Ներքին 57 րոպե առաջ - 17:07 28-09-2026

ԵԽԽՎ–ին չի բավարարել ԲՀԿ–ի ձայների չհաշվարկման հետ կախված իշխանության պարզաբանումները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների դիտարկման զեկույցը՝ արձանագրելով ինչպես ընտրությունների կազմակերպման դրական կողմերը, այնպես էլ մի շարք խնդիրներ՝ արտաքին միջամտությունից և վարչական ռեսուրսի օգտագործումից մինչև ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ քրեական վարույթներ և առանձին տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչում։

ԵԽԽՎ դիտորդների գնահատմամբ՝ ընտրությունների օրը քվեարկությունն ընդհանուր առմամբ կազմակերպված և հանգիստ է անցել, իսկ ընտրական գործընթացը եղել է հիմնականում թափանցիկ և արդյունավետ։

Ամենաճչացող խախտումներով անցան. Խոսրով Հարությունյանը` ԱԺ ընտրությունների մասին

Միաժամանակ զեկույցում զգալի տեղ է հատկացվել նախընտրական շրջանում ձևավորված անհավասար պայմաններին, իրավապահ համակարգի հնարավոր ընտրողական կիրառման վերաբերյալ մտահոգություններին, լրատվամիջոցների կողմնակալությանը և արտաքին ուժերի միջամտությանը։

ԵԽԽՎ-ն Հայաստանի ընտրությունների դիտարկման համար դեռ մայիսին Երևան էր ուղարկել պատվիրակություն, որն արդեն այն ժամանակ մտահոգություն էր հայտնել արտաքին միջամտության, վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման և բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների ապահովման վերաբերյալ։

Նախընտրական իրավիճակը

Զեկույցում արձանագրել են, որ 2026 թվականի հունիսին կայացած ընտրությունները Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո առաջին հերթական խորհրդարանական ընտրություններն էին` հիշեցնելով, որ ընտրություններն անցկացվել են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղից բնակչության տեղահանման հետևանքով առաջացած ճգնաժամի և Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների սառեցման ֆոնին։

ԵԽԽՎ զեկույցում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ուղղությունը ներկայացվել է որպես եվրոպամետ կուրսի ամրապնդման ձգտում ունեցող կուսակցություն։

Ըստ զեկույցի` ընդդիմադիր հիմնական ուժերը, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իրենց նախընտրական օրակարգում շեշտադրել էին անվտանգության, ինքնիշխանության, ինչպես նաև Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության հարցերը։

ԵԽԽՎ դիտորդները ներքաղաքական միջավայրը խիստ բևեռացված են որակել
ԵԽԽՎ դիտորդներն ընդգծել են, որ քաղաքական երկարատև առճակատումը և շարունակվող իրավական ու ինստիտուցիոնալ փոփոխությունները բացասաբար էին ազդել պետական ինստիտուտների և ընտրությունների միջոցով քաղաքական փոփոխությունների հնարավորության նկատմամբ վստահության վրա։

«Երկրի ներքաղաքական իրավիճակը բնութագրվում էր հասարակության խոր բևեռացմամբ և զանգվածային բողոքի ակցիաներով։ Պետական ինստիտուտների և ընտրությունների միջոցով քաղաքական փոփոխությունների հնարավորության նկատմամբ վստահությունը խաթարվել էր տարիներ շարունակվող առճակատման, ինչպես նաև շարունակվող իրավական և կազմակերպչական բարեփոխումների հետևանքով»,– ասվում է զեկույցում։
Այս համատեքստում զեկույցում հիշատակել են մի շարք հայտնի ընդդիմադիր և կրոնական գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերն ու որպես խափանման միջոց կալանքի կիրառումը։

Փաշինյանի այցը ՌԴ և Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը. Բադալյանը զուգահեռներ է տեսնում

Նշվել է, որ մի շարք թեկնածուներ դիտորդներին հայտնել են նաև իրենց կամ իրենց աջակիցների նկատմամբ սպառնալիքների մասին։ Ըստ նրանց՝ ճնշումները եղել են ինչպես պետական մարմինների, այնպես էլ արտաքին դերակատարների կողմից։

Ճնշումների մասին պնդումներ և ավելի քան 200 քրեական վարույթ

Զեկույցում առանձին անդրադարձ կա նախընտրական գործընթացում աշխատողների նկատմամբ հնարավոր ճնշումներին։

«Վերջին տարիներին նկատվում է ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ իրավապահ մարմինների կիրառման աճ, ընտրակաշառքի վերաբերյալ զանգվածային քրեական վարույթներ, որոնք գրեթե բոլորը վերաբերում են ընդդիմադիր կամ ընդդիմությանը հարող գործարար շրջանակներին, ինչը հարցեր է առաջացնում ընտրողական ներգործության և պատշաճ իրավական ընթացակարգերի պահպանման վերաբերյալ»,– արձանագրել են դիտորդները։

Ըստ զեկույցի` պետական հատվածի մի շարք աշխատակիցներ հայտնել են, որ իրենց նկատմամբ ճնշում է գործադրվել կամ նրանց պարտադրել են մասնակցել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքներին։

Միաժամանակ ԵԽԽՎ դիտորդներն արձանագրել են նաև հակառակ բնույթի դեպքեր. որոշ մասնավոր ձեռնարկությունների ղեկավարներ իրենց աշխատակիցների նկատմամբ ճնշում են գործադրել՝ ընդդիմության հանրահավաքներին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով։

Զեկույցի առավել ուշագրավ հատվածներից մեկը վերաբերում է ընտրակաշառքի և դրա հետ կապված ենթադրյալ ընտրական հանցագործությունների առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթներին։

Նշվում է, որ նախաձեռնվել է ավելի քան 200 քրեական վարույթ, որոնք հիմնականում վերաբերել են ընդդիմադիր ուժերին։

Ընտրական իրավունքի սահմանափակման նպատակը քաղաքական է. Վարդան Այվազյան
Ուշադրություն է դարձվել նաև այն հանգամանքին, որ զեկույցի կազմման պահին այդ գործերով մեղադրական դատավճիռներ չեն եղել։ Դիտորդների գնահատմամբ՝ ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ իրավապահ մեխանիզմների կիրառման աճը, վարույթների քանակը և դրանց հիմնական ուղղվածությունը ընդդիմադիր կամ ընդդիմությանը հարող գործարար շրջանակների նկատմամբ հարցեր են առաջացրել ընտրողական ներգործության և պատշաճ իրավական ընթացակարգերի պահպանման վերաբերյալ։

ԵԽԽՎ-ն անդրադարձել է նաև միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների բարձրացրած մեկ այլ խնդրի՝ նախնական կալանքի հաճախակի կիրառմանը և բողոքի շարժումների առաջնորդների նկատմամբ ահաբեկման մասին հաղորդումներին։

Մտահոգությունների առանձին պատճառ է դարձել հետապնդման ենթարկված թեկնածուների մասնավոր հեռախոսազրույցների հրապարակումը համացանցում։ Ըստ զեկույցի՝ դա հարցեր է առաջացրել քաղաքական հսկողության հնարավոր կիրառման վերաբերյալ։

Սոցիալական ծրագրերն ու վարչական ռեսուրսը

ԵԽԽՎ զեկույցում քննության առարկա են դարձել նաև ընտրություններից առաջ իրականացված պետական սոցիալական ծրագրերը։

Մասնավորապես հիշատակվում են պարտքերի նպատակային մարումը և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքների մեղմացումը։

Հեղինակները նկատել են, որ թեև այդ նախաձեռնությունները տեխնիկապես համապատասխանել են ընտրական օրենսդրության պահանջներին, միևնույն է, դրանք ընկալվել են որպես նախընտրական քարոզարշավի փաստացի գործիքներ։

Անդրադարձ է կատարվել նաև մի շարք թանկարժեք նախընտրական միջոցառումների, այդ թվում՝ խոշոր բանկերի ֆինանսավորմամբ կազմակերպված համերգների։ Զեկույցի համաձայն՝ հանրության մի մասի կողմից դրանք ընկալվել են որպես իշխող կուսակցության անուղղակի աջակցություն։

ԵԽԽՎ դիտորդները նշել են, որ նախընտրական միջոցառումների համար պետական ռեսուրսների օգտագործումը և վերահսկող մարմինների՝ ընդդիմության գործունեության ու կառավարության սոցիալական ծրագրերի նկատմամբ տարբեր մոտեցումները նպաստել են կողմնակալության մասին ընկալումների ձևավորմանը։

ԱԺ–ն սահմանափակեց Հայաստանից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը

ԵԽԽՎ զեկույցում քննադատություն կա նաև ընտրությունների լուսաբանման վերաբերյալ։
ԵԽԽՎ դիտորդների գնահատմամբ՝ Հանրային հեռուստաընկերությունը և մի շարք առանցքային մասնավոր հեռարձակողներ ակնհայտ կողմնակալություն են ցուցաբերել իշխող կուսակցության օգտին և բացասական են լուսաբանել առաջատար ընդդիմադիր ուժերի գործունեությունը։

