Ներքին 6 ամիս առաջ - 18:30 21-04-2026

Ալեն Սիմոնյանը շանտաժով ուզում է վախեցնել Թուրքիային, բայց դա չի աշխատի. քաղտեխնոլոգ

«Ադրբեջանը չի կարող խոչընդոտել հայ-թուրքական հարաբերություններին, որովհետև ինքն ինքնուրույն սուբյեկտ չէ՝ նա Թուրքիայի շարունակությունն է Հարավային Կովկասում»,- Oragir.News-ի հետ զրույցում այսպես ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

Բադալյանը կտրուկ հերքեց այդ ձևակերպումը՝ նշելով, որ իրականում գործընթացի առանցքային դերակատարը Թուրքիան է, իսկ Ադրբեջանը գործում է նրա քաղաքական տրամաբանության և ուղղորդման շրջանակում։

«Մարդիկ սխալ կորդինատային համակարգ են ձևավորում և դրանից սխալ եզրակացություններ անում։ Ադրբեջանը չի կարող խոչընդոտել մի գործընթացի, որի ռազմավարական որոշումները կայացվում են Անկարայում»,- ընդգծում է նա։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ Թուրքիան այս պահին շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների շոշափելի առաջընթացով, քանի դեռ ամբողջությամբ չի լուծվել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների հարցը։

«Թուրքիան հստակ դիրքորոշում ունի՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները չկարգավորվեն, սահմանը չի բացվի։ Սա քաղաքական նախապայման է, որը չի փոխվել»,- ասում է Բադալյանը։

Բադալյանի գնահատմամբ՝ ներկայումս առկա չէ իրական խաղաղություն, այլ ընդամենը փխրուն հրադադար։ Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ Բադալյանը այն կապեց ներքաղաքական օրակարգի հետ։ Նրա խոսքով՝ իշխող ուժը նախընտրական շրջանում փորձում է իր ռազմավարության առանցքում դնել «խաղաղության օրակարգը», որի կարևոր բաղադրիչներից մեկը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է։ Սակայն, քանի որ այդ ուղղությամբ արդյունքներ չկան, իշխանությունը փորձում է մեղավորներ մատնանշել։

«Երբ արդյունք չկա, սկսում են արտաքին պատճառներ բերել՝ ցույց տալու համար, թե խնդիրն իրենց մեջ չէ։ Բայց սա իրականությանը չի համապատասխանում»,- ասում է քաղտեխնոլոգը։

Նրա դիտարկմամբ՝ այսպիսի հրապարակային հայտարարություններով փորձ է արվում նաև որոշակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա։ «Սա, ըստ էության, հրապարակային շանտաժի փորձ է, բայց պետք է հասկանալ, որ Թուրքիայի հետ շանտաժով խոսելը չի աշխատում։ Հայաստանը այն դիրքում չէ, որ նման մեթոդներ կիրառի և արդյունք ստանա»,- ընդգծեց նա։

Ամփոփելով՝ քաղտեխնոլոգը եզրակացրեց, որ իրավիճակը կանխատեսելի է և բխում է տարածաշրջանային ուժային հարաբերակցությունից։ Նրա խոսքով՝ առանց հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք կարգավորման և քաղաքական նոր պայմանավորվածությունների՝ հայ-թուրքական ուղղությամբ էական առաջընթաց սպասել չի կարելի, իսկ այսօրինակ հրապարակային հայտարարությունները չեն փոխում այդ իրականությունը։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև