Oragir.News-ն այսօր՝ մարտի 24-ին, հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը՝ արդյոք հնարավո՞ր էր խուսափել Արցախի կորստից, եթե, ինչպես հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինքն ընտրվեր 2021 թվականին։
Հարցվածների պատասխանները տարբեր էին: Սակայն մեծամասնությունը համաձայնեց Քոչարյանի կարծիքի հետ:
Քաղաքացիներից մեկը նշեց․
«Երևի ճիշտ է ասում։ Չգիտեմ, չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում մենք էլ հայ ենք։ Ուզում եմ խաղաղություն լինի»։
Մեկ այլ քաղաքացի ընդգծեց ներքաղաքական իրավիճակի վրա հնարավոր ազդեցությունը․
«Եթե Ռոբերտ Քոչարյանը ընտրվեր, այս պառակտվածությունը այսօր չէր լինի, հասարակության մեջ էն օրինախախտությունը, որ տեսնում ենք, չէր լինի։ Հասարակությունը կգնար դեպի ավելի կազմակերպվածության, դրանում ես համոզված եմ»։
Եղան նաև անորոշ գնահատականներ․
«Շատ բարդ հարց է։ Հնարավոր է։ Չեմ ասում՝ այո կամ ոչ։ Հնարավոր է և հավանական է՝ չլիներ կորուստը, բայց դրանով հարցը չի փակվում»։
Հարցվածներից մի քանիսը աջակցեցին գործող իշխանություններին։
«Նիկոլը կա, Նիկոլը լավ վարչապետ է, մնում է՝ կարգուկանոն հաստատվի, ապրենք», ասաց մի անցորդ։
Միաժամանակ որոշ քաղաքացիներ խուսափեցին հստակ դիրքորոշում արտահայտելուց՝ ընդգծելով թեմայի բարդությունը․
«Դժվար է պատասխանել էդ հարցին, մի քիչ հեռու եմ քաղաքականությունից»,- ասաց նրանցից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։