Այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնաալով երեկ մետրոյում տեղի ունեցած միջադեպին, հայտնել է, որ իշխանության կողմից տեղահանվածների նկատմամբ ատելություն չկա, կա հոգատարություն, խնամք։
«Խնդրում եմ այլևս չփորձեք մեկնաբանել այնպես, որ տեղահանված մեր քույրերի և եղբայրների նկատմամբ որևէ ձևով կարող է ատելություն գեներացվել իշխանության կողմից։
Նախորդ շաբաթ ներառականության մասով մեծ միջոցառում ունեցանք, որը նվիրված էր տեղահանված մեր քույրերի և եղբայրների պաշտպանությանը։ Այնտեղ շատ մարդիկ կային, որոնք հաստատվել են Հայաստանում և օգտվում են սոցիալական ծրագրերից։ Այդ ամենում ես ոչ թե ատելություն նկատեցի իշխանության կողմից կամ, առհասարակ, վարած քաղաքականությունից, այլ ընդհակառակը՝ հոգատարություն, մեծ խնամք ու մեծ պատրաստակամություն աջակցելու:
Բռնի տեղահանված անձանց հետ կապված, այսօր կան և գործում են բազմաթիվ ծրագրեր, որոնք իրականացվում են կառավարության կողմից, իսկ վարչապետը հանդիսանում է հենց այդ կառավարության ղեկավարը»,- ասել է նա։