Ներքին Միտք 2 ամիս առաջ - 18:00 31-03-2026

«Ուժեղ Հայաստան»-ը Տիգրան Ավինյանի՞ հետ է դաշինք կազմել

Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Քաղաքական այս ուժի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն այսօր դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր ստորագրեց «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։

«Ուժեղ Հայաստան»-ի հետ համագործակցության հուշագիր ստորագրած այս գործիչներից հանրությանն առավել հայտնի է Նաիրի Սարգսյանը։ Վերջինս փորձառու տնտեսագետ-իրավաբան է, 2012 թվականից «Աուդիտորների պալատ» ՀԿ-ի նախագահն է, 2023-ից «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հիմնադիրը։ Կարճ ասած՝ Սարգսյանն իր գործի գիտակն է, ոլորտի պրոֆեսիոնալ, ում հետ համագործակցությունը միանշանակ կամրապնդի Սամվել Կարապետյանի ուժի դիրքերը առաջիկա ընտրական գործընթացում։

Ցավոք սրտի, նույնը չենք կարող ասել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի մասին՝ վերջինիս հետագիծն ուսումնասիրելուց հետո։ Հարությունյանը մասնագիտությամբ իրավաբան է, Փաստաբանների պալատի անդամ, ու նա ընդամենը մի քանի օր առաջ է ընտրվել մեր հանրությանը ոչ այնքան հայտնի այս քաղաքական ուժի նախագահի պաշտոնում, սակայն Հարությունյանի գլխավոր «արժանիքն» այն է, որ վերջինս եղել է Տիգրան Ավինյանի փաստաբանը, մասնավորապես՝ լրատվամիջոցների դեմ հայցերում։ Ենթադրելի է նաև, որ նա կիսել է Ավինյանի հայացքները, քանի որ տևական ժամանակ դատարանում պաշտպանել է վերջինիս։

Գաղտնիք չէ, որ Ավինյանն իր գործունեության ընթացքում անհանդուրժող կեցվածք է դրսևորել ընդդիմադիր լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ, և նրանցից շատերին դատի տվել, քանի որ վերջիններիս հրապարակումներն իր քիմքին հաճելի չեն եղել։ Երևանցիների միայն 9 տոկոսի վստահության քվեին արժանացած Տիգրան Ավինյանը նախորդ տարիներին դատի է տվել Oragir.News-ին, «Փաստինֆո»-ին, 168․am-ին և լրագրող Դավիթ Սարգսյանին, Civilnet-ին, «Ժողովուրդ» օրաթերթին, և բոլոր այս դեպքերում քաղաքագլխի շահերի պաշտպանությունն իրականացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ դաշինք կազմած «Նոր դարաշրջան» կուսակցության ներկայիս նախագահ Հարություն Հարությունյանը։ Ընդ որում, հենց Հարությունյանի կողմից դատարան ներկայացված միջնորդությամբ 9 միլիոն դրամի չափով է արգելանք էր դրվել Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների վրա և միայն միջազգային իրավապաշտպան և լրագրողական կազմակերպությունների ճնշման ներքո Ավինյանը որորշեց «բարեգթություն» դրսևորել ու հրաժարվել հայցից։ Վերջին միջնորդությունը ևս դատարան ներկայացրել էր Հարություն Հարությունյանը։

Բացի այդ, նորաթուխ ընդդիմադիր գործիչը Տիգրան Ավինյանի օրոք աշխատել է նաև ԱՆԻՖ-ում, որը «պրոֆեսիոնալ կառավարման» հետևանքով հայտնվել էր միլիարդավոր դրամների չարաշահումների ու վատնումների կենտրոնում։ Հարությունյանը եղել է ԱՆԻՖ-ի դատական գործերի համակարգման պատասխանատուն, կլորիկ աշխատավարձ ստացել հիմնադրամից և անգամ քրեական վարույթների հարուցումից հետո նա «Հետք»-ին տված հարցազրույցում մտահոգիչ չէր համարել, որ այնտեղ աշխատանքի են ընդունվել բարձրաստիճան իրավապահների հարազատները։

Այսպիսով՝ թեպետ ողջունելի է, որ հանրության շրջանում առանձնակի վստահություն վայելող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը փորձում է տարբեր ուժերի իր շուրջը համախմբել և նվազեցնել ընտրություններում փոշիացվող ձայների մասնաբաժինը, սակայն մեր կողմից նույնքան ողջունելի կլիներ, եթե իշխանության ձգտող այս ուժը բավարար հետևողականություն ցուցաբերեր և ուսումնասիրեր այն ուժերի հետագիծը, որոնց հետ դաշինք է կազմում, իսկ հետագայում էլ նախատեսում է կառավարել երկիրը։ Ակնկալում ենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն անհապաղ կխզի Տիգրան Ավինյանի փաստաբան Հարություն Հարությունյանի առաջնորդած «Նոր դարաշրջան» կուսակցության հետ ստորագրված համագործակցության հուշագիրը, կամ էլ հանրությանը բավարար պարզաբանումներ կներկայացնի, թե ինչն է նպաստել այս համագործակցության հաստատմանը։

Գուցե Հարությունյանը զղջացել և որոշել է այս ճանապարհով իր մեղքերը քավել, ինչի մասին ևս հանրությանը պետք է բավարար պարզբանումներ ներկայացվեն։ Սա կարևոր է նախևառաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համար, քանի որ եթե մի պահ առաջնորդվենք այն կանխվարկածով, որ այս ուժի առանցքային դերակատարները չեն իմացել, որ Հարությունյանը Տիգրան Ավինյանի փաստաբանն է եղել, ապա չի բացառվում, որ նա գուցե ՔՊ-ի կողմից այս ուժի շարքերում ներդրված ական լինի՝ առանցքային պահին թիկունքից հարվածելու և իշխանափոխության օրակարգը վիժեցնելու նպատակով։

Հակառակ պարագայում հարց է առաջանում՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Տիգրան Ավինյանի՞ հետ է դաշինք կազմել․․․

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան