Ապրիլի 4-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքի մերձակայքում մի խումբ անձանց կողմից շնամարտ էր կազմակերպվել, որի կադրերը լայն արձագանք ու հնչեղություն ստացան։ Տեսանյութերում, որոնք լայնորեն տարածվեցին համացանցում, առկա էին մի շարք ակնհայտ իրավախախտումներ՝ կազմակերպված շնամարտ, որը քրեորեն դատապարտելի արարք է, ինչպես նաև բացահայտ խուլիգանական վարքագիծ հանրային վայրում։
Մտահոգիչ էր այն հանգամանքը, որ միջադեպի ընթացքում բռնություն է գործադրվել կնոջ նկատմամբ։ Կադրերում երևում է, որ շնամարտը նկարահանող և դա դադարեցնել փորձող կենդանասեր կնոջը մի քանի անգամ հարվածում է մի տղամարդ, ով այդ ամենի կազմակերպիչներից մեկն էր։ Հատկանշական է, որ միջադեպին ներկա են եղել նաև անչափահասներ, ինչը նրանց վրա լուրջ ազդեցություն կարող է ունենալ՝ խեղաթյուրելով վերջիններիս մոտ նորմալ վարքագծի զարգացումը։ Բացի այդ, սա Հայաստանում, որտեղ առանց այդ էլ վերջին տարիներին յուրօրինակ անպատժելիության մթնոլորտ է ձևավորվում, ստեղծելու է վտանգավոր նախադեպ առ այն, որ բռնությունն ու դաժանությունը դառնում են ընդունելի ու ոչ դատապարտելի։
Առավել խնդրահարույցն այս ամենին «բարեփոխված» իրավապահ համակարգի արձագանքն էր։ Սպիտակի քննչական բաժնի քննիչը և գործով վերահսկող դատախազը, ըստ տուժողների, տեսագրությունների ուսումնասիրությունից հետո չեն արձանագրել որևէ հակաօրինական կամ խուլիգանական արարք։ Այս դիրքորոշումը դժվար է համատեղել տեսանյութում ակնհայտորեն առկա փաստերի հետ։
Այս իրավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու իր ենթակայության տակ գտնվող կառույցները, ցավոք սրտի, իրենց տեղում չեն։
Շատերի կարծիքով սա ոչ թե ենթադրություն է, այլ վաղուց ապացուցված փաստ։ Այն, որ դատական համակարգն ու դատախազությունը կառավարվում են միանձնյա՝ Կառավարական թիվ մեկ շենքից կամ առանձնատնից, դա աքսիոմա է, իսկ Աննա Վարդապետյանը, ով շատերի կարծիքով Փաշինյանի հետ աշխատող եզակի կոմպետենտ պաշտոնյաներից է, կարծես հերթական անգամ ստանձնել է ոչ թե հանրային, այլ կառավարության ղեկավարի անձնական շահերի պաշտպանությունը։
Այս արձանագրումը կատարում ենք, ոչ միայն այն բանի համար, որ Գլխավոր դատախազն անտարբերություն է ցուցաբերում հիշյալ շնամարտի ու կենդանասեր կնոջ հանդեպ գործադրված բռնության նկատմամբ, այլև նրա, որ տիկին Վարդապետյանը «ձեռքերը լվացել է» նաև Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի գործից։ Աննա Վարդապետյանը ոչ միայն չի նպաստում, որ կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունեցող տղայի խափանման միջոցը փոխվի, որի խնդրանքով իրեն դիմել էին տղայի դասընկերները, այլև չի էլ միջնորդում, որ գոնե տղայի մորը թույլ տան հիվանդանոցում տեսակցել ու խնամել որդուն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վարդապետյանը մերժել է կիրառել իր բացառիկ լիազորությունն ու փոխել Դավիթի խափանման միջոցը։
Ավելորդ ենք համարում նաև խոսել այն մասին, որ Վարդապետյանը չդատապարտեց տղային ծաղրող այն ՔՊ-ականների պահվածքը, ովքեր նրա նկատմամբ ատելություն էին գեներացնում ու ծաղրում, որ նա իր վերջին զանգը կնշի քրեակատարողական հիմնարկում։
Այս արձանագրումները ցավով ենք կատարում, քանի որ երբ Գլխավոր դատախազի պաշտոնում կին էր նշանակվում, շատերն ակնկալում էին, որ համակարգի աշխատանքում ինչ-որ դրական տեղաշարժ կլինի, ու վերջապես այս համակարգի առաջնային առաքելություններից մեկը կլինի օրենքի գերակայության ապահովումն ու քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։
Այսպիսով՝ ստացվում է, որ Գլխավոր դատախազի աթոռին հպարտորեն բազմած Աննա Վարդապետյանի թողտվությամբ նույնիսկ ակնհայտ բռնության դեպքերը մնում են առանց իրավական գնահատականի՝ վնասելով կոնկրետ տուժողի իրավունքներն ու խաթարելով հանրային վստահությունը արդեն իսկ վաղուց իր տեղում չգտնվող ու «մեռած» համակարգի նկատմամբ։
Գուցե իրեն Հիսուս Քրիստոսի հետ համեմատող Նիկոլ Փաշինյանը մի օր էլ կարողանա «հարություն» տալ այս կառույցին, և բոլորս միասին կօրհնենք այդ հարությունը։ Ինչպես ասում են՝ հրաշքներ լինում են․․․
Արփինե Նավասարդյան