Ուղիղ եթեր
Ներքին Միտք Խոսք 2 ամիս առաջ - 13:05 10-03-2026

Ոչ հիմար, ոչ ծախված. Վիտալի Բալասանյանը գանձ է ՔՊ-ի համար

Քաղաքական համայնքը ցնցված է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունից:

«Աշխարհի աշխարհագրությունը փոխվելու է, քաղաքական քարտեզները փոխվելու են մոտ ժամանակներս: Նրանք, ովքեր շուտ հասկացան իրենց տեղը, դերը, թե որ աշխարհակարգում են, շատ շուտ փրկվելու են: Եվ մենք պետք է լինենք Միութենական կազմում, ոնց որ եղել է 100 տարի առաջ Խորհրդային միությունը»,- մարտի 8-ին Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Վիտալի Բալասանյանը, խիստ կասկած հայտնելով, որ ԱԺ ընտրություններ են լինելու։

Ինչո՞ւ է հայրենիքի պաշտպանության, անվտանգության հարցում մեծ ավանդ, գեներալ-մայորի բարձր կոչում ունեցող, փորձառու քաղաքական ու պետական գործիչը խոսում Հայաստանի անկախության ու ժողովրդավարության դեմ։ Հանրային խոսույթում մի քանի վարկած է շրջանառվում։

Քաղաքական, ռազմական պարտությունները, աղետալի կորուստները կարող են հոգեկան առողջության խնդիրներ առաջացնել քաղաքական ու ռազմական գործիչների մոտ։ Օրինակ՝ Վիետնամի պատերազմից հետո ամերիկացիների մոտ ի հայտ են եկել հոգեկան խնդիրներ, այդ մասին վկայություններ կան։

Ոմանք կասկած են հայտնում, թե Արցախի փաստացի կորստից ու բռնագաղթից հետո Վիտալի Բալասանյանը, որն իր գիտակից կյանքի մեծ մասը նվիրել է Արցախի ազատության պայքարին, հոգեկան ցնցում է ապրել, կորցրել ողջախոհությունը, հիմարացել։ Եվ հավանաբար՝ դրանով է պայմանավորված նրա՝ վերը բերված անտրամաբանական, ապապետական, հակաժողովրդավարական, հակաքաղաքակրթական դիրքորոշումը։ Այսինքն՝ ենթադրվում է, որ մարդն առնվազն հիմարացած, հոգեպես խանգարված պիտի լինի, որ կանխատեսի սովետի ռեինկարնացիա, Հայաստանի անկախության փաստացի կորուստ։

Տարածվող մեկ այլ վարկածով՝ ենթադրվում է, թե Վիտալի Բալասանյանը ռուսական գործակալ է։ Համեմատության համար նշենք, որ երբ գաղտնազերծվեցին Շտազիի (ԿԳԲ-ի գերմանական մասնաճյուղի) արխիվները, ապա պարզվեց, որ խորհրդային բռնազավթման տարիներին Արևելյան Գերմանիայի ամեն երրորդ բնակիչը, ներառյալ պետական պաշտոնյաները Շտազիի գործակալ են եղել։ Ի տարբերություն Գերմանիայի՝ ՀՀ-ում լյուստրացիա չի եղել, ԿԳԲ-ի արխիվները չեն գաղտնազերծվել, ռուսական գործակալները շարունակում են պաշտոններ զբաղեցնել, ազդել քաղաքականության որոշման վրա։ Ուստի՝ զարմանալի չէ, որ չհիմնավորված կասկած է շրջանառվում, թե Բալասանյանը ռուսական գործակալ է և այդ պատճառով է հակապետական, հակաժողովրդավարական բաներ խոսում։

Մեկ այլ վարկածով էլ՝ Վիտալի Բալասանյանի խոսքը հունիսի 7-ի ընտրությունների փաշինյանական սցենարի դրվագ է։

Ըստ այս սցենարի՝ գեներացվում է վառ ռուսամետ ընդդիմություն, որ նրանց ֆոնին Նիկոլ Փաշինյանը նորմալ մարդ երևա, ընկալվի որպես չարյաց փոքրագույն, հույս տա ժողովրդավարական երկրներին, որ բացահայտ չի գործելու ՀՀ անկախության ու ժողովրդավարության դեմ, չի դառնալու չարիք մարդկության համար։ Արդյունքում՝ նա կշահի ժողովրդավարական երկրների աջակցությունը՝ նույնիսկ եթե հունիսի 7-ն անցնի խախտումներով։ Այս առումով՝ Վիտալի Բալասանյանի խոսքը պարունակում է ակնարկ, թե հայ գեներալը անկախության ու ժողովրդավարության դեմ է, սովետի ռեինկարնացիայի ջատագով է։ Սովետի վերակենդանցման մասին Բալասանյանի ակնարկից կարող են վախենալ ժողովրդավարական երկրները և ՀՀ անկախության կողմնակիցները։ Այս վախը կստիպի, որ և՛ ներսում, և՛ դրսում Փաշինյանին ավելի շատ պաշտպանեն, շատանան նրա ընտրողները։ Այսինքն՝ Վիտալի Բալասանյանի հայտարարությունն ուղղակի նպաստելու է, որ հունիսի 7-ին ՔՊ-ն հաղթի։

Կարճ ասած՝ անկախության ու ժողովրդավարության ջատագովները խիստ վրդովված են Վիտալի Բալասանյանի ապապետական, հակաժողովրդավարական խոսքից։ Սակայն ՔՊ-ի համար Վիտալի Բալասանյանը ոչ հիմար է, ոչ էլ ծախված։ Այսպիսի վառ ռուսամետ դիրքորոշումները գանձ են ՔՊ-ականների համար, որոնք առավոտից երեկո ռուսական գործակալ են փնտրում, որ ապացուցեն, թե միայն իրենք են անկախության պաշտպանը, մյուսները ռուսական գործակալ են, սովետի վերակենդանացում են ուզում և նման չար բաներ։

Թաթուլ Մկրտչյան