Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 19:39 10-04-2026

Արևմո՞ւտք, թե՞ ՌԴ. կընտրենք, երբ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանանք. քաղաքագետ

Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ ուղղությունները համատեղելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը շարունակում է քննարկումների առիթ դառնալ։ Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ՝ հասկանալու, թե ե՞րբ կարող է գալ այն պահը, երբ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել։

Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանի նշած այդ պահը կարող է վրա հասնել այն ժամանակ, երբ Հայաստանը պաշտոնապես դառնա Եվրամիության անդամակցության թեկնածու։

Նշենք, որ Փաշինյանը ընդգծել էր՝ «Քանի դեռ կա հնարավորություն մեկտեղել ԵՄ ու ԵԱՏՄ ուղղությունները, մենք կհամատեղենք, երբ որ կգա մի պահ, երբ այլևս համատեղելի չի լինի, մենք ժողովրդի հետ միասին կորոշենք»։

«Իմ կարծիքով՝ դա կարող է լինել այն ժամանակ, երբ Հայաստանը պաշտոնապես դառնա Եվրամիության անդամակցության թեկնածու։ Մինչ այդ Հայաստանը միայն հայտարարություններով է ցանկություն հայտնել միանալու Եվրամիությանը, բայց հենց որ ներկայացնի պաշտոնական հայտ և ստանա թեկնածուի կարգավիճակ, այդ պահից արդեն պետք է վերանայվեն հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ»,- նշեց նա։

Միաժամանակ Վարդանյանը շեշտեց, որ թեկնածու դառնալը դեռևս չի նշանակում անդամակցություն, քանի որ գործընթացը երկարատև է և բարդ։

«Պետք է հասկանալ, որ թեկնածու դառնալը չի նշանակում անդամ դառնալ։ Դա երկար տարիների գործընթաց է՝ օրենսդրական, տնտեսական և քաղաքական բարեփոխումներով։ Երկիրը պետք է համապատասխանի «կոպենհագենյան չափանիշներին», և միայն այդ դեպքում կարող է խոսք լինել անդամակցության մասին»,- ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ անգամ թեկնածուի կարգավիճակը կարող է դառնալ այն սահմանագիծը, որից հետո Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը կդառնա դժվար համատեղելի։

Անդրադառնալով հնարավոր քաղաքական զարգացումներին՝ Վարդանյանը նշեց, որ նույնիսկ ներքաղաքական փոփոխությունները չեն խոչընդոտի արտաքին հանդիպումների կայացմանը։

«Եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չընտրվի վարչապետ, միևնույն է, մինչև նոր կառավարության ձևավորումը նա շարունակելու է ղեկավարել երկիրը։ Այսինքն՝ հունիսին նախատեսվող հանդիպումների համար որևէ խոչընդոտ չկա»,- ընդգծեց նա։

Քաղաքագետը նաև հիշեցրեց այլ երկրների փորձը՝ ընդգծելով, որ Եվրամիության ճանապարհը կարող է տևել տասնամյակներ։

«Թուրքիան դեռ 1989 թվականից է փորձում անդամակցել Եվրամիությանը, Ուկրաինան թեկնածու է, բայց դա դեռ չի նշանակում անդամակցություն։ Նույնը վերաբերում է Վրաստանին, որը որոշ փուլերում հետընթաց է արձանագրել՝ քաղաքական որոշումների պատճառով»,- նշեց Վարդանյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի դեպքում ևս արագ արդյունքներ ակնկալել չի կարելի, քանի որ գործընթացը պահանջում է երկարաժամկետ և համակարգային աշխատանք։
Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի