Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 19:35 16-03-2026

Վնգստացող դատավորները շատ են. արժեքավորը հոգևորականների խոսքն է

«Մեր պատմական հիշողության մեջ մտած է, որ երբ խոսում ենք ինչ-որ հարցի շուրջ դատողություն անելուն, ապա առավել հեղինակավորը հենց հոգևորականների խոսքն է»,- ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Oragir.News-ի հետ զրույցում, պատմական զուգահեռներ անցկացնելով այն ժամանակաշրջանի հետ, երբ եկեղեցին ուներ դատական իշխանության գործառույթներ։ Նա շեշտեց, որ հայկական իրավական ավանդույթում հոգևորականի խոսքը միշտ եղել է ամենահեղինակավորը: Նա հավելեց, որ հանրային այս դիրքը հավելյալ պատասխանատվություն էր հոգևորականության համար:

Անդրադառնալով Փաշինյանի կողմից դատավորներին «պատերի տակ վնգստացողներ» անվանելու և հոգևորականների դեմ հարձակումների միջև կապի վերաբերյալ հարցին, իրավապաշտպանը նշեց, որ վարչապետի հնչեցրած վիրավորական որակումների և եկեղեցու դեմ արշավի միջև ակնհայտ նմանություններ կան։ «Երկու դեպքում էլ գործ ունենք վարչապետից կախվածություն չունեցող համակարգերի հետ, որոնց փորձ է արվում նվաճել»,- ասաց նա։

Անդրադառնալով ՔՊ-ական պաշտոնյաների կողմից դատական ակտերի հաճախակի բողոքարկումներին՝ իրավապաշտպանը նշեց, որ բողոքարկելու իրավունքը դատական պրոցեսի անբաժանելի մասն է և չպետք է դիտարկվի քննադատական լույսի ներքո:

Որպես կարևորագույն պատմական դաս, որ պետք է ներկայիս իշխանություններին՝ Մելիքյանն առանձնացրեց հայրենասիրությունը և պետական շահի գերակայությունը.

«Ամենակարևոր որակն այն է, երբ մեր երկրի ղեկավարները անձնազոհության էին դիմում, պետական շահ չէին զիջում և թշնամու կողմը չէին անցնում»:

Հիշեցնենք՝ երեկ՝ մարտի 15-ին, Դատավորի կիրակին էր։ Այս առիթով Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում տեղի է ունեցել Ռուբեն Մելիքյանի բանախոսությունը «Մխիթար վարդապետ Գոշը՝ արդար դատավորի որոնումներում» թեմայով: