«Միասնության թևեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Հայաստանի անվտանգության համակարգի և զինված ուժերի բարեփոխման իր ծրագիրը՝ խոսելով նաև «իրական խաղաղության» հասնելու ուղիների մասին։
Ասուլիսի սկզբում նա նշել է․
«Այսօրվա ասուլիսը վերաբերում է նրան, թե ի՞նչ խաղաղություն մենք պետք է ունենանք և ինչպե՞ս ենք պատրաստվում ունենալ այն»։
Թաթոյանը անդրադարձել է նաև Ադրբեջանի ներխուժումների թեմային՝ պնդելով, որ իր նախորդ հայտարարությունները հաստատվել են․
«Այն, ինչ ես ներկայացրել էի իմ նախորդ ասուլիսում՝ ադրբեջանական ներխուժումների վերաբերյալ, ճիշտ էր, և դա հաստատվեց անկախ հետաքննություններով»։
Նրա խոսքով՝ գործող իշխանությունները թաքցրել են կարևոր փաստեր, և անհրաժեշտ է ոչ միայն քննադատել, այլ նաև լուծումներ առաջարկել։
Ներկայացնելով իր ծրագիրը՝ Թաթոյանը նշել է, որ այն բաղկացած է 6 հիմնական քայլից։ Առաջինը ռազմական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծումն է․
«Մեր պաշտոնավարման առաջին իսկ օրը ստեղծվելու է հատուկ ռազմական բարեփոխումների հանձնաժողով՝ վարչապետին առընթեր, որը 6 ամսում պետք է ներկայացնի հստակ ծրագիր»։
Բանակի ֆինանսավորման վերաբերյալ նա ընդգծել է․
«Օրենքով պետք է ամրագրվի, որ բանակի ֆինանսավորումը չի կարող լինել ՀՆԱ-ի 8 տոկոսից ցածր, և մեր բյուջեն կավելանա շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարով»։
Թաթոյանը կարևորել է նաև համապարփակ անվտանգության համակարգի ներդրումը՝ նշելով, որ ճգնաժամային իրավիճակներում պետությունը պետք է գործի միասնական կերպով․ «Սա նշանակում է, որ ամբողջ երկիրը՝ պետությունը, մասնավոր հատվածը և քաղաքացիները, պետք է աշխատեն հանուն երկրի պաշտպանության՝ հստակ բաժանված դերերով»։
Նա անդրադարձել է նաև պատերազմների վերաբերյալ հաշվետվողականության խնդրին․
«Մեր իշխանության գալուց հետո հրապարակելու ենք 2016 և 2020 թվականների պատերազմների վերաբերյալ կարևորագույն զեկույցները»։
Թաթոյանը խոսել է նաև բանակի արդիականացման անհրաժեշտության մասին՝ շեշտելով տեխնոլոգիական զարգացումը․
«Մենք զարկ ենք տալու ժամանակակից բանակի կառուցմանը՝ արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ»։
Միաժամանակ նա քննադատել է գործող իշխանություններին՝ նշելով, որ 2020-ից հետո անհրաժեշտ քայլեր չեն արվել, այդ համատեքստում հիշատակելով նաև Նիկոլ Փաշինյանին։ Նա նաև կարևորել է միջազգային համագործակցությունը՝ առանձնացնելով Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ կապերը, ինչպես նաև սփյուռքի մասնագետների ներգրավումը։
Թաթոյանի խոսքով՝ առաջարկվող այս քայլերը միտված են Հայաստանի անվտանգության համակարգի խորքային վերափոխմանը և իրական, կայուն խաղաղության ապահովմանը։
Մանրամասները՝ տեսանյութում: