Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե սկզբունքորեն մերժում է ընտրակաշառք բաժանելը, թե այլևս երբեք թույլ չի տալու, որ ընտրակաշառք բաժանվի։ Սակայն սա չի նշանակում, որ թեկնածուները չեն փորձելու շահագրգռել ընտրողին։
Ինչպե՞ս էին նախկինում շահագրգռում ընտրողին։ Եվ ինչպես է ներկայում ՔՊ-ական իշխանությունը շահագրգռում իր պոտենցիալ ընտրողներին։
Նախքան թավշյա հեղափոխությունը նախընտրական շրջանում ընտրակաշառք էին բաժանում՝ փոքրիկ գումար տալիս ընտրողներին, շահագրգռում՝ կորզելով իրենց թեկնածուին ընտրելու խոստում։ Այսինքն՝ մի քանի հազար դրամ էին տալիս ընտրողին, որ նա ընտրությունների օրն իրենց թեկնածուին ընտրի։ Ընտրակաշառք բաժանում էին բազմաթիվ թեկնածուներ։ Ամենաշատը՝ բաժանում էին ռուսամետ ուժերը։
Ընդդիմախոսները բազմիցս անդրադարձել են պարգևավճարների թեմային։ Ոմանք այն դիտարկում են որպես շահագրգռելու գործիք, որ մարդիկ ոչ միայն ավելի լավ աշխատեն, այլև պաշտպանեն իշխանության կուսակցությանը, նրա վարած քաղաքականությունը, իսկ ընտրություններում քվե տան նրան, ապահովեն նրա վերընտրությունը։ Պարգևավճարը նման է ընտրակաշառքին, քանի որ երկու պարագայում էլ քաղաքացին շահագրգռվում է։ Տարբերությունն այն է, որ ընտրակաշառք բաժանելով շահագրգռելը քրեորեն պատժելի արարք է, իսկ պարգևավճարներ բաժանելով շահագրգռելը՝ ոչ։
ՔՊ-ի հիմնական գործիքը մանիպուլյացիան է եղել։ Փաշինյանը մանիպուլյատիվ հնարքներ է կիրառել, ոգևորել ընտրողներին։ Նա մրցակիցներին թալանչի է որակել, հայհոյել։ Ենթադրելի է, որ առաջիկայում էլ նոր մանիպուլյացիաներ են կիրառելու։ Արդեն ակնարկում են, որ բոլոր մրցակցիներին որակելու են պատերազմի կուսակցություն, վախեցնելու են ժողովրդին, որ եթե ՔՊ-ին չընտրեք, ապա պատերազմ է սկսվելու։
Սակայն մարդկանց մեծ մասը սթափ դատողություն ունի և մանիպուլյացիաներին չի ենթարկվում։ Այս խումբ մարդկանց շահագրգելու համար անհրաժեշտ են առարկայական քայլեր։ Հետևապես ենթադրելի է, որ ՔՊ-ն ևս նյութապես, ֆինանսապես շահագրգռելու է ընտրողներին։ Եվ շահագրգռելու մեթոդը, հավանաբար, կլինի պարգևավճարը։
Նկատենք, որ ՔՊ-ի ռեալ ընտրողները վարչական աշխատողներն են, հարկատուների միջոցներով աշխատավարձ ու պարգևավճար ստացողները։ Մոտավոր հաշվարկներով՝ վարչական ռեսուրսը կազմում է 15 տոկոս։ Եթե մասնակիցների թիվը մեծ լինի, իսկ մրցակիցները կազմակերպված մասնակցեն ընտրություններին, ապա 15 տոկոս քվեով ՔՊ-ն կպարտվի ու ընդդիմություն կդառնա։ Սա հաշվի առնելով, Փաշինյանը, հավանաբար, կկարգադրի, որ եթե վարչական աշխատողները լավ աշխատեն ՔՊ-ի օգտին, լավ քարոզչություն անեն, շատ մարդ բերեն, ապա հավելյալ պարգևավճար կստանան։
Եթադրելի է նաև, որ կփորձեն ավելացնել վարչական ռեսուրսը, այսինքն՝ 15 տոկոսը դարձնեն 20 կամ ավելի: Դրա համար հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բազմաթիվ հիմնարկներում առաջիկայում, հավանաբար, կբացվեն նոր աշխատատեղեր, կհորինվեն նոր հաստիքներ, որոնք կզբաղեցնեն ՔՊ-ականներ կամ ՔՊ-ի պոտենցիալ ընտրողներ։ Աշխատանքն ու պարգևավճարը կարող են ռեալ շահագրգռել մարդկանց, որ նրանք ընտրեն իշխանության կուսակցությանը, նպաստեն նրա վերարտադրությանը։
Հաշվի առնելով, թե ինչքան շատ պետական հիմարկներ կան, ապա կարելի է մոտավորապես հաշվել, որ եթե առաջիկայում նախարարություններին ենթակա հիմնարկներում, թաղապետարաններում, քաղաքապետարաններում, պոլիկլինիկաներում, դպրոցներում բազմաթիվ հաստիքներ բացվեն, աշխատակիցներին խոստանան պարգևավճարներ հունիսի 7-ից հետո, ապա ՔՊ-ի ընտրողների, ՔՊ-ի համար աշխատողների թիվը կավելանա, 15-ը կդառնա 20 և ավելի, և ՔՊ-ի պարտվելու ռիսկերը մասամբ կչեզոքացվեն։
Պարզ ասած՝ վարչական ռեսուրսի ավելացումը, պետական սեկտորում նոր հաստիքների բացումը, պարգևավճար ստանալու մասին հավաստիացումներն ուղղակի արտահայտվելու է ՔՊ-ին տված քվեների քանակ վրա։ Եվ ենթադրելի է, որ դիտորդներն այս ամենը չեն որակի որպես ընտրակաշառք, ընտրակեղծիք կամ նման բան, կասկածի տակ չեն առնի ընտրությունների օրինակարգությունը։
Թաթուլ Մկրտչյան