Թանձր վարագույրը կամ խորհրդավորության քողն ասեկոսեի տեղիք են տալիս։
Մարտի 6-ին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, թե Կառավարման ակադեմիայում մասնակցել է վերապատրաստման առաջին դասին, ինչի մասին գրառում կատարեց «Կրթվելը նորաձև է» ընդգծմամբ։ Մարտի 10-ին կրկին նույն ընդգծմամբ տեսանյութ հրապարակեց, կից գրելով. «Այսօր Կառավարման ակադեմիայի մեր երկրորդ դասն էր»։ Այս տեսանյութերից պարզ չէ, թե ի՞նչ է սովորում այնտեղ, ի՞նչ իմաստ ունի նրա վերապատրաստումը։ Այս առումով մի քանի վարկած է պտտվում։
Ամենաշատ շրջանառվող վարկածով ենթադրվում է, որ Փաշինյանն այս տեսանյութերով փորձում է տպավորություն ստեղծել, թե չնայած՝ Աննա Հակոբյանից բաժանվել է, սակայն «Իմ քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» շարժման գաղափարից չի բաժանվել, շարունակում է Աննա Հակոբյանի սկսած շարժումը։ Ինչպես ասում են՝ Աննան գնաց, կրթվելը մնաց։
Հիշենք, որ «Կրթվելը նորաձև է» շարժման քողի տակ Նիկոլ Փաշինյանը իր քարոզչությունն էր իրականացնում, իր գաղափարները տարածում հանրության շրջանում։ Արշավի վերջին հանդիպումներում նա կրկնվում էր, նոր ասելիք չուներ։ Շարժումը մարեց, քանի որ հանդիպումներին մասնակցում էին նույն մարդիկ, որոնք հոգնել էին նուն բաները լսելուց։ Եվ հիմա Փաշինյանը տպավորություն է ստեղծում, թե նոր բաներ է սովորում, նոր ու հետաքրքիր բաներ է պատմելու առաջիկա քարոզարշավում։
Բազմաթիվ գործիչներ են այսօր հավակնում վարչապետի պաշտոնին։ Նրանց մեծ մասը բարձրագույն կրթություն ունի, ոմանք գիտական աստիճան ունեն։ Իսկ Փաշինյանը ո՛չ դիպլոմ ունի, ո՛չ գիտական կոչում։ Կառավարման ակադեմիայի դասընթացը կլրացնի բացը։ Նրա կենսագրության մեջ կգրեն՝ «Կառավարման ակադեմիայի դասընթացի է մասնակցել, ստացել վկայական»։ Գուցե նաև ինչ-որ պատվավոր կոչում էլ կստանա։ Այսպիսով՝ կարող է փոքր ինչ հավասարվել մրցակցիներին։
Տարածվող տեսանյութերում երևում է, որ Փաշինյանը մոտ 10 հոգու հետ միասին է մասնակցում դասընթացին, որոնք նույնքան ուշադիր լսում են դասը։ Ովքե՞ր են նրանք, քաղաքականության հետ կապ ունե՞ն։ Ասում են, թե Փաշինյանի հետ վերապատրասվողները ստվերային կաբինետի անդամներն են։ Այսինքն՝ ՔՊ-ի հին գվարդիան զորացրվելո՞ւ է, լրիվ նոր կաբինե՞տ է ձևավորվելու։
Ավելի լուրջ խնդիր էլ կա։ Փետրվարի 28-ից դռնեդուռ քարոզարշավ անող Փաշինյանը դիմադրության, անտարբերության ու անհարմար հարցերի է հանդիպում։ Քաղաքացիներն անվարան ցույց են տալիս, որ դեմ են նրա քաղաքականությանը։ Եթե այսպես շարունակվի, ապա չի բացառվում, որ ՔՊ-ն ընդդիմություն կդառնա հունիսի 7-ին։
Այս հնարավոր հեռանկարը կանխելու համար, Փաշինյանը, ենթադրաբար, Կառավարման ակադեմիայի առաջ խնդիր է դրել, թե ի՞նչ նոր մանիպուլյացիոն հնարքներով կարող է բարձրացնել իր վարկանիշը, ինչպե՞ս ազդել սոցիալ վարքաբանության վրա, համոզել մարդկանց, որ այսքան աղետից հետո կրկին ՔՊ-ին ընտրեն։
ՔՊ-ին այսօր շատերը քննադատում են ռուսամետության, Բագրատ Սրբազանին ու այլ հոգևորականներին հետապնդելու, աղքատության, գործազրկության, Արցախից հրաժարվելու և այլ վատ բաների համար։ Եթե ռուսամետ ուժերը հետ քաշվեն, ապա ՔՊ-ն կպարտվի հունիսի 7-ին։ Այսու՝ ենթադրելի է, որ Կառավարման ակադեմիայում լուրջ դասընթաց են կազմել, և Փաշինյանին ներկայացնում են, թե այսպիսի անբարենպաստ իրավիճակում ինչպե՞ս ոչնչից ստեղծեն ռուսամետ ուժեր, որ նրանց ֆոնին Փաշինյանը նորմալ մարդ երևա ու քվեներ շահի հունիսի 7-ին։
Ի վերջո՝ լավատեսներն են կարծիք հայտնում, թե Փաշինյանն իրոք փորձում է լրացնել կրթության բացը, քաղաքականության, աշխարհաքաղաքականության, կառավարման հարցերում ժամանակակից գիտելիքներ է յուրացնում, որ հունիսի 7-ից հետո աղետալի սխալներ չգործի տգիտության պատճառով, ինչպես նախկինում։
Կարճ ասած՝ շուտով կպարզվի, թե ինչ է սովորում կամ ինչ որակական մակարդակ է վերապատրաստում Փաշինյանը Կառավարման ակադեմիայում։ Եթե նա քարոզչական նոր հնարքներ կիրառի, ապա կարելի է ապացուցված համարել վարկածը, որ վերապատրաստում էր մանիպուլացնելու կարողությունները։ Իսկ եթե իրոք քաղաքական կամ արժեբանական գիտելիք է յուրացնում, ապա նրա առաջիկա ելույթների, հայտարարությունների տեքստերը կմաքրվեն ու զերծ կմնան ատելությունից, զզվելի պոպուլիզմից և էժան սպեկուլյացիայից։
Թաթուլ Մկրտչյան