Ներքին 3 ամիս առաջ - 22:20 10-03-2026

Եկեղեցին «բարենորոգելուց» հետո Կճոյանը երիտասարդական երթ կանցկացնի

Ապրիլի 4-ին Երևանում նախատեսվում է երիտասարդական բազմամարդ միջոցառում՝ կազմակերպված Արարատյան հայրապետական թեմի կողմից։ Oragir.News-ի տեղեկություներով՝ Սուրբ Հարության ճրագալույցի օրը նախատեսվում է «Հարության ավետիս» խորագրով երիտասարդական երթ և աղոթք, որոնց մասնակցելու են մինչև 1500 երիտասարդներ և շուրջ 30 հոգևորականներ։

Միջոցառումը կմեկնարկի ժամը 20։00-ին՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքից և կշարունակվի մինչև ժամը 22։00-ը։ Այն ներկայացվում է որպես թեմական ծրագիր։

Հիշեցնենք, որ թեմի առաջնորդն է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որը միացել է Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջին։ Եկեղեցական շրջանակներում նման թեմական ծրագրերը սովորաբար կազմակերպվում են առաջնորդարանի համակարգմամբ, հետևաբար ենթադրվում է, որ տվյալ երթի նախաձեռնությունը գալիս է թեմի ղեկավարությունից։

Թե կոնկրետ ում հետ է համաձայնեցվել նման միջոցառման կազմակերպումը և արդյոք այն ունի որևէ քաղաքական ենթատեքստ կամ ազդեցություն, փորձեցինք պարզել հենց Արարատյան հայրապետական թեմից։

Արարատյան հայրապետական թեմից Oragir.News-ին հայտնեցին, որ նման ծրագրերի դեպքում դժվար է առանձնացնել մեկ նախաձեռնողի անուն, քանի որ դրանք իրականացվում են թեմի ընդհանուր նախաձեռնությամբ։

«Թեմական ծրագիր է։ Երբ ասում ենք՝ թեմական, նշանակում է՝ համայնքը, երիտասարդական միությունը և հոգևորական դասը մասնակցում են ծրագրին»,- նշեց թեմի ներկայացուցիչը՝ հավելելով, որ անհրաժեշտ չէ ենթադրություններ անել նախաձեռնության կոնկրետ հեղինակների մասին։

Oragir.News-ը Քաղաքապետարանից ևս փորձեց պարզել՝ արդյոք Արարատյան հայրապետական թեմի կողմից ապրիլի 4-ին նախատեսված երթի համար պաշտոնական թույլտվություն տրամադրվե՞լ է։

Մեզ հետ զրույցում Քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետ Օֆելյա Սիմոնյանը հաստատեց, որ նախատեսվող երիտասարդական ծրագրի վերաբերյալ համապատասխան դիմում ներկայացվել է, իսկ թույլտվության հարցը դեռ ընթացքի մեջ է։

Նշենք, որ երթի թույլտվության վերաբերյալ քաղաքապետ Տիգրան Ավինյանին ուղղված դիմումը ստորագրել են Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Տեր Արարատ քահանա Օրդյանը։

Ֆոտոշարք