Ներքին 54 րոպե առաջ - 16:00 10-10-2026

Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Մինչ մայրաքաղաքում տոնական եռուզեռ է, իսկ պաշտոնական հայտարարություններում անդադար խոսվում է «Երևանի զարգացման» մասին, ճարտարապետական համայնքը շարունակում է բարձրաձայնել քաղաքաշինական այն աղետի մասին, որը տարիներ շարունակ խեղում է քաղաքի դեմքը։

Oragir.News-ը Երևանի տոնի կապակցությամբ զրուցել է ճարտարապետ, արվեստագետ Դավիթ Ստեփանյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է մնացել հին Երևանից, և ինչպիսի արժեհամակարգ է այսօր թելադրում մայրաքաղաքի կառուցապատումը։

«Մեր անկախությունից այս կողմ ամբողջ ներդրումներն արվել ու կառուցապատումն իրականացվել է այնպիսի վայրենի ձևով, որն իրականում ոչնչացրել ու հոշոտել է մեր մշակույթը, ինքնությունն ու մարդկանց նորմալ ապրելու միջավայրը։ Սա հետամնաց երկրներին բնորոշ տարբերակ է։ Համաշխարհային օլիգարխիան միայն կողմ է սպառողական աշխարհի ձևավորմանը, որովհետև ինչքան անուղեղ ու անխելք լինի մենակ սպառող մարդը, այնքան իրենց բիզնեսը կծաղկի»,- ցավով արձանագրում է Դավիթ Ստեփանյանը։

Այն դիտարկմանը, թե պատասխանատուներն այսօրվա շինարարական բումը ներկայացնում են որպես քաղաքի զարգացում և առաջընթաց, ճարտարապետը հակադարձում է՝ լեզուն ճկուն է, և ցանկացած կործանարար երևույթ կարելի է գեղեցիկ փաթեթավորմամբ մատուցել։

«Անունը դնում են՝ զարգանում է։ Եթե վաղը Հայաստանը հանձնեն, կասեն՝ Թուրքիան զարգանում է, որովհետև մի մեծ օջախ կլանեց մի փոքր օջախի։ Լեզուն ճկուն բան է, ինչպես ուզեն՝ կներկայացնեն։ Բայց իրականությունն այն է, որ երկիրը կործանվում է, և քաղաքաշինությունն առաջինն է, որ միանգամից ցուցադրում է այդ ամենը։ Արժեքների ոտնահարված լինելն անմիջապես երևում է քաղաքային միջավայրում։ Պարտադիր չէ դպրոցում երեխաներին սովորեցնեն․ նրանք դուրս են գալիս փողոց ու տեսնում են, որ իրականությունը կապ չունի դասագրքերի գրվածքների հետ։ Եթե, օրինակ, Իսահակյանի արձանի կողքին ինչ-որ պտտվող ու լուսավորվող բուտերբրոդի գովազդն իր բարձրությամբ տասնապատիկ գերազանցում է հուշարձանին, դա արդեն իսկ հստակ արժեհամակարգ է ցուցադրում»,-նշում է ճարտարապետը։

Ստեփանյանը նկատում է, որ նույնիսկ եվրոպական երկրներում կամ հարևան Վրաստանում, որտեղ նույնպես կան խնդրահարույց կառուցապատումներ, գոնե պատմական կենտրոնները կարողացել են պահպանել։ Մինչդեռ Երևանը, որն ունեցել է Թամանյանի շրջանի բարձրագույն մշակութային ժառանգություն, այսօր կորցնում է իր վերջին շերտերը. «Մենք միշտ ասում ենք՝ «թանգարան բաց երկնքի տակ», բայց այսօր, կոպիտ ասած, թքում ենք դրա վրա։ Հին շենքերի կողքով անցնելիս տեսնում ես, որ այսքան ավերից հետո դեռ հրաշքով շնչում ու դիմանում են, բայց նրանց շուրջն այնպիսի բարձրահարկեր են խոթել, որ պատմական միջավայրն ամբողջությամբ փչացել է»։

Քաղաքում առկա կանաչ տարածքների ոչնչացումն ու բետոնապատումը ճարտարապետը նույնպես համարում է համակարգային արատ։ Որպես օրինակ նա նշում է Բուսաբանական այգու դիմաց վեր հառնող բարձրահարկերը, որոնք ամբողջությամբ փակել են լեռների տեսարանը։ Ավելին, վտանգված են անգամ ճարտարապետական հանճարների թողած խորհրդանիշները։

«Թամանյանից հետո մեր թիվ մեկ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը Արարատին նվիրված ճարտարապետական կամար էր կառուցել՝ ուղիղ Մասիսին նայող։ Այսօր Երևանի մուտքի մոտ այդ մոնումենտալ հուշարձանը խաղալիք է թվում, որովհետև դիմացը մի հսկա շենք են մխրճել, որ Արարատը փակեն։ Այսօր վտանգված են ճարտարապետական բոլոր բաղադրիչները՝ լույսի, նորմատիվների, շենքերի հեռավորության խնդիրներից սկսած մինչև ջրատարների ոչնչացումը, որոնց տեղում շենքեր են սարքում»,- նկատում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով մայրաքաղաքում նախատեսվող նոր խոշոր նախագծերին, մասնավորապես՝ Նորագյուղի կառուցապատման ծրագրին, Դավիթ Ստեփանյանը մեծ մտահոգություն հայտնեց դրանց ֆինանսական ծագումնաբանության և նպատակների վերաբերյալ։

«Հիմա Նորագյուղի ծրագիրն են դրել շրջանառության մեջ, բայց ես համոզված եմ, որ դա էլի մի թուրքական օֆշոր է ստացվելու՝ փողերը բերեն, մեր կապիտալն ուտեն։ Ամբողջ Հայաստանը մի մեգապոլիսի չափ չկա, բայց այդ ամբողջ պատմական ու մշակութային ժառանգությունը, սրբավայրերը, պանորամաները ավերում են, որ ուղղակի փող աշխատեն ու սթրեսի մեջ պահեն ժողովրդին։ Այդ փող դնողները հետո կգնան ինչ-որ կղզում կապրեն, իսկ էստեղ կթողնեն խեղճ ու կրակ ժողովրդին՝ մաղած ու մանիպուլացված ուղեղներով»,- եզրափակեց ճարտարապետը։ Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը