«Նիկոլ Փաշինյանը վախեցած է և սեփական ժողովրդին շանտաժի է ենթարկում ու սպառնում պատերազմով», -
Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչն՝ անդրադառնալով Փաշինյանի վերջին հայտարարությանը, որտեղ նա ընդդիմադիր որոշ ուժերի «պատերազմի դուռ բաողներ» էր անվանել։
Oragir.News-ը կապ հաստատեց նշված ուժերի հետ՝ ստանալու նրանց մեկնաբանությունները։
«Ուժեղ Հայաստան» շարժման ներկայացուցիչները մեզ հետ զրույցում նշեցին. «Մենք գնում ենք մեծամասնություն կազմելու օրակարգով և Հայաստանի ապագա վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը»։
Այս կուսակցության խոսնակը նաև
հայտարարություն է տարածել այս թեմայով, որում ասվում է. «Ժողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է։ Նրա վախերը սաստկացել են ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի՝ «Ուժեղ անվտանգության ծրագրի» շնորհանդեսից հետո։ Վախը նրան ստիպում է սեփական ժողովրդին շանտաժի ենթարկել ու սպառնալ պատերազմով։ Նիկոլ Փաշինյան, պատերազմ չի՛ լինելու, լինելու է երկարատև, կայուն ու երաշխավորված խաղաղություն... Ուժեղ դիվանագիտությունը պատերազմ չի՛ սկսում, այն կանխում է պատերազմները»։
Այն հարցին, թե հնարավոր է՝ ԿԸՀ-ի կողմից չգրանցվի «Ուժեղ Հայաստանը», ներկայացուցիչը պատասխանեց, որ իրենք պատրաստ են բոլոր հնարավոր սցենարներին։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանն էլ մեզ հետ զրույցում տարօրինակ համարեց, որ երկրի ղեկավարն առաջնորդվում է Ադրբեջանի նախագահի թելադրած օրակարգով։
«Պետք է հարցնենք, թե ում իշխանության օրոք է եղել 44-օրյա պատերազմը, ում իշխանության օրոք են նահատակվել 5000-ից ավելի երիտասարդներ, ում իշխանության օրոք է հանձնվել Արցախը, ում իշխանության օրոք է 120 000-ից ավել մեր հայրենակիցն էր դարձել անտու փախստականներ... Գագիկ Ծառուկյանը բազմիցս շեշտել է, որ որևէ մեկը պատերազմ չի ուզում, և կոնկրետ մենք ձգտում ենք երաշխավորված խաղաղության, ոչ թե ամեն օր ստորացվող խաղաղության»,- ասաց նա։
Անդրադառնալով ԿԸՀ-ի կողմից կուսակցության չգրանցման հնարավոր ռիսկերին՝ Իվետա Տոնոյանը հույս հայտնեց, որ պետական և դատական մարմինները չեն դառնա իշխանությունների ձեռքի խաղալիք, և բոլոր գործընթացները կընթանան բացառապես օրենքի շրջանակներում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ի տարածած հայտարարության մեջ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերին ուղիղ մեղադրել էր պատերազմի դուռը բացելու և խաղաղությունը վերանայելու քաղաքականություն որդեգրելու մեջ։