Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 20:17 25-11-2025

Մայր Աթոռում ժողով է, նոր մեղադրանքներ ՀԷՑ-ին, գլխավոր դատախազը զբաղված է, ԱԺ չի գնա․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է նոյեմբերի 25-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ նոյեմբերի 25–ին, եպիսկոպոսաց ժողով է հրավիրվել։ Եպիսկոպոսաց ժողովում, ամենայն հավանականությամբ, քննության առարկա կդառնա նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հարցը։ Նախօրեին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» գրել էր. «Համացանցում մի լուսանկար է տարածվում, որում ներկայացված է դիմում՝ ուղղված Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին: Դիմումը ստորագրել էին 7 եպիսկոպոսներ։ Նամակով նրանք առաջարկում են, որ Վեհափառ Հայրապետը որոշակի ժամկետով կասեցնի Արշակ Սրբազանի զբաղեցրած բոլոր պաշտոնները, և նա ապրի Մայր Աթոռից դուրս, այլ վայրում, որտեղ կորոշի կաթողիկոսը»։ Ավելի վաղ համացանցում տարածվել էին Արշակ Սրբազանին վերագրվող անպարկեշտ տեսանյութեր։ Քննչական կոմիտեն տեսանյութերի տարածման դեպքի առթիվ վարույթ էր նախաձեռնվել։Արշակ Սրբազանն արձագանքել էր տարածված տեսանյութերին՝ հայտարարելով. «Ցանկանում եմ արձանագրել, որ ուժերի գերլարումով իսկ, լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել: Հետևաբար՝ շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում եմ» իմ արհամարանքն ու քմծիծաղը»։ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Նա հայտարարել է, որ պետությունը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հետագա կառավարման վերաբերյալ երկու տարբերակ ունի։ Ուղիղ եթերում հեռարձակված հանդիպմանը Փաշինյանը հիշեցրեց, որ առաջին տարբերակն է՝ սահմանված օրինական ընթացակարգերով ՀԷՑ-ն ամբողջությամբ դարձնել պետական սեփականություն, որից հետո հրավիրել ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ: «Այսինքն՝ կոնցեսիոն սկզբունք, լինում է պետական սեփականությունը և կառավարվում է պրոֆեսիոնալ ընկերության կողմից, իհարկե կառավարության վերահսկողության ներքո», - նշեց Փաշինյանը: Երկրորդ տարբերակը նոր ներդրող գտնելն է: Սա կկիրառվի այն դեպքում, եթե հնարավոր չլինի առաջինը: Վարչապետը նշեց, որ այնուամենայնիվ ընկերությունը վերցնելու համար պետք է վճարեն: Փաշինյանը, սակայն, հավելեց՝ ինքն առաջին տարբերակին է կողմնակից:

Հանդիպման առաջին հատվածում Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց, իր պնդմամբ, խախտումներ, որոնք կատարվել են ՀԷՑ-ում նախկին ղեկավարների ժամանակ, այդ թվում՝ հավելագրումներ, արևային կայաններից ինքնավար էլեկտրաարտադրողների արտադրած էներգիայի թերգրանցում և այլն, որոնք Փաշինյանը, ըստ էության, որակեց «փողերի լվացում»:Պետրոսյանը նաև պնդեց, թե ջնջվել է ՀԷՑ-ի 2018-24թթ. նոյեմբեր ամիսն ընկած ամբողջ տվյալների բազան: ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը, մինչդեռ, ավելի վաղ հակադարձելով ՀԾԿՀ նախագահին, ասել էր, որ իր՝ ընկերությունում աշխատանքի անցնելուց հետո այս տվյալները վերականգնվել են: Փաշինյան-Պետրոսյան քննարկմանն էլ այսօր անդրադառնալով՝ նշել է, որ Փաշինյանը «փորձում էր ներկայացնել ՀԷՑ-ը խլելու համար հիմնավորումներ»։ Կարապետյանը նաև շեշտել է, որ Փաշինյանը «մարդկանց վարկաբեկելու լավ մասնագետ է», բայց դրույթների մեջ չի խորանում՝ խոստանալով ներկայացված կետերին անդրադառնալ ավելի ուշ:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով խորհրդարանական լսումներին, որոնք նախատեսված են նոյեմբերի 26–ին: Այս մասին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Որպես պատճառաբանություն նա նշել է, որ զբաղված է։ Բնական է: Հո ՔՊ-ի հրավիրած լսումները չե՞ն, որ Վարդապետյանը թողնի իր բոլոր գործերը, ներկայանա ԱԺ և աջուձախ իշխող խմբի պատգամավորներին զեկուցի, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն ինչ նրանց սրտով է։ Հո հերթական ընդդիմադիր պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարց չէ՞, որ Աննա Վարդապետյանը շտապի ԱԺ։ Մի խոսքով, զարմանալի կլիներ, եթե Աննա Վարդապետյանը ներկայանար ԱԺ ու փորձեր հիմնավորել, որ ՀՀ-ում քաղաքական հետապնդման ենթարկվողներ չկան»,– գրել է պատգամավորը։Հիշեցնենք, որ նոյեմբերի 20–ին ՀՀ դատախազության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ և ընդդիմադիր ուժեր բողոքի ակցիա անցկացրին` պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Ակցիայի ժամանակ հայտնի դարձավ, որ ընդդիմադիրները շրջանառության մեջ են դրել «ՀՀ–ում քաղբանտարկյալների և նրանց իրավունքների պաշտպանության մասին» հայտարարության նախագիծ, որի շրջանակում նոյեմբերի 26–ին լինելու են լսումներ։ Լսումներին հրավիրել են նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների, որպեսզի նրանց տեղեկացնեն, թե ինչ է կատարվում ՀՀ–ում։ Այս հրավերը փոխանցվել էր նաև գլխավոր դատախազին։

Մանրամասները՝ տեսանյութում: