Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ընտրական օրենսդրության մի շարք փոփոխություններ՝ ընդգծելով, որ դրանք միտված են քաղաքական համակարգի խոշորացմանը և ընտրական գործընթացների արդյունավետության բարձրացմանը։
Նրա խոսքով՝ փոփոխությունների համաձայն, կուսակցությունների համար ընտրական շեմը սահմանվել է 4 տոկոս, իսկ դաշինքների համար՝ 7, 8 և 10 տոկոս՝ կախված դաշինքում ընդգրկված կուսակցությունների թվից։ «Եթե դաշինքում ընդգրկված են երկու կուսակցություն, շեմը կազմում է 8 տոկոս, իսկ երեք և ավելի կուսակցությունների դեպքում՝ 10 տոկոս»,– պարզաբանեց ԿԸՀ նախագահը։
Նա նաև նշեց, որ փոփոխվել է ընտրություններին մասնակցելու համար սահմանված ընտրական գրավի չափը։ Եթե նախկինում կուսակցությունների համար այն կազմում էր 10 միլիոն դրամ, ապա այժմ այն նվազեցվել է մինչև 7.5 միլիոն դրամ։ Դաշինքների դեպքում սահմանվել է 15 միլիոն դրամի գրավ։ ԿԸՀ նախագահի խոսքով՝ այս փոփոխությունները նպատակ ունեն խթանել քաղաքական ուժերի խոշորացումը և խրախուսել գաղափարական հիմքով ձևավորված ավելի կայուն քաղաքական միավորների ստեղծումը։ Ն
ա հիշեցրեց, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված է ավելի քան հարյուր կուսակցություն, սակայն ակտիվ քաղաքական գործունեություն ծավալում են դրանցից միայն մի մասը։
«Եթե օրենսդրական փոփոխությունները նպաստեն ավելի խոշոր և կայուն քաղաքական ուժերի ձևավորմանը, դա կարևոր ազդեցություն կունենա քաղաքական համակարգի զարգացման և ընտրությունների որակի բարձրացման վրա»,– նշեց նա։
Կոալիցիաների ձևավորման նոր կարգ Փոփոխություններից մեկը վերաբերում է նաև կոալիցիաների ձևավորման կարգին։ Նոր կարգավորման համաձայն՝ կառավարություն ձևավորելու իրավունքը սկզբում տրվում է առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժին։
Եթե սահմանված ժամկետում այդ ուժը չի կարողանում կառավարություն ձևավորել, ապա հնարավորություն է տրվում մյուս քաղաքական ուժերին՝ կոալիցիա կազմելու միջոցով ձևավորել կառավարություն։ Լրացուցիչ մանդատների ինստիտուտը ԿԸՀ նախագահը անդրադարձավ նաև լրացուցիչ մանդատների ինստիտուտին, որը գործում է այն դեպքում, երբ որևէ քաղաքական ուժ չի ստանում խորհրդարանական մանդատների բացարձակ մեծամասնություն։ Նրա խոսքով՝ եթե քաղաքական ուժը մեծամասնություն չունի, բայց նրա ստացած մանդատները չեն հասնում 52 տոկոսի, ապա օրենքը նախատեսում է լրացուցիչ մանդատների տրամադրում՝ մինչև այդ շեմը լրացնելու համար։
Այս մեխանիզմը ներդրվել է այն նպատակով, որպեսզի խորհրդարանում ձևավորվի կայուն մեծամասնություն և կառավարությունը չհայտնվի կախվածության մեջ ազգային փոքրամասնությունների պատգամավորներից։ Մանդատների բաշխման նոր մեխանիզմ Փոփոխություններ են կատարվել նաև մանդատների բաշխման կարգում։ Նոր կարգավորման համաձայն՝ որոշ դեպքերում մանդատների վերաբաշխում կարող է իրականացվել այն քաղաքական ուժերի միջև, որոնք հաղթահարել են ընտրական շեմը։
ԿԸՀ նախագահի խոսքով՝ նախկինում նման իրավիճակներում կարող էր կիրառվել լրացուցիչ մանդատների տրամադրման մեխանիզմը, սակայն նոր կարգավորումներով նման դեպքերում մանդատները կբաշխվեն արդեն շեմը հաղթահարած քաղաքական ուժերի միջև՝ առանց խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի ավելացման։