց նա։ Դպրոցի տնօրենն ասաց, թե ախտահանել են սենյակը։ «Հասկանալի է, բայց ինչի՞ եք տնական արաղով ախտահանել, ափսոս չէ՞ր»,-արձագանքեց Փաշինյանը։ Նա երեխաներից հետաքրքրվեց, թե արդյոք իրենց դուր է գալիս նորոգված դպրոցը և խոստացավ ֆիզկուլտուրայի դահլիճ էլ կառուցել։
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփինե Նավասարդյան
Արփինե Նավասարդյան