Հայաստանի իշխանությունները պաշտոնապես հրաժարվում են ընդունել Ռուսաստանի կողմից Արցախից տեղահանված մարդկանց համար ուղարկված մարդասիրական օգնությունը։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ Երևանից պաշտոնական ալիքներով պատասխանել են՝ «Շնորհակալություն, պետք չէ», թեև 2025 թվականի հունիսից մինչ օրս արդեն մոտ 140 տոննա օգնություն է բաժանվել կարիքավորներին։
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը
Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, նկատեց. «Զախարովան իր խոսքում նշեց նաև, որ հասարակական կազմակերպություն է դիմել, դա հենց մեր՝ «Արդարություն և վերադարձ» հասարակական կազմակերպությունն է, որին, ի զարմանս մեզ և ի ուրախություն մեզ, երկու օր հետո արձագանքել են»։
Պատգամավորը նշեց, որ նախնական խնդրել էին աջակցել 6300 ընտանիքի, բայց արդեն տասնյակ հազարավոր ընտանիքներ այդ աջակցությունը ստացել են։ Նա շեշտեց, որ ինքն անձամբ տեսել է՝ ինչ բարձր որակի ապրանքներ են, որոնց մեծագույն կարիքը կա։
«Սա առաջին դեպքը չէ, որ ՀՀ իշխանությունները փորձում են խոչընդոտել օգնություն տրամադրմանը։ Հաջորդ ճնշումը եղավ, որ պահանջում էին, որ նման գործունեությունը բացառապես իշխանությունների միջոցով արվի, ինչը մերժում ստացավ մի պարզ պատճառաբանությամբ, որ այն բոլոր միջոցառումները, որտեղ ներգրավված են եղել ՀՀ իշխանությունները, դրանք երբևէ նպատակային չեն եղել», հավելեց նա։
Մետաքսե Հակոբյանը կարծիք հայտնեց, որ Միասնական սոցիալական ծառայությունը ոչ պրոֆեսիոնալ է աշխատել, և օգնությունը տվել են այնպիսի մարդկանց, ովքեր դրա կարիքը չեն ունեցել։
Անդրադառնալով օգնությունը կասեցնելու փորձերին՝ Մետաքսե Հակոբյանն ասաց․
«Իրենք առ այսօր այդպես հիմնավոր պատճառաբանություն չգտնելով՝ չէին կարողացել կասեցնել, իսկ հիմա կեղծ՝ տափակ պատճառաբանությամբ, որը որևէ կապ չունի ընտրությունների հետ, փորձում են կասեցնել»։
Մետաքսե Հակոբյանը նաև հայտնեց, որ մերժվում է ոչ միայն ռուսական կողմի, այլև տարբեր միջազգային կազմակերպությունների ու երկրների առաջարկած լուրջ սոցիալական աջակցությունը՝
«Ես շատ լավ հասկանում եմ դրա քաղաքական ենթատեքստը և նպատակը։ Այս իշխանություններն ուզում են, որ արցախցին գնալով ավելի ծանր ու գերծանր վիճակում հայտնվելու արդյունքում այլևս չխոսի վերադարձի մասին, չերազի իր տուն գնալու մասին»։
Իր խոսքի վերջում պատգամավորը բերեց մեկ օրինակ, թե ինչպես են իշխանությունները վատ կազմակերպում նույնիսկ միջազգային դրամական օգնությունը՝
«Բանկերում մեկանգամյա հաշիվներ են բացվում, մարդիկ տեղեկացված չեն լինում, ու արդյունքում այդ գումարները կորում են կամ հետ գնում։ Դրա պատճառով շատ կազմակերպություններ խուսափում են իշխանությունների հետ համագործակցելուց, քանի որ օգնությունը տեղ չի հասնում»։