Արտաքին 3 տարի առաջ - 16:45 01-05-2023

Վրաստանը ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ չի ստացել, քանի որ չի միացել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին. Թբիլիսիի քաղաքապետ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն կարծում է, որ եթե ​​Վրաստանը չստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ, ապա դրա հետևանքով որևէ աղետ տեղի չի ունենա։ Այս մասին տեղեկացնում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը։

Կալաձեն ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունը պատրաստ է ավարտին հասցնել գործն ու անել ամեն ինչ, որպեսզի երկիրը ստանա այս կարգավիճակը, սակայն որոշումը, որը կկայացվի, կախված չէ իրենցից։ «Մեր կառավարությունը պատրաստ է ավարտին հասցնել գործն ու անել ամեն ինչ, որպեսզի երկիրը ստանա այս կարգավիճակը։ Բայց թե ինչ որոշում կկայացնեն, մեզնից չէ կախված։ Եթե ​​մեզ տրամադրեն, մենք ուրախ կլինենք։ Եթե ​​չտան, դա էլ նշանակություն չունի»,- ասել է նա։

Վերջինս հերթական անգամ հայտարարել է, որ Վրաստանն ավելի շատ է արժանի Եվրամիության թեկնածուի կարգավիճակին, քան Ուկրաինան և Մոլդովան՝ հաշվի առնելով բարեփոխումների տեմպերը և հաջողությունները կոռուպցիայի դեմ պայքարում։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ ինքը չի մեղադրում Ուկրաինային, որը ներկայումս պատերազմի մեջ է և շեշտել՝ ինքը միշտ ուրախանալու է ուկրաինացիների հաջողություններով։

«Սակայն, եթե իրատեսորեն նայեք, պարամետրերով ու թվերով, Վրաստանն առաջինն է, որ կոնկրետ քայլեր է ձեռնարկում` բարեփոխումներ իրականացնել, պայքարել կոռուպցիայի դեմ»,- նշել է նա։

Կախա Կալաձեի համոզմամբ՝ նախորդ տարի Վրաստանին թեկնածուի կարգավիճակի տրամադրման մերժումը քաղաքական որոշում էր, քանի որ կառավարությունը չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, պատերազմ չի սկսում և երկրում երկրորդ ճակատ չի բացում։ Նա շեշտել է, որ այս ամենը օգտագործվել է որպես լծակ։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Mtavari հեռուստաալիքի հիմնադիր Նիկա Գվարամիայի հետ կապված իրավիճակը կարո՞ղ է խոչընդոտել թեկնածուի կարգավիճակ ստանալուն, Կալաձեն ասել է, որ նրանց մասին ոչինչ չի ասվում ԵՄ-ի առաջարկությունների ցանկում։ «Այս 12 կետից բաղկացած ծրագրում ոչ Գվարամիայի, ոչ էլ Սաակաշվիլիի հանցագործությունը նշված չէ»,- ասել է նա։

Թբիլիսիի քաղաքապետը մեկնաբանել է նաև անցյալ շաբաթվա վերջին Թբիլիսիում տեղի ունեցած իշխանամետ ուժերի հանրահավաքը, որը Եվրամիությունից պահանջում էր չմիջամտել երկրի գործերին։ Կալաձեի խոսքով՝ հանրահավաքի մասնակիցները խաղաղություն են պահանջել, որն այլընտրանք չունի։

«Հանրահավաքի ժամանակ մարդիկ խաղաղություն էին պահանջում։ Այն, որ այսօր մենք կայուն ենք ապրում, պայմանավորված է նրանով, որ երկրում կա խաղաղություն, տնտեսական զարգացում։ Աշխարհն այլընտրանք չունի։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ում համար ամենակարևորը հայրենիքն ու հայրենասիրությունն են»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Վրաստանը Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը երկար տարիներ եղել է ասոցացման երկրների եռյակի առաջնագծում, 2022 թվականի հունիսին Մոլդովան և Ուկրաինան ստացել են ԵՄ անդամակցության թեկնածուների կարգավիճակ, իսկ Վրաստանը ստացել է եվրոպական հեռանկար և իրականացման ենթակա 12 հանձնարարական։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը