Ներքին 7 ամիս առաջ - 19:00 19-03-2026

Զատիկից առաջ ձուն կտրուկ թանկացել է․ ի՞նչ է անում ՏՄՊՊՀ-ն

Զատիկն է մոտենում, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, իսկ սպառողները ահազանգում են ձվերի բարձր գների մասին, որոշ խանութներում մեկ հատ հավկիթի գինը 120 դրամ է դարձել, նախորդ շաբաթների 65-80 դրամի փոխարեն:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը Oragir.News-ի հետ զրույցում բացատրեց, որ սա միայն սպառողական պահանջարկի հետևանք չէ, այլ նաև ագրարային և տնտեսական քաղաքականության բացակայության արդյունք:

«Տարբեր տարիներին մենք տեսել ենք, որ Ամանորին և Զատիկին ձվի պահանջարկը մեծանում է, իսկ տեղական արտադրանքը չի բավականացնում։ Նախկինում ստիպված էինք ներմուծումներ կատարել, որ շուկայում դեֆիցիտ չլինի, գինը չբարձրանա», – ասաց Պիպոյանը և հավելեց,- «Երբ տեղական արտադրանքը թվում էր բավարար, անգամ այդ ժամանակ պետությունը իրականացնում էր քննարկումներ արտադրողների հետ՝ հասկանալու, թե որքան քվոտա տրամադրեր ներմուծման համար։ Բայց սա միայն թղթի վրա է լուծում։ Իրականում, եթե պետական քաղաքականություն չկա, արտադրողը, տնտեսվարողը շուկայում ինքնուրույն է որոշում՝ ինչ գնով վաճառել։ Մի խոսքով, ես ասում եմ՝ գնաճ կա, և սա առաջին դեպքը չէ, միշտ եղել է»:

Պիպոյանն ընդգծեց նաև, որ ձվերի գների բարձրացումը կապված է ոչ միայն սպառողական պահանջարկի հետ, այլև շուկայի մշակույթի բացակայությամբ․

«Մենք պետք է ստեղծենք մի մշակույթ, երբ արտադրողը և սպառողը վստահ են, որ պետությունը մշտադիտարկում է շուկան, կապ ունի բիզնեսի հետ, որ հասկանա՝ ինչպես է ձևավորվում արժեքը»։

Նա նաև օրինակ բերեց, թե ինչպես է միջազգային փորձն ազդել հայկական շուկայում․

«Մի քանի տարի առաջ, երբ մեզ մոտ զեղչեր էին անում, դա ձևական էր։ Պատկերացրեք՝ ասում են՝ 50% զեղչ, բայց 10,000 դրամը դառնում է 15,000, ոչ թե 5,000։ Բայց երբ միջազգային ապրանքանիշներ սկսեցին իրականացնել ակցիաներ մեր երկրում, մեր տնտեսվարողները տեսան, որ այս պարագայում ոչ միայն չեն կորցնում, այլև ավելի շահույթ ստանում»։

Պիպոյանն շեշտեց, որ պետությունը պետք է ճանաչող և ակտիվ լինի․ «Պետությունը պետք է առաջադեմ մոտեցում ունենա, չինովնիկը պետք է մշտապես շփվի բիզնեսի հետ, մշտադիտարկի շուկան, որովհետև եթե դու հետևից ես գնում, միանշանակ հետ ես ընկնում, ու դա վատ ազդեցություն է թողնում ամբողջ տնտեսության վրա»։

Oragir.News-ը նաև կապ հաստատեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ՝ պարզելու, թե ինչպես են վերահսկում հավկիթի շուկան։ Հանձնաժողովից փոխանցեցին, որ ընթացիկ պահին ուսումնասիրում են իրավիճակը, նաև նշեցին, որ Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ, իսկ բոլոր տնտեսական հիմնավորումները և շուկայում առկա խնդիրները գնահատվում են իրենց լիազորությունների շրջանակում:

«Ձվերի գները հասանելի են մեր կայքում, հետաքրքրվածները կարող են տեսնել գները՝ ընտրելով որևէ սուպերմարկետ»,- ավելացրեց ՄՊՀ մամուլի պատասխանատուն:

Նշենք նաև, որ տարվա սկզբին Կաթնամթերքի, պանրի և ձվի գներն, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի (Armstat) զեկույցի՝ աճել են 8%-ով, իսկ ամսական աճը՝ 1.6%-ով:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից