Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով արդարացման դատավճիռը: Այս մասին հայտնում են Դատախազությունից:
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ) 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Մասնավորապես, Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Արդարացման դատավճռից հետո Սանասարյանը հայտարարել էր. «Երբ իմ գործով դատավոր նշանակվեց Դավիթ Բալայանը, ես ինչ-որ առումով ուրախացա. իր պահվածք հետ շատ դեպքերում համաձայն չեմ եղել, բայց գիտեի, որ ինքը արդարամիտ է, ու չեն կարողանալու նրա վրա ճնշումներ գործադրել։
Իրավունք չունեմ պահանջելու, որ ինձ վերականգնեն պաշտոնին, քանի որ իմ դիմումի համաձայն եմ դուրս եկել։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջին հերթին ծնողներիս, կնոջս, երեխաներիս, որ այս ծանր տարիներին եղել են կողքիս, փաստաբանական խմբին, որ անշահախնդիր կանգնած է եղել կողքիս, այն քաղաքացիներին, ովքեր այստեղ են եղել բոլոր դատերին, բոլոր նրանց, ովքեր առաջին օրվանից չեն հավատացել այս շինծու գործին»։ Այդ ասելիս Սանասարյանը հուզվել էր։