Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:30 12-03-2026

Փաշինյանը խոստովանեց՝ Գզոյանին ինքն է ուղղորդել, որ հեռանա, կոշտ մեղադրանքներ Վեհափառին․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է մարտի 12-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանն այսօր հաստատեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնանկ է արվել իր անմիջական հրահանգով՝ փետրվարի սկզբին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Արցախյան հակամարտության մասին գիրք նվիրելու համար։ «Որովհետև երբ որ երկրի վարչապետը ասում ա, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել՝ ի՞նչ ա դա նշանակում», - ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Փաշինյանը: «Էս երկրում քա՞նի հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի: [...] Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականություն վարում ա Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և ով որ, Հայաստանի էն պետական պաշտոնյան, ով որ Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք ա ազատվի աշխատանքից, ըտեղ ի՞նչ թեմա կա», - ընդգծեց նա` հավելելով. - «Այսինքն, մենք պետություն ե՞նք, թե՞ սա բան ա, ինքնագործ խմբակ ա, որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք բան անում, փորձարկում։ Սա պետություն ա, հարգելիներս, սա պետություն ա հստակ իր կառավարման տրամաբանությամբ և պետական համակարգով, և ըտեղ չքմեղանալու բացարձակ ոչ մի բան չկա: Կառավարությունն ա որոշում արտաքին քաղաքականությունը, ես Կառավարության ղեկավարն եմ՝ այդ թվում ես եմ, այո», - ասաց Փաշինյանը: «Այսինքն՝ թանգարանի տնօրենը հեռացվել է Ձեր ցուցումով՝ այն բանի համար, որ ԱՄՆ փոխնախագահին Արցախի վերաբերյալ գի՞րք է նվիրել»,- լրագրողը Փաշինյանին հետևյալ ճշտող հարցը տվեց և նրանից հետևյալ պատասխանը ստացավ․ «Իմ ցուցումով, այո՛, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի, իմ ցուցումով»: Հարցին էլ՝ «Արցախի մասին իր խոսելը, նաև գիքր նվիրելը, Դուք համարել եք դա Կառավարության քաղաքականությանը հակառակ ինչ-որ գործողությո՞ւն», Փաշինյանը պատասխանեց. - «Այո, ես դա համարել եմ Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի»:

Ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ավելի բաց խոսեց, թե ինչ նկատի ունի, երբ Եկեղեցուն կամ որոշ հոգևորականների մեղադրում է պատերազմի կուսակցություն լինելու կամ ստեղծելու համար: Ըստ Փաշինյանի՝ Վեհափառը մի խումբ հոգևորականների հետ միասին ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը, ինչը շատ պարզ բացատրություն ունի։ «Ես գնում եմ պատարագների, և տեսնում եմ, որ պատարագի ժամանակ հղում են անում՝ Արցախի Հանրապետություն և այլն, ընդ որում, պատարագի տեքստում էդպիսի բան չկա, պատարագի տեքստից շեղվում են: Դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է կոնֆլիկտ, այսինքն՝ հղում ենք անում Արցախի Հանրապետություն և այլն, դա նախ նշանակում է կոնֆլիկտ, և հետո, եթե էդ տեսությունն ենք որդեգրում, այդ տեսության ճանապարհին, պետք է գնալ կոնֆլիկտի, բա ո՞նց ենք լուծում։ Ամեն էդպիսի նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ՝ էսօր, վաղը, մյուս օրը, էն մյուս օրը, ես չգիտեմ, բայց դա նշանակում է պատերազմի կոչ: Երբ ամեն ամբիոնից ասում են՝ Արցախի Հանրապետություն, էդ պատերազմի ճանապարհին ոտք դնել է»։ Փաշինյանը նշեց նաև, որ Ադրբեջանն էլ հայելային կերպով առաջ է քաշում փախստականների վերադարձի թեման՝ պնդելով, որ այս թեմաները զարգանալու են, զարգանալու, բախվելու են իրար և անխուսափելիորեն դառնան պատերազմ։ Կառավաորության ղեկավարը նաև պնդել է, թե, իբր,Վեհափառը եկեղեցին կառավարում է Պետական անվտանգության կոմիտեի գործակալի խողովակով և տրամաբանությամբ, իսկ պատարագների ժամանակ Արցախի Հանրապետություն ձևակերպումը հնչեցնելը վկայում է այն մասին, որ վերջինս ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը։ Նիկոլ Փաշինյանը նաև այս համատեքստում հայտարարեց, որ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չի արվելու:

Կառավարությունն առաջիկայում ևս 4.6 մլրդ դրամի պարգևավճարներ կբաժանի պետական մարմիններին։ Համապատասխան որոշման նախագիծը հաստատվեց այսօրվա նիստում։ Գումարն ուղղվելու է 2025-ի երկրորդ կիսամյակի համար։ Պաշտոնապես պարգևավճարների բաժանման այս որոշումը կոչվում է «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսում»։ Վերջին խոշոր չափերով պարգևավճարները պետական մարմիններում բաշխվել էին երեք ամիս առաջ՝ Ազգային ժողովի պատգամավորների հաշվին մուտք էր եղել 3 մլն դրամ։ Նիկոլ Փաշինյանը 2025-ի վերջին ստացել էր 12 մլն դրամ պարգևավճար, չհաշված աշխատավարձը։ Այսօր Կառավարության նիստում նա միլիարդավոր դրամների պարգևավճարների բաշխումը անվանեց պետության հարատևության օրակարգի մեջ տեղավորվող որոշում։ «Այս համակարգը արդյունքներ է բերում ՀՀ քաղաքացիներին», - վստահեցրեց Փաշինյանը, նաև ասաց, որ դա հակակոռուպցիոն քաղաքականության մաս է։ Միլիոնավոր դրամների պարգևավճար ստացած նախարարները, փոխնախարարները, սակայն, մինչ այս պահը չեն գաղտնազերծել իրենցից յուրաքանչյուրի ստացած պարգևավճարի չափը՝ չնայած հայտարարված թափանցիկ, ազնիվ և հակակոռուպցիոն նպատակներին։ Նրանք առաջարկում են սպասել ամիսներ անց իրենց կողմից ներկայացվելիք հայտարարագրերին։ Մինչդեռ պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող հայտարարագրի ներկայիս ձևը չի առանձնացնում և թույլ չի տալիս ամբողջական ու լիարժեք պատկերացում կազմել միայն պարգևավճարի գծով նրանց ստացած եկամտի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան