«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին ամիսներին քաղաքացիներից ստացվող բազմաթիվ ահազանգերը ցույց են տալիս, որ Temu հարթակից կատարվող գնումների առաքման գործընթացում նկատվում են փոփոխություններ, որոնք դարձել են դժգոհության պատճառ։ Գնորդների խոսքով՝ նախկինում լայնորեն կիրառվող դռնից-դուռ առաքման փոխարեն այժմ ավելի հաճախ առաջարկվում է առաքանին ստանալ փոստային բաժանմունքից, ինչը հակասում է առցանց գնումների հիմնական առավելությանը՝ հարմարավետությանը։ Քաղաքացիները շարունակում են դժգոհել, որ պատվերի պահին միշտ չէ, որ հստակ է՝ որ ընկերությունն է իրականացնելու առաքումը և արդյոք այն կհասնի հասցեով։ Արդյունքում հաճախորդները կանգնում են փաստի առաջ՝ ստիպված լինելով այցելել փոստային բաժանմունքներ և լրացուցիչ ժամանակ ծախսել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ դատախազությունը «Հետք»-ի հրապարակումը, որը վերաբերում է Առինջում կառուցված շենքերի և առանձնատների գործին, ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթի ընթացքը լուծելու նպատակով։
Խոսքը վերաբերում է այն աղմկահարույց պատմությանը, որի շրջանակում բացահայտվել էր Առինջում կառուցապատված թաղամասի կոռուպցիոն շղթան։ Ըստ հրապարակման՝ Առինջում «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի կառուցած թաղամասում ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դեռևս 2025 թվականի դեկտեմբերին մատչելի պայմաններով ձեռք էր բերել բնակելի տուն՝ թաունհաուս։ Ուշագրավն այն է, որ Կոնջորյանը գույքը ձեռք էր բերել շուկայականից և նույնիսկ կառուցապատողի հայտարարած գնից էժան՝ մեկ քառակուսի մետրի համար վճարելով ընդամենը 300 հազար դրամ, այն դեպքում, երբ վաճառքի հայտարարված գինը կազմել էր 420 հազար դրամ։
Հետագայում պարզվել էր նաև, որ նույն կառուցապատողից բնակարան են ձեռք բերել նաև Հայկ Կոնջորյանի մայրը՝ Արմինե Կոնջորյանը, և քույրը՝ Օֆելյա Կոնջորյանը՝ հենց Հայկ Կոնջորյանի թաունհաուսի դիմաց։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ պարզելու, թե դատախազությունից ստացված գրությունն ի՞նչ ընթացքի մեջ է։ Ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ այս պահին ստուգողական գործողություններ են իրականացվում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Արթիկ» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի դեմ ղեկավարությունն արշավ է սկսել` ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանը, առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, օպերատիվ վարչության պետ Անդրանիկ Մելոյանը։ ՔԿՀ-ում ստուգումներ են։
Ստուգող հանձնաժողովի ղեկավար, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Լիլիթ Ջհանգիրյանը հայտարարել է, որ անպայման «մի քանի արատավոր թերություններ կգտնի» Արթիկի բանտում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընդդիմությունը մտադիր է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում վերջերս իրականացված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում։ Խոսքը մասնավորապես այն փոփոխության մասին է, համաձայն որի՝ արգելվում է բուհերի մասնաճյուղեր բացել մարզերում, այդպիսով սահմանափակվում է քաղաքացիների` կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը։
Նախաձեռնողը «Հայաստան» խմբակցությունն է, որին կմիանան այլ` ոչ իշխանական պատգամավորներ: Հիշեցնենք, որ ՍԴ դիմելու համար 27 պատգամավորի ստորագրություն է պետք։
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանը երեկ քննարկեց ՔՊ-ական այլեւս նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը` Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, եւ, ըստ ամենայնի, իշխող մեծամասնությունն այսօր կքվեարկի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուց հետո թափուր մնացած տեղը զբաղեցնելու հարցը։
Որոշ տեղեկություններով՝ իշխանությունը Վարդանյանին դիտարկում է նաեւ ՍԴ նախագահի պաշտոնում, չնայած Վարդանյանի ու ներկայիս նախագահ Արման Դիլանյանի միջեւ քավորսանիկական կապին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը` մի խումբ արցախցիների մասնակցությամբ, «Ներառական զարգացում. Ձեռքբերումներ եւ անելիքներ» խորագրով համաժողով էր կազմակերպել, որի ընթացքում ինքն ու իր նախարարները խոսում էին այն մասին, թե ինչպես են արցախցիների կյանքը դրախտի վերածել Հայաստանում:
Համաժողովին մասնակցող մի արցախցի, որը հետո պարզվեց՝ Արագածոտնի մարզպետի խորհրդականն է, հոտնկայս շնորհակալություն հայտնեց Փաշինյանին։ Պարզվում է՝ միջոցառումից շաբաթներ առաջ կառավարության աշխատակազմը գրություն է ուղարկել գերատեսչություններին եւ հորդորել հավաքագրել այն արցախցիներին, որոնք կհամաձայնեն մասնակցել այդ միջոցառմանը եւ կխոստանան իշխանությանը գովերգող տեքստեր ասել։
Ընտրություններից առաջ Փաշինյանն արցախցիների նկատմամբ էլ է որոշել հոգեբանական տեռոր իրականացնել, նման միջոցառումներով ոչ միայն նրանց, այլեւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին ցույց տալ, որ անգամ արցախցիներն են իրեն ընդունում։