2026-ի ապրիլի 10-ից 12-ը Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև երկկողմ կլոր սեղան է կազմակերպվելու Ադրբեջանում, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում։
Թե ինչ նյութից է այդ կամուրջը, պարզ չէ՝ գուցե լավատեսությունի՞ց կամ միամտությունի՞ց։
Մի փոքր շեղվելով այդ կամրջից` նկատենք, որ Հայաստանի պատվիրակության կազմում է նաև ԵՊՀ Շարունակական կրթության կենտրոնի տնօրեն, գրող և մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանը՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի դուստրը, ով ժամանակին ակտիվորեն աջակցում էր «խաղաղության դարաշրջանի» ավետաբեր Նիկոլ Փաշինյանին։
Եվ ահա, այստեղ ամենահետաքրքիրը․ ի՞նչ է Ադրբեջանից իր հետ «բերելու» Լուսինե Խառատյանը։
Գուցե նա կվերադառնա նոր «գիտական բացահայտումներով»․ օրինակ, որ պատմությունը հարաբերական է, իսկ հիշողությունը՝ անկարևոր։ Կամ՝ իրականում ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ, և մենք ենք որոշ բաներ սխալ հասկացել։ Հաշվի առնելով, որ նա անմիջական շփում ունի ուսանողների հետ` չի բացառվում նաև, որ նրա Հայաստան վերադառնալուն պես, ԵՊՀ-ում առաջիկայում նոր դասընթաց բացվի՝ «Ինչպես վերանայել կամ մոռանալ սեփական անցյալը մի քանի հեշտ քայլով» խորագրով։
Խառատյանի բանախոսության առաջին թեման, ենթադրաբար, կարող է լինել՝ «Հայերը վատն են», որին կարող է հաջորդել «Ինչպես ճիշտ ընդունել մեղքը՝ նույնիսկ այն դեպքում, երբ մեղավոր չես»։ Ամենակարևոր դասընթացն էլ կարող է լինել՝ «Համատեղ հիշողություն կառուցելու արվեստ․ մոռացիր քոնը, ընդունիր թշնամունը»։
ԵՊՀ-ն, ամենայն հավանականությամբ, այս ամենը կներկայացնի որպես առաջադեմ մտածողություն, միջազգային համագործակցություն և ակադեմիական ազատություն։ Քանի որ, եթե համալսարանը չէ, ապա ո՞վ պիտի ուսանողներին ցույց տա «խաղաղության» ճանապարհը։
Ի վերջո, մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ խաղաղության մասին խոսելը լավ է, բայց երբ խաղաղությունը սկսում է հիշողության ջնջման հաշվին կառուցվել, արդեն հարցեր են առաջանում։ Իսկ երբ մարդու իրավունքների հարցերը բարձրաձայնողներին անվանում են «սադրիչներ», «պատերազմ հրահրողներ և ցանկացողներ», իրավիճակը դառնում է ոչ միայն տխուր, այլև զավեշտալի։
Մեզ մնում է միայն սպասել Լուսինե Խառատյանի վերադարձին։ Տեսնենք՝ ի՞նչ նոր գիտելիքներ, բանաձևեր, նարատիվներ նա կբերի Ադրբեջանից՝ փաթեթավորված խաղաղության մասին հույսերով և ի՞նչ կփոխանցի ԵՊՀ ուսանողներին։
Նշենք, որ
Oragir.News-ը մեկնաբանություն ստանալու համար փորձեց կապ հաստատել ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
Հավելենք նաև, որ այսօր` ապրիլի 10-ին, լրանում է Մարաղայի ջարդերի 34-րդ տարելիցը։ «Զարմանալիորեն» Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները հենց այս օրն են Ադրբեջան մեկնել ու այս երկրի հետ խաղաղության կամուրջ կառուցել...Արփինե Նավասարդյան
Արփինե Նավասարդյան