Միաժամանակ նշել են, որ լրատվական դաշտը միատարր չի եղել։ Զեկույցում արձանագրվել է, որ այլ լրատվամիջոցներ, հակառակը, հետևողականորեն քննադատական դիրքերից են լուսաբանել կառավարության գործունեությունը։

Արտաքին ազդեցություն

ԵԽԽՎ զեկույցի ամենաուշագրավ բաժիններից մեկը վերաբերում է արտաքին միջամտությանը։

Հեղինակները նշում են, որ ընտրություններն ուղեկցվել են աննախադեպ և մտահոգիչ արտաքին միջամտությամբ։

Այս համատեքստում առաջին հերթին հիշատակվում են Ռուսաստանի գործողությունները՝ հայկական գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ սահմանված էմբարգոն, գազի գնի հնարավոր վերանայման հարցը և Մոսկվայից հնչող կոշտ դիվանագիտական հռետորաբանությունը։

Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ այդ գործողությունները նպատակ ունեին ընտրությունների արդյունքի վրա ազդել ընդդիմադիր կամ հակակառավարական ուժերի օգտին։

ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը դեռ մայիսին հրապարակայնորեն զգուշացրել էր, որ Հայաստանի ընտրությունները չպետք է վտանգվեն արտաքին միջամտությամբ։ Այդ ժամանակ պատվիրակությունը նշել էր, որ հնարավոր արտաքին ազդեցությունն այլևս չի սահմանափակվում ապատեղեկատվությամբ և կարող է ներառել ապօրինի քաղաքական ֆինանսավորում, կիբեռհարձակումներ, տնտեսական հարկադրանք և ընտրական գործընթացի վրա ուղղակի ազդեցության փորձեր։

Գիշերը ասուլիսի հետևել չէինք կարող. Հովակիմյանը` Փաշինյանի «հաղթական» հայտարարության մասին

Սակայն ԵԽԽՎ զեկույցը արտաքին ազդեցությունը չի կապում միայն Ռուսաստանի հետ։
Առանձին անդրադարձ է կատարվում իշխող ուժի նկատմամբ արևմտյան և եվրոպական պաշտոնյաների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչների ցուցադրական աջակցության դրսևորումներին։
Զեկույցի հեղինակները դրանք հիմնականում բնութագրում են որպես հռչակագրային աջակցություն՝ ընդգծելով, որ դրանցում բացակայել է հարկադրանքի այն ուժեղ բաղադրիչը, որը նրանք տեսնում են Ռուսաստանի գործողություններում։
Այդուհանդերձ, ըստ զեկույցի, արևմտյան պաշտոնյաների գործողությունները նույնպես ընկալվել են որպես արտաքին միջամտություն։

Ընտրությունների օրը

Չնայած նախընտրական շրջանի վերաբերյալ բազմաթիվ քննադատական դիտարկումներին՝ բուն քվեարկության օրվա գնահատականը հիմնականում դրական է։

ԵԽԽՎ դիտորդները նշել են, որ հունիսի 7-ին քվեարկությունն անցել է կազմակերպված և հանգիստ։ Դիտարկված ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում գործընթացը դրական է գնահատվել։

Ընտրություններից առաջ շրջանառվում էին տեղեկություններ նաև արտերկրից ընտրողների կազմակերպված տեղափոխման հնարավոր սխեմաների վերաբերյալ։

Մասնավորապես, լրատվամիջոցների հրապարակումներում և ԵԽԽՎ պատվիրակությանը փոխանցված տեղեկություններում պնդումներ էին եղել տասնյակ հազարավոր ռուսաստանաբնակ հայերի Հայաստան կազմակերպված տեղափոխման մասին՝ քվեարկության արդյունքների վրա ազդելու նպատակով։

Գրեթե բոլոր տեղամասերում, որտեղ խախտումներ են եղել, հաղթել է ՔՊ-ն․ Արամ Օրբելյան
Սակայն ԵԽԽՎ պատվիրակությունը հատուկ արձանագրել է, որ ընտրությունների ընթացքում այդ պնդումները հաստատող ապացույցներ չի ունեցել։

Ընդհանուր առմամբ ընտրական գործընթացը գնահատվել է որպես թափանցիկ և արդյունավետ, թեև դիտորդները գրանցել են նաև առանձին խախտումներ, այդ թվում՝ ընտրություններին մասնակցող ուժերի վստահված անձանց միջամտության դեպքեր։

Հիմնական վիճահարույց հարցը՝ ԲՀԿ-ի արդյունքը

ԵԽԽՎ զեկույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեք ընտրատեղամասերի՝ թիվ 10/51–ի, 35/65–ի և 12/13–ի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը։

