Ներքին 2 ամիս առաջ - 16:08 03-04-2026

Խայտառակ զիջում. ինչու ՀՀ-ն հրաժարվեց երկաթուղին հետ բերելուց

Փշրվեց լավատեսների հույսը, թե երկաթուղին կարող է ծառայել Հայաստանին, ազգային շահերին, միջազգային տրանզիտ ուղի դառնալ և Խաղաղության խաչմերուկի մաս։

Ապրիլի 2-ին Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հայտարարեց, թե երկաթուղու կառավարման պայմանագիրը միակողմանի խզելու ծրագիր չունեն:

«Էդ լծակը Հայաստանի Հանրապետությունն ունի, բայց մենք չենք պլանավորում ու չենք ուզում գնալ այդպիսի ճանապարհով», - ասաց Փաշինյանը ակնարկելով, որ այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում նախօրեին: Այսինքն՝ երկաթուղին թողնում ենք ռուսներին, ինչ ուզում են՝ թող անեն։

Ինչո՞ւ Փաշինյանը հրաժարվեց ՀԿԵ-ի կոնցեսիան վերանայելու մտքից, որը գեներացվում էր ամիսներ շարունակ։

Իրավիճակն իրոք անհարմար է Փաշինյանի համար։ Նա աշխարհին ներկայացնում է իր Խաղաղության խաչմերուկի նախագիծը, բայց երկաթուղին փաստացի չի կարող շահագործվել այդ նպատակով, քանի որ ռուսների պատճառով ոչ ոք չի ուզում օգտվել Հայաստանի տարածքով անցնող երկաթուղով։

Արդյունքում՝ Փաշինյանը մերժված, արհամարհված իրավիճակում է հայտնվում, նրա նախագիծը ոչ ոք չի լսում, նրան լուրջ չեն ընդունում։ Ավելին՝ երկաթուղու որոշ հատվածներ թալանված են, նորոգման կարիք ունեն։ Առանց դրանց նորոգման՝ հնարավոր չէ գործարկել երկաթուղու այդ ուղղությունները։ Ռուսները նույնիսկ դա չեն ուզում անել, ու նրանց ներվո՞ւմ է։

Նույնիսկ եթե ամեն բան նորոգեն, ապա միևնույն է՝ Հայաստանից զատ՝ ոչ մի երկիր չի օգտվելու երկաթուղուց։ Երկաթուղին չի ծառայելու տրանզիտ ճանապարհ, չի նպաստելու խաղաղությանը։

Այս իրավիճակը գիտակցելով, Փաշինյանը հրաժարվո՞ւմ է վերանայել ՀԿԵ-ին տված կոնցեսիան։ Նա գործում է ազգային շահերի դե՞մ, իր գաղափարների դե՞մ, խաղաղության դե՞մ։

ՀԿԵ-ի վերաբերյալ ապրիլի 2-ին արտահայտած դիրքորոշմամբ՝ Փաշինյանն ապացուցեց, որ երբ խաչվում են Հայաստանի և Ռուսաստանի շահերը, ապա նա կանգնում է ռուսական շահերի պաշտպանության դիրքերում։ Նույնիսկ իր գաղափարն է զոհաբերում հանուն Կրեմլի։ Ի՞նչ ասենք այս դեպքում։

Այսպիսով՝ չկա լավատեսական հույս, որ երկաթուղու հարցը կարող է լուծվել ՔՊ-ական իշխանության օրոք։ Նույնիսկ եթե ՔՊ-ն վերընտրվի հունիսի 7-ին, էլի հույս չկա։ Սա պարզ է բոլորի համար, բացառությամբ՝ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի, որը կասկածի տակ է դնում Փաշինյանի խոսքը երկաթուղու կառավարման պայմանագիրը միակողմանի չխզելու մասին։ «Ռուսաստանում ընդունված է դատել ոչ թե խոսքերով, այլ գործերով։ Իսկ դրանք փաստում են, որ նախ խլեցին մասնավոր էլեկտրաէներգետիկ ընկերության սեփականության իրավունքը, իսկ հիմա բարձրացրել են երկաթուղային կոնցեսիայի հարցը»,- ասել է Օվերչուկը։

Այս համեմատությամբ, կարծես՝ ակնարկում է, թե ռուսները չեն վստահում Փաշինյանի խոսքին, պատրանք են ստեղծում, իբր նա իրենց հուսալի գործընկերը չէ։ Նույնիսկ երբ վերջինս հրապարակավ հրաժարվում է վերանայել ՀԿԵ-ի կոնցեսիան, միևնույն է՝ ռուս բարձրաստիճան պաշտոնյան կասկածում է։ Սա ենթադրաբար՝ արվում է, ռուսամետ ընդդիմության համար, որ վերջիններս չհուսահատվեն, թե Փաշինյանը զիջումների գնով ստացել է Կրեմլի աջակցությունը հունիսի 7-ի ընտրություններում։

Կարճ ասած՝ հերթական խայտառակ պարտությունն արձանագրեց Փաշինյանն իր անփառունակ քաղաքական կենսագրության մեջ, ապացուցեց, որ իր համար գերակա են ռուսական շահերը, ինքն էլ դրանց սպասարկողն է ու խիզախ պաշտպանը։

Հիշենք նաև, որ քաղաքագետների ու քաղաքական գործիչների մի ստվար բանակ ՀԿԵ-ի թեմային անդրադառնալիս, անարգանքի սյանն էր գամում Ռոբերտ Քոչարյանին, որ 2008 թվականի փետրվարի 13-ին, ընտրություններից մի քանի օր առաջ, արհամարհելով ազգային շահերը, երկաթուղին տվել էր ռուսներին։

Այժմ ինչո՞վ է Փաշինյանը Քոչարյանից պակաս։ Նա էլ ընտրություններից մի քանի շաբաթ առաջ հրաժարվեց վերանայել կոնցեսիոն պայմանագիրն ու երկաթուղին ծառայեցնել ազգային շահերին։ Ավելին՝ Փաշինյանը, հրաժարվելով ՀԿԵ-ի թեմայից, փաստացի հրաժարվեց նաև Խաղաղության խաչմերուկի իր գաղափարից, որի մշակման ու հանրայնացման վրա հերոս հարկատուների միջոցներն է ծախսել։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան