Ներքին 3 տարի առաջ - 21:26 28-09-2022

Ռոբերտ Քոչարյանը Արցախում որևէ դերակատարում չէր ունենա, եթե չլիներ Լևոն Տեր-Պետրոսյանի կամակատարը․ Ալեքսանդր Քանանյան

«Ռոբերտ Քոչարյանը Արցախում որևէ դերակատարում չէր ունենա, եթե չլիներ Լևոն Տեր-Պետրոսյանի ամենահավատարիմ կամակատարը»,- այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Քանանյանը։

Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց, որ պետք է ստորագրվի կապիտուլյացիոն պայմանագիր, հակառակ դեպքում կարող ենք ավելի վատ լուծումների հանգել, իսկ այսօր Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ դա լավագույն տարբերակը չէ, պայքարով կարելի է դռներ բացել։

Ալեքսանդր Քանանյանն իր խոսքում ասաց, որ ոչ մի նպատակ և ցանկություն չի տեսնում՝ տարբերություններ որոնել Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի ասածների միջև։

Քանանյանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանը Արցախում որևէ դերակատարում չէր ունենա, եթե չլիներ Լևոն Տեր-Պետրոսյանի ամենահավատարիմ կամակատարը։

«Հաճախ բեմադրված՝ մենք գործ ունենք կատարելապես միասնական դիրքորոշման հետ, որը գործնականում, երբեմն նաև հենց Քոչարյանի կողմից բացահայտ մերժում է Հայաստանում ինքնիշխան, ազգային պետություն կառուցելու պահանջն ու հավակնությունը, ինչը շարունակվում է անգամ Ռուսական կայսրության փլուզման նախաշեմին, իսկ քարոզել Ռուսաստանին և թուրք շրջապատին լիովին հպատակված լինելու կեղծ և կործանարար քաղաքական թեզը, կործանարար է։ Երկու նախագահներն էլ, երրորդն էլ հրավիրվել են, բոլորովին չեմ բացառում՝ Մոսկվայից եկած հրահանգով, որպեսզի փորձեն կանխել Հայաստանում արմատական իրադարձությունների ծավալումը, որոնց արդյունքում Հայաստանը պետք է դուրս գա փլուզվող Ռուսաստանի տնտեսության գոտուց և հայտնվի Միացյալ Նահանգների ուղիղ ազդեցության գոտում»,- ասաց քաղաքագետը։

Քանանյանը նշեց, որ Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի համար դա մեծապես անցանկալի զարգացում է․ «Եվ այսօր նրանք կորցնում են իրենց գործակալներին, իսկ իմ թվարկած երեք անձինք էլ՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա հոգեզավակ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, բնականաբար ռուսական գործակալական ցանցի հակապետական թևի խիստ վտանգավոր, թեպետև նախկին ներկայացուցիչներն են, և իրենցից ամեն ոք իրենց հայտարարություններով փորձում է կանխել անխուսափելին, իրադարձություններն անխուսափելի են, քանզի անխուսափելի է Ռուսաստանի՝ որպես հավակնորդ հետխորհրդային կայսրության և նրա հավակնությունների փլուզումը»։

Իսկ հարցին, թե որքանով է նպատակահարմար ՀԱՊԿ-ից դուրս գալը ներկա փուլում, և ինչ հետևանքներ կունենա դա Հայաստանի համար, Քանանյանը պատասխանում է․ «Առհասարակ, ես միշտ կողմնակից եմ քաղաքական շիտակության և սկզբունքային որոշումներին։ Քաղաքական սկզբունքայնությունն ու շիտակությունը հատկապես Հայաստանի պես գոյաբանորեն վտանգված երկրի պարագայում ենթադրում են հստակ քայլեր։ Անձամբ ես կարծում եմ, որ մենք պետք է վայրկյան առաջ, ցույց տալով ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի նկատմամբ պարտականությունների չկատարման աղաղակող փաստը, հայտարարենք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Ես տեղյակ եմ, որ ներկա կառավարությունը հիմնավորում է Միացյալ Նահանգների՝ իրենց, պայմանական ասած, գործընկերների հետ հարաբերություններում որոշակի զգուշավորությունը նրանով, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ վճռական ինչ-ինչ քայլերի պարագայում կարող է վտանգվել Արցախի մնացորդում գտնվող և կատարելապես անպաշտպան մեր բնակչությունը։ Մեր բնակչությունը կատարելապես անպաշտպան է, քանի որ պաշտպանության գործառույթը հանձնված է Հայաստանի Հանրապետության ռազմավարական թշնամի և Ադրբեջանի դաշնակից Ռուսաստանին։ Ինձ թվում է՝ որչափ էլ ապիկար լինի ներկայիս հակապետական և ծայրահեղորեն ապաշնորհ կառավարությունը, ՀԱՊԿ-ն ինքնին, միշտ էլ մեռելածին կառույց լինելով, այսօր պարզապես բռնել է իր վերջնական զրոյացման և անհետացման ճանապարհը»։

Ամփոփելով՝ Քանանյանը հավելեց․ «Ես չեմ կարող Հայաստանի ներկա իշխանությունից, կրկնում եմ, ակնկալել սկզբունքային քայլեր։ Առավելագույնը մեկ տարում Ռուսաստանի կայսրության քայքայմանը զուգահեռ մենք ականատես կլինենք ՀԱՊԿ-ի գոյության դադարեցմանը»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան