Սրտի զարկերի հաճախականության վերաբերյալ նոր հետազոտությունները ցույց
են տալիս, որ սառնասրտությունը բնավորության գիծ չէ։ Դա ֆիզիոլոգիական
հմտություն է, որը կարելի է մարզել նյարդային համակարգի միջոցով, և հենց դա
կարող է որոշել, թե ով կհաջողի ամենաշատ պատասխանատվություն
պահանջող պահերին։
Օլիմպիական մրցումների հաղթանակների մեծ մասը որոշվում է վայրկյանի
հարյուրերորդականներով, երբեմն անգամ մինչ մարզիկը մեկնարկի գիծը
կանցնի։
2016 թվականին՝ Ռիո դե Ժանեյրոյի խաղերում 4x200 մետր ազատ ոճի էստաֆետից ընդամենը րոպեներ առաջ, Մայքլ Ֆելփսի լողի գլխարկը պատռվեց լողավազանի եզրին։
Այդպիսի փոքր խափանումը բարձրագույն մակարդակում կարող է վերածվել իրական աղետի։ Տեսախցիկներ, հովանավորներ, աղմկոտ մարզադաշտ։ Սակայն նա արձագանքեց այնպես արագ և հանգիստ, կարծես
պարզապես կոճակ էր ամրացնում։ Նա խնդրեց թիմակցի գլխարկը և եզրափակիչ
փուլում լողաց այնպես, որ թիմին բերեց ոսկե մեդալ։
Դա առաջին հայացքից նմանվեց բնազդի, բայց իրականում բնազդ չէր։ Դա
վարժանք էր՝ այնքան կրկնված, որ դարձել էր բնազդաբար ի հայտ եկած արձագանք։
Տարիներ շարունակ Ֆելփսը պատկերացրել էր իր յուրաքանչյուր հնարավոր
մրցարշավը։ Լուռ պահերին նա «ապրում» էր մրցումները մտքում՝
պատկերացնելով տարբեր սցենարներ. իդեալական կատարում, ոչ այնքան
հաջող տարբերակ, կամ այն, երբ ինչ-որ բան սխալ է ընթանում։ Երբ Ռիոյում
ստեղծվեց այդ անսպասելի իրավիճակը, այն արդեն ծանոթ էր լողորդին։
«Մենք օգտագործում էինք վիզուալիզացիա կոչվող մեթոդը,- բացատրում է նա։- Մտքումդ լողում ես մրցումը երեք տարբեր ձևերով։ Եթե ինչ-որ բան պատահի, դու
արդեն դրա մասին մտածել ես»։
Այդ մտավոր պատրաստվածությունն օգնեց ձևավորել ֆիզիոլոգիական
հմտություն, որը գիտնականները միայն հիմա են սկսում ուսումնասիրել։
Մարմնի «փոխանցումների» կարողությունը
Տասնամյակներ շարունակ Ֆելփսի նման պահերը մարդիկ բացատրում էին
«մտավոր ամրություն» կամ «ճնշման տակ փայլել» արտահայտություններով։
Սակայն այժմ ճնշման պայմաններում կատարողականություն ուսումնասիրող
գիտնականները տեսնում են ավելի ճշգրիտ բացատրություն։
Սրտի զարկերի հաճախականությունը ցույց է տալիս, թե որքան արդյունավետ է
մարմնը կլանում սթրեսը և վերադառնում հավասարակշռության։ Բարձր
պատասխանատվության իրավիճակներում այդ ճկունությունը կարող է նույնքան
կարևոր լինել, որքան ուժն ու դիմացկունությունը։
Ժամանակի ընթացքում չափված զարկերի հաճախականությունը ծառայում է
որպես տեղեկատվություն, որը օգնում է հետազոտողներին և մարզիչներին
հետևել սթրեսին հարմարվողականությանը և դրա վերականգնմանը։ Այն չի
փոխարինում ֆիզիկական պատրաստվածության ցուցանիշներին, սակայն
լրացնում է դրանք՝ ցույց տալով այն, ինչը մկանային ուժը կամ արագությունը չեն
արտացոլում. արդյո՞ք համակարգը այսօր պատրաստ է դիմակայելու սթրեսին և
կարո՞ղ է արդյոք արագ վերադառնալ ելակետային վիճակին։
Նյարդաբան Վիկրամ Չիբը, որն ուսումնասիրում է մոտիվացված
կատարողականությունը, կենտրոնանում է այն բանի վրա, թե ինչպես է ուղեղը
միավորում խթանները շարժողական արձագանքի հետ։ Բարձր
պատասխանատվություն իմիտացնող լաբորատոր փորձերում նրա խումբը
հայտնաբերել է, որ այն մարդիկ, որոնք չափազանց զգայուն են պարգևների
նկատմամբ, ավելի հավանական է, որ «ձախողվեն» ճնշման տակ։ Փողը,
կարգավիճակը և հանդիսատեսի հայացքն ընկալվում են որպես
խթաններ։ Ուղեղը դրանք վերածում է արժեքային ազդակների, որոնք կարող են
խանգարել սահուն կատարողականությանը։
«Մարդիկ հաճախ մտածում են, որ կատարողականությունը պարզապես
շարժումների կրկնվող ուսուցում է։ Բայց դու երբեք այդ շարժումները չես անում մեկուսացված պայմաններում,- ասում է Չիբը։- Դու կատարում ես գործողություն այն պահին, երբ ուղեղդ մշակում է խթաններ, և այդ մշակումը փոխում է, թե ինչպես է մարմինն արձագանքում ճնշման տակ»։
Նման պահերին նյարդային համակարգը կարող է դժվարանալ տարբերակել
առաջնության եզրափակիչը իրական վտանգից։
Երբ դա տեղի է ունենում, փոփոխությունը չի սահմանափակվում միայն
որոշումների ընդունման կենտրոններով։ Այն ուղեկցվում է շնչառության,
մկանային լարվածության և սրտի ռիթմի փոփոխություններով՝ փոխելով
ինքնավար նյարդային համակարգի հավասարակշռությունը, ինչը կարելի է չափել HRV-ի միջոցով։
Ամենակարևորը՝ այս խանգարումը չի մնում միայն ուղեղում։ Այն արտահայտվում
է մարմնում։
Ճկունության չափանիշ
Առողջ սիրտը չի աշխատում մեխանիկական մետրոնոմի նման։ Այն մշտապես
հարմարվում է՝ երբեմն արագանալով, երբեմն դանդաղելով, արձագանքելով
սթրեսին և ապա վերադառնալով հանգիստ ռիթմին։ Այդ ռիթմը բացահայտում է, թե իրականում որքան ճկուն է նյարդային համակարգը: