Հրազդանում այսօր բացվեց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման առաջին գրասենյակը, որիը Կոտայքի մարզում առաջինն է։
Նախաձեռնության անդամները
Oragir.News-ի հետ զրույցում ներկայացրել են մարզերում գործունեության ընդլայնման նպատակներն ու առաջնահերթությունները։
«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի խոսքով՝ գրասենյակների բացման հիմնական նպատակը նախաձեռնության գաղափարներն ու աշխատանքը հասանելի դարձնելն է ողջ հանրապետությունում։ ««ՀայաՔվե»-ն տարածվում է Հայաստանում՝ նպատակ ունենալով հասնել մեր բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանից, թե որ համայնքում են նրանք բնակվում։ Սա Կոտայքի մարզում մեր առաջին գրասենյակն է, ինչը մեր տեսանկյունից բացթողում էր՝ հաշվի առնելով մարզի մեծ բնակչությունը և կարևորությունը»,- ասաց նա։
Չալաբյանը նաև ընդգծեց, որ գրասենյակ բացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ համայնքում կա համապատասխան թիմ։
«Մենք գրասենյակ ենք բացում միայն այն ժամանակ, երբ վստահելի թիմ կա, որը կարող է ոչ միայն բացել, այլ նաև կենդանություն տալ այդ տարածքին, դարձնել այն համայնքի համար ակտիվ կենտրոն։ Հիմա արդեն կարող ենք ասել, որ Հրազդանում այդպիսի թիմ ունենք և մեծ սպասելիքներ ունենք նրանցից»,- նշեց նա։
Մենուա Սողոմոնյանն էլ ընդգծեց, որ նախաձեռնությունը գործունեություն է ծավալում ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում՝ փորձելով անմիջական կապ հաստատել քաղաքացիների հետ։
«Մենք գրասենյակներ ենք բացում, որպեսզի մեր գաղափարներն ու արժեքները կարողանանք կազմակերպված ձևով ներկայացնել տարբեր համայնքներում։ Իրականացնում ենք կրթական ծրագրեր, հանդիպումներ, քննարկումներ, փորձում ենք հասկանալ մարդկանց խնդիրները և դրանց հնարավոր լուծումները»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ նախաձեռնության գործունեությունը չի սահմանափակվում ընտրություններով։
«Մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե ընտրություններից առաջ շտաբներ ենք բացում, բայց մենք շտաբներ չենք բացում։ Մեր գրասենյակները նախատեսված են երկարաժամկետ աշխատանքի համար, և հունիսի 7-ից հետո ևս շարունակելու ենք մեր գործունեությունը»,- նշեց Սողոմոնյանը։
Նախաձեռնության անդամ Վահագն Ղազարյանն անդրադարձավ նաև, իրենց պնդմամբ, գրասենյակների բացման ընթացքում առաջացող դժվարություններին։
«Շատ դժվար է լինում գրասենյակ վարձակալել, որովհետև ճնշումներ են գործադրում տարածքների սեփականատերերի վրա։ Երբ տարածքը տրամադրվում է մեզ, սկսում են տարբեր պատճառաբանություններով խնդիրներ ստեղծել՝ կապված դռների, պատուհանների կամ փաստաթղթերի հետ։ Մեծ դժվարությամբ ենք կարողանում գրասենյակներ ձեռք բերել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․
Մերի Հակոբյան