Հարցը կարևոր է այն պատճառով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած արդյունքը շատ մոտ է եղել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսանոց շեմին։
Զեկույցում նշվում է, որ որոշ հաշվարկներով՝ եթե անվավեր ճանաչված տեղամասերի արդյունքները ներառվեին ընդհանուր հաշվարկում, ԲՀԿ-ն կարող էր հաղթահարել 4 տոկոսի շեմը և ստանալ խորհրդարանական մանդատներ։

Դա իր հերթին կարող էր ազդեցություն ունենալ նաև խորհրդարանում ուժերի հարաբերակցության վրա և թույլ չտալ իշխող կուսակցությանը ստանալ ձայների երեք հինգերորդին համապատասխան մեծամասնություն։

ԵԽԽՎ զեկույցում քննադատվում է ԿԸՀ-ի որոշման հիմնավորումը։ Ըստ փաստաթղթի՝ ԿԸՀ-ն նշել է, որ տվյալ տեղամասերում արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա և կրկնակի քվեարկություն չի նշանակել։

«Որոշման նման հիմնավորումը խիստ անբավարար է թվում՝ հատկապես հաշվի առնելով դրա հետևանքների նշանակությունը»,– շեշտել են դիտորդները։

Մեկի դեպքում պատժելի է, մյուսի դեպքում` թույլատրելի՞. Գալյանը` Փաշինյանի խոսույթի մասին

Զեկույցում մեջբերվել է ԿԸՀ նախագահ որոշման հիմնավորումը, որտեղ հղում է կատարվել Վենետիկի հանձնաժողովի հրատապ զեկույցին, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների արդյունքների չեղարկմանը և կրկնակի ընտրությունների դեպքում տակտիկական քվեարկության հնարավոր վտանգներին։
ԵԽԽՎ զեկույցի հեղինակները, սակայն, ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԿԸՀ–ի հիշատակած փաստաթուղթը չի բացառում կրկնակի քվեարկությունը այն իրավիճակներում, երբ ընտրողների ձայնի իրավունքի սահմանափակումը կարող է էական ազդեցություն ունենալ մանդատների բաշխման և խորհրդարանի ներկայացուցչականության վրա։

Բացի այդ ընդգծել են, որ առանձին տեղամասերի արդյունքները հաշվարկից հանելու և ԲՀԿ-ի՝ մանդատներ չստանալու վերաբերյալ դատական գործընթացները չեն հանգեցրել իրավունքների վերականգնման։ Զեկույցում դա մասամբ կապվում է դատարան դիմելու իրավունքի սահմանափակումների և խիստ դատավարական ժամկետների հետ։

Դիտորդները զգուշացրել են նաև ԱԺ–ում ընդդիմադիր ուժերի ներկայացվածության խնդիրն՝ հաշվի առնելով, թե ԲՀԿ-ի արդյունքը որքան մոտ է եղել 4 տոկոսանոց շեմին։
Նրանց գնահատմամբ՝ նման իրավիճակում ընտրազանգվածի զգալի հատվածի արդյունավետ ներկայացված չլինելու վտանգ է առաջանում։

Եզրակացություններ

Չնայած ընտրական գործընթացի վերաբերյալ արձանագրված խնդիրներին՝ ԵԽԽՎ զեկույցի վերջնական գնահատականը ընդհանուր առմամբ դրական է։
Ընտրությունների արդյունքները, զեկույցի հեղինակների գնահատմամբ, ցույց են տվել Հայաստանի հասարակության եվրոպամետ ուղղվածությունը։
Զեկույցում նաև նշվում է, որ հասարակությունը, չնայած արձանագրված թերություններին և արտաքին ճնշմանը, ցուցաբերել է ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատարմություն և դիմակայունություն։ Հեղինակների գնահատմամբ՝ նորընտիր իշխանությունները ստացել են մանդատ, որը պետք է իրագործեն։
Միաժամանակ դրական քաղաքական գնահատականը չի վերացնում զեկույցում արձանագրված խնդիրները։

ԵԽԽՎ դիտորդների գնահատմամբ՝ ընտրական գործընթացը ցույց է տվել, որ Հայաստանը տեխնիկական առումով կարող է բարձր մակարդակով կազմակերպել բարդ ընտրություններ, սակայն ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդման համար անհրաժեշտ են լրացուցիչ իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ։

Առանձնացվում են չորս հիմնական ուղղություններ՝ ընտրարշավների ֆինանսավորման կարգավորում, պետական ապարատի՝ կուսակցական և քաղաքական նպատակներով օգտագործման կանխարգելում, ընտրական վեճերի լուծման արդյունավետ իրավական մեխանիզմների ապահովում և արտաքին միջամտության ու սպառնալիքների նկատմամբ պետության դիմակայունության բարձրացում։

Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։