Ցնցող խոստովանություն է արել Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին։ Այն կարելի է դասել ֆորպոստի վարչապետ լինելու մասին 2025-ի հունիսի 19-ի խոստովանության կողքին, քանի որ նույնպես ապապետական, հակաժողովրդավարական կուրսի անուղակի ապացույց է հանդիսանում։
«Մենք վերադառնում ենք մեր ինքնությանը, որը կապվում է մեր պետության հետ: Մենք հրաժարվում ենք Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելից»,- այս մասին մարտի 25-ին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ի՞նչ է Ստալինի սապոգի հայրենասիրության մոդելը, ե՞րբ է Փաշինյանը որդեգրել այս մոդելը և ինչո՞ւ է դրանից հրաժարվում հիմա։
Հունգարական ժողովրդական ապստամբության օրերին՝ 1956-ին, ապստամբները կոտրում են Բուդապեշտում կանգնեցված Ստալինի արձանը, բայց նրա սապոգները մնում են պատվանդանին մինչև 1975-ը։ Դրանք և՛ ապստամբությունն էին հիշեցնում, և՛ այն, որ Հունգարիան մնաց խորհրդային ազդեցության գոտում, պատկերավոր ասած՝ սապոգի տակ։ 2006-ին, սակայն, երբ Հունգարիայում կրկին ռուսամետ ուժեր եկան իշխանության, Մեմենտո այգում աղյուսե պատվանդանի վրա վերստեղծվեց այդ սապոգների փոքրացված արձանն ու անվանվեց «Ստալինի սապոգներ»։ Ստալինի սապոգ ասելով, աշխարհում շատերը հիշում են Հունգարիայի պատմության այս էջը։

Ստալինի արձան կար նաև Երևանում։ «Հաղթանակ» զբոսայգու բարձունքին կանգնած «Մայր Հայաստանի» արձանի տեղում նախկինում Ստալինի արձանն էր։ Այսինքն՝ «Մայր Հայաստանը» կանգնած է Ստալինի պատվանդանի վրա, պատկերավոր ասած՝ Ստալինի սապոգների վրա։

ՀՀ նախկին պատգամավորներից մեկը մի քանի տարի առաջ, նախքան հեղափոխությունը, լրագրողի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Հայաստանը միշտ ինչ-որ մեկի սապոգի տակ է եղել։ Այսպիսով ակնարկվում էր, որ Հայաստանը չի կարող անկախ լինել։ Սա ապապետական դիրքորոշում էր։ Սա ըստ էության՝ այլասերված հայրենասիրություն է, ազգային գիտակցությունից զուրկ հայրենասիրություն, ըստ որի՝ սիրում են հայրենիքը, բայց անկախություն չեն ուզում, այլ ուզում են ՀՀ-ն պահել ռուսական սապոգի տակ։ Պարզապես՝ ռուսական սապոգի հայրենասիրության փոխարեն՝ Փաշինյանն ասում է Ստալինի սապոգի հայրենասիրություն, ինչը մեծ հաշվով՝ նույն բանն է։
2018-ին Փաշինյանի իշխանության գալով՝ ավելի է խորացել ռուսական ազդեցությունը ՀՀ-ի վրա։ Այդ մասին բազմաթիվ խոստովանություններ են հնչել։ Ֆորպոստի վարչապետի մասին խոստովանությունը ևս այդ մասին է։ Պատկերավոր ասած՝ 2018-ին Փաշինյանն ավելի է խորացրել ստալինյան սապոգի հայրենասիրությունը Հայաստանում։ Նա 2018-ից մինչ օրս ոչ մի տարի մի ծաղիկ չի խոնարհել ու հիշատակի մի խոսք չի ասել ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակի օրը՝ Հունիսի 14-ին։ Սա ևս կարելի է Ստալինի սապոգի հայրենիասիրության դրսևորում որակել։
Եվ հիմա, երբ Փաշինյանը հայտարարում է, թե հրաժարվում են Ստալինի սապոգի հայրենասիրությունից, նշանակո՞ւմ է, որ այսուհետև Փաշինյանը չի սպասարկելու ռուսական շահերը։ Եթե իրոք այդպես է, ապա նա Մայիսի 9-ին չի գնալու Մոսկվա պառադի, Հունիսի 14-ին հիշատակի խոսք է ասելու խորհրդային բռնազավթման տարիներին հարյուր հազարավոր անմեղ զոհերի հիշատակին, ՀՀ-ից դուրս է հրավիրելու ռուսական զորքերը և այլն։ Եթե այս ամենը չի անելու, ապա ստալինյան սապոգից հրաժարվելու մասին խոսքը դատարկաբանություն է, եթե ոչ սուտ հատուկ եվրոառվույտների ականջների համար։
Ենթադրելի է նաև, որ ժողովրդավարական երկրները հանդիմանում են Փաշինյանին, որ նա ռուսական շահեր է սպասարկում։ Նրան հավանաբար՝ համեմատում են հունգարական ռուսամետ իշխանությունների հետ, որոնք Հունգարիան վերստին դարձրել են ռուսների ձեռքի խաղալիք և գլխացավանք ԵՄ-ի համար։ Ենթադրաբար, եվրոպացիք Փաշինյանին ուղիղ հարցրել են, թե՝ նա շարունակելո՞ւ է Ստալինի սապոգի հայրենասիրությամբ առաջնորդվել, թե՞ հրաժարվում է այդ կուրսից։ Եթե շարունակելու է, ապա Փաշինյանը կարող է հույսը կտրել ԵՄ աջակցությունից։ Ինչո՞ւ պետք է ԵՄ-ն Փաշինյանի ղեկավարած Հայաստանն ընդունի իր ընտանիք, եթե նա իրեն պահելու է Օրբանի պես։ Ինչո՞ւ պետք է ԵՄ-ն աջակցի Փաշինյանին, որը հունիսի 7-ից հետո էլի ռուսական շահեր է սպասարկելու։ Ի վերջո՝ ինչո՞վ է ՔՊ-ն տարբերվում մյուս ռուսամետ ուժերից, եթե ստալինյան սապոգի հայրենասիրությամբ է առաջնորդվելու, ինչպես արել է 2018-ից։
Կարճ ասած՝ Փաշինյանը մարտի 25-ին հրապարակավ խոստացավ՝ այսուհետև չգործել անկախության դեմ, ռուսական շահերը չգերադասել ազգային շահերից։ Իսկ եթե պարզվի, որ սա հերթական սուտ խոստումն է, ապա ԵՄ-ն, ժողովրդավարական երկրները չեն աջակցի նրան, Սեպտեմբերի 21-ին «Այո» քվեարկածները երես կթեքեն նրանից, նա կպարտվի հունիսի 7-ին, կդառնա ընդդիմություն։
Թաթուլ Մկրտչյան