«Նավթի գների բարձրացումը կարող է անմիջական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա, ներմուծվող ապրանքներ կթանկանան, գյուղացիական տնտեսությունները կաղքատանան, էներգիայի գները կբարձրանան, դոլարի փոխարժեքը կփոխվի, բնակարանաշինությունը կթանկանա, Իրանից մատակարարումները կսահմանափակվեն»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Գագիկ Մակարյանն, անդրառնալով նավթի միջազգային գների վերջին աճին և դրա հնարավոր ազդեցություններին Հայաստանի վրա:
Տնտեսագետի խոսքով՝ ներկայումս նավթի մեկ բարելի գինը հասել է մոտ 110 դոլարի, իսկ Եվրոպայի մի շարք երկրներում վառելիքի գներն աճել են շուրջ 26–30 տոկոսով։ Հայաստանում առայժմ կտրուկ թանկացում չի արձանագրվել, հատկապես հաշվի առնելով, որ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից ներկրված վառելիքի շնորհիվ բենզինի գները նույնիսկ նվազել էին։
Գագիկ Մակարյանի կարծիքով՝ նավթի թանկացումը կարող է ունենալ մի շարք հետևանքներ Հայաստանի տնտեսության համար.
«Եթե պատերազմը երկարի, և Իրանը, որը աշխարհի կարևորագույն նավթի մատակարարներից է, որոշակի սահմանափակումներ մտցնի, Հայաստան ներմուծվող ապրանքները կթանկանան, ինչն անմիջապես կազդի գնաճի վրա»,- նշեց Մակարյանը:
Տնտեսագետն ընդգծեց նաև, որ Հայաստանը սպառվող ապրանքների մոտ 50 տոկոսը ներմուծում է, այդ թվում նաև սննդամթերք։ Հետևաբար, էներգակիրների թանկացումը կհանգեցնի արտադրության և տեղափոխման ծախսերի աճին, ինչը կարող է նպաստել գնաճին։
Նրա խոսքով՝ նավթի և հատկապես դիզելային վառելիքի թանկացումը կարող է խնդիրներ ստեղծել նաև գյուղատնտեսության ոլորտում։ Գարնանը սկսվում են լայնածավալ գյուղատնտեսական աշխատանքներ, և դիզելային վառելիքի թանկացումը կարող է բարձրացնել տեխնիկայի շահագործման ծախսերը։
«Եթե այդպիսի իրավիճակ ստեղծվի, հնարավոր է գյուղատնտեսական աշխատանքների մի մասը հետաձգվի կամ թանկանա։ Եթե պետությունը չսուբսիդավորի վառելիքը, որոշ գյուղացիներ ուղղակի չեն կարողանա իրականացնել նախատեսված աշխատանքները, ինչը կազդի բերքատվության վրա: Առանց այդ էլ Հայաստանում գյուղատնտեսական հողերի շուրջ 20 տոկոսը չի մշակվում»,- նշեց նա։
Տնտեսագետն անդրադարձավ էներգակիրների մատակարարման այլ ուղղություններին։ Նրա խոսքով՝ Հայաստանը վառելիքի ներմուծման կարևոր աղբյուր ունի Ռուսաստանը, և հնարավոր է, որ նավթի համաշխարհային գների աճը ազդի նաև այդ ուղղությամբ մատակարարվող վառելիքի գների վրա.
«Ռուսաստանը կարող է բարձրացնել նավթի գները, և եթե մենք ստիպված լինենք ներմուծել այնտեղից, դա անմիջապես կազդի ներմուծվող ապրանքների գների վրա՝ ստեղծելով շղթայական ազդեցություն տնտեսության վրա։ Չնայած Ռուսաստանը որոշ պայմաններում կարող է չթանկացնել երկարաժամկետ գործընկեր պետություններին մատակարարվող նավթամթերքը, բայց մենք պետք է պատրաստ լինենք նաև նոր գներով աշխատելու ռիսկերին, քանի որ Ռուսաստանը կարող է որոշ չափով իր մատակարարումները սահմանափակել կամ վերահսկել»:
Տնտեսագետի կարծիքով՝ պակաս կարևոր չէ նաև նաև գազի հարցը.
«Բացի նավթից, գազի գները նույնպես կարևոր են։ Մենք Իրանից բերում ենք գազ, որը օգտագործվում է մեր ջերմակայաններում, և էլեկտրաէներգիան վաճառվում է Իրանին։ Եթե Իրանը փորձի բարձրացնել գազի գները, ապա մենք ստիպված կլինենք բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, որ կոմպենսացնենք տարբերությունը։ Սա կարող է նաև անմիջական ազդեցություն ունենալ էլեկտրաէներգիայի արտադրության վրա և շղթայական կերպով ազդել տնտեսության այլ ոլորտների վրա»:
Տնտեսագետը նշում է նաև, որ նավթի գների փոփոխությունը կարող է ազդել դոլարի արժեքի վրա։ Նրա խոսքով՝ եթե նախկինում դոլարի արժեքը կապված էր ոսկու հետ, ապա այժմ մեծապես կապված է նավթի գների հետ։ Մակարյանի կարծիքով՝ դոլարի թանկացումը կարող է ազդեցություն ունենալ նաև բնակարանաշինության ոլորտի վրա, քանի որ Հայաստանում անշարժ գույքի շուկայում շատ գործարքներ կատարվում են դոլարով կամ դոլարի փոխարժեքով հաշվարկով։