Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ գեներալների վերաբերյալ, ըստ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի, անընդունելի են և թիրախավորում են ամբողջ համակարգը։
«Եթե ասել է, ապա թող կոնկրետ անուններ տա։ Ես իր նման գուշակության դաշտում չեմ աշխատում։ Թող ասի՝ սա առաջին գեներալն է, սա երկրորդը։ Ինչպես կան ավագ սպաներ, գնդապետներ, մայորներ, այդպես էլ՝ գեներալներ։ Կոչումն այստեղ կապ չունի։ Բայց այս ձևով ամբողջ բանակը թիրախավորելն անթույլատրելի է»,– Oragir.News-ի հետ զրույցում նշեց Նահապետյանը։
Նրա խոսքով՝ վարչապետի նման ձևակերպումները անուղղակիորեն ներկայացնում են, թե բանակում գերակշռում են «վախկոտ» կամ «կոռուպցիոներ» գեներալներ, մինչդեռ նույն տրամաբանությամբ կարելի է խոսել նաև այլ պետական համակարգերի մասին։
«Հիմա, եթե իր կառավարության մեջ կան կոռուպցիոն դեպքեր, նախարարություններում կան մարդիկ, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցված, նշանակում է ամբողջ կառավարությո՞ւնն է կոռումպացված։ Սա նույն տրամաբանությունն է։ Բայց այստեղ թիրախավորվում է բանակը։ Սա հարված է ուժային կառույցներին»,– ընդգծեց նա։
Նահապետյանը հիշեցրեց նաև, որ իշխանությունները տարբեր ժամանակահատվածներում հակասական վերաբերմունք են ցուցաբերել զինվորականների նկատմամբ․
«Հիշո՞ւմ եք՝ նույն հարցուպատասխանի ժամանակ հերոսների մասին չէր խոսում։ Բայց մենք ունեցել ենք հերոս գեներալներ, որոնց հետո դատել են։ Հերոսի կոչումը կարևոր է, չի կարելի այսպես բաժանել՝ աջ ու ձախ։ 2020 թվականի մարտական գործողությունների ժամանակ տասնյակ մարդիկ պարգևատրվել են, հետո նույն մարդկանց նկատմամբ այլ վերաբերմունք է ձևավորվել»։
Փորձագետը նաև անդրադարձավ պաշտպանության ոլորտի կառավարմանը՝ քննադատելով մասնագիտական պակասը․
«Պատերազմող երկրում պաշտպանության նախարար կարող է նշանակվել պատմության ուսուցիչ։ Սա նշանակում է, որ համակարգը մատնված է անտերության։ Յուրաքանչյուր ղեկավար պետք է լինի իր գործի մասնագետ։ Հակառակ դեպքում ստանում ենք այն, ինչ ունենք հիմա՝ անգլուխ համակարգ»։
Նրա խոսքով՝ իշխանությունը խնդիրների լուծման փոխարեն զբաղված է մեղավորներ փնտրելով․
«Եթե կա խնդիր, նորմալ մասնագետը փորձում է լուծել այն՝ առանց մեղավորներ փնտրելու։ Բայց այստեղ հակառակն է՝ ձախողումները բարդվում են ուրիշների վրա։ Սա արդեն կառավարման ճգնաժամ է»։
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը և Արցախի հարցին՝ Նահապետյանը հիշեցրեց, որ Ռուսաստանի նախագահը տարբեր հայտարարություններում անդրադարձել է թե՛ Լեռնային Ղարաբաղի միջազգային իրավական ընկալմանը, թե՛ հակամարտության պատճառներին, այդ թվում՝ Սումգայիթի իրադարձություններին։
«Եթե, ինչպես ինքն է ասում, ամեն ինչ այդքան պարզ է, ապա ինչո՞ւ է նույն Ռուսաստանի նախագահը խոսում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Սա նշանակում է, որ հարցը փակված չէր։ Բայց Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, որպես հակամարտող կողմ, ստորագրությամբ ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս»։
Նրա գնահատմամբ՝ հենց այդ որոշումն է դարձել հետագա զարգացումների հիմնական պատճառներից մեկը․
«Ալիևը հետո հայտարարեց, որ իր երկրի տարածքում իրականացնում է հակաահաբեկչական գործողություն, ոչ թե պատերազմ։ Եվ այդ իրավունքը նրան տվել է հենց Փաշինյանը՝ իր ստորագրությամբ։ Սա է իրականությունը։ Սա է պատճառը, որ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում»։
Նահապետյանը նաև շեշտեց, որ պատասխանատվության հարցը դեռևս փակված չէ։
Հիշեցնենք, ապրիլի 2-ին Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել էր․
«Այո՛, մենք ունեցել ենք վախկոտ գեներալներ, կոռուպցիայի արդյունքում գեներալ դարձածն ի՞նչ պիտի լինի: Դիրքերում պահածոյի բանկաները կախել են ու Երևանի կենտրոնում դղյակներ սարքել իրենց համար: Կամ ընդհանրապես՝ էդ զինվորականի տեսք ա՞: Փորները 3 մետր դեմը գցած, էդ զինվորականի տեսք ա՞: Զինվորականը պետքա զինվորական պատրաստության որոշակի ստանդարտի համապատասխանի»։