Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:30 01-04-2026

18-ամյա Դավիթին նորից բանտ տարան, Փաշինյանը Մոսկվայում է, Տավուշում դիրք է հանվել․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 1-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործով կիրակի ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանը երկու ամսով կալանավորվեց: Դատարանը բավարարեց քննչականի միջնորդությունը։ Այս մասին հայտնում են փաստաբանները։ Դատարանի որոշումից հետո Դավիթի մոր ինքնազգացողությունը վատացավ: Փաստաբանները հայտնել էին, որ Դավիթը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն՝ չբացահայտված ալերգիա ունի: Տղայի մայրը՝ դատական նիստից առաջ բաց նամակով դիմել էր դատարանին: Գայանե Մինասյանը խնդրել էր որդուն հնարավորություն տալ դատական նիստերին սպասել ազատության մեջ՝ շեշտելով՝ որդին 4 տարեկանից ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք: Նա հավաստիացրել է, որ իր ընտանիքը պատրաստ է աջակցել դատարանի անաչառ քննությանը: 8-ամյա Դավիթ Մինասյանը հիվանդանոցից տեղափոխվել է Արմավիրի բանտ: Դատարանից բանտ ճանապարհին նա կորցրել էր գիտակցությունը, տեղափոխվել Էջմիածին բժշկական կենտրոն, սակայն տղային կրկին «Արմավիր» ՔԿՀ են տեղափոխել, չեն սպասել անգամ, որ մայրը համապատասխան բժշկական փաստաթղթեր ներկայացնի։ «Գիտակցությունը կորցրած տղային ուշքի են բերել և հետ ուղարկել «Արմավիր» ՔԿՀ` առանց որևէ լուրջ հետազոտության։ Անգամ չեն սպասել, որ մայրը նրա հիվանդությունները փաստող թղթերը ներկայացնի»,– հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ընտրություններից երկու ամիս առաջ աշխատանքային այցով Ռուսաստան է մեկնել: Սոցիալական ցանցում նա տեսանյութ է հրապարակել Մոսկվա ժամանումից: Հանդիպման առաջարկը Նիկոլ Փաշինյանինն է: Թե կոնկրետ ինչ օրակարգով է նա Պուտինից հանդիպում խնդրել, հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում: Բայց Փաշինյանն անցած շաբաթ շատ հպանցիկ խոսել էր իր այցի մասին. «Այդ հանդիպումները մեր երկրի շահերին վերաբերող հարցեր քննարկելու համար են»: Հայկական պատվիրակության կազմում են նաև Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը և փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը: Պուտին-Փաշինյան բանակցությունների օրակարգից որոշ ընդհանուր տեղեկություններ հայտնել էին Կրեմլից: Նշվում է, որ Ռուսաստանում Փաշինյանի հետ նախատեսում են քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաները՝ մասնավորաբար Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը: Նշենք, որ Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: Այս դեպքում ևս մանրամասներ չէին հաղորդվել:

Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին զուգահեռ ՌԴ–ում ՀՀ դեսպանատան դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու։ Այս մասին հայտնեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամուլի ծառայությունից։ «Հավաքվածները հայտարարել են, որ չեն ընդունում իշխանությունների գործողությունները, որոնք, իրենց կարծիքով, ուղղված են Հայ առաքելական եկեղեցու դեմ և խարխլում են իրավական պետության հիմքերը: Ակցիայի մասնակիցները պահանջում էին դադարեցնել հալածանքները հոգևորականների, Հայ եկեղեցու, ազգային բարերարի և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն Եկեղեցու»,– հայտնում են թեմից։ Հավաքվածները կարևորել են հոգևոր և ազգային արժեքների պահպանումը ու իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդի ինքնության պահպանման երաշխավոր հանդիսացող հայ եկեղեցուն:

Դատախազությունը պահանջում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ։ Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Պապիկի Բաղմանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 7 անշարժ գույք, որից 6-ը՝ Երևան քաղաքում, իսկ 1-ը՝ Կոտայքի մարզում, 4 տրանսպորտային միջոց, 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն, շուրջ 1 միլիոն 290 հազար դրամ ավանդ, բանկի 30 հատ պարտատոմս, 1 միլիարդ 544 միլիոն 254 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 1 միլիարդ 511 միլիոն 965 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել, 6 միլիոն 363 հազար դրամի չվերադարձված փոխառության պահանջի իրավունք: Հայկազ Բաղմանյանը 2009 թվականի հունվարի 26-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 5-ը զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, 2018 թվականի մարտի 22-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»