ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 2-ի նիստում որոշում է կայացրել խոշոր չափի դրամական պարգև հատկացնել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին։ Եվրոպայի առաջնությունում փայլուն մրցելույթների և գրանցած աննախադեպ հաջողության դիմաց պետական բյուջեից կտրամադրվի 141 միլիոն դրամ:
Ֆինանսական խրախուսումը կբաշխվի ոչ միայն անմիջապես խաղահրապարակ դուրս եկող ֆուտզալիստների, այլև թիմի հաջողության մեջ մեծ ավանդ ունեցող մյուս օղակների՝ մարզչական և բժշկական շտաբերի, ինչպես նաև վարչական անձնակազմի միջև:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ռուբեն Նազարեթյանի գլխավորած ընտրանին իր նորամուտն էր նշում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, որտեղ իսկական ֆուրոր արեց՝ միանգամից հայտնվելով մայրցամաքի 8 ուժեղագույնների շարքում։
Armsport
Հայաստանի հավաքականը վստահորեն հաղթահարեց B խմբի արգելքը՝ վաստակած 7 միավորով դուրս գալով առաջին հորիզոնական: Ճանապարհին մեր թիմը ծնկի բերեց 2024թ. Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինային (2:1), գոլառատ ու դիտարժան խաղում կամային հաղթանակ կորզեց Չեխիայի նկատմամբ (5:4) և մարտական ոչ-ոքի (3:3) գրանցեց Լիտվայի հավաքականի հետ դիմակայությունում:
Հայ ֆուտզալիստների տպավորիչ երթը կանգ առավ միայն մրցաշարի քառորդ եզրափակիչում, որտեղ մեր ընտրանին 0:3 հաշվով զիջեց Խորվաթիային: Այս անմոռանալի մրցելույթների տրամաբանական արդյունքը դարձավ այն, որ Եվրո-2026-ից հետո Հայաստանի ազգային թիմը պատմության մեջ առաջին անգամ մտավ ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակ: