Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:30 09-03-2026

Փաշինյանը շնորհավորել է Իրանի նոր առաջնորդին և ԱԽ նիստ արել, հրթիռ՝ Թուրքիայի տարածքում․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է մարտի 9-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին՝ գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: «Շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ: Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն և հարատև խաղաղություն»,- ուղերձում նշել է Փաշինյանը։ Ալի Խամենեի սպանվելուց ավելի քան մեկ շաբաթ անց Իրանի փորձագետների խորհուրդը երկրի նոր գերագույն առաջնորդ է ընտրել նրա որդուն՝ Մոջթաբա Խամենեիին: Իրանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հոգևոր առաջնորդին փոխարինում է նրա որդին: Այս պաշտոնում նա կունենա վերջնական խոսքի իրավունք քաղաքական և ռազմական բոլոր հարցերում։ Ավելի ուշ նաև հայտնի դարձավ, որ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք: «Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Վարչապետին զեկուցվել են ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մանրամասները»,– ֆեյսբուքում գրել է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Նշենք, որ Իրանում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր սա ԱԽ 4-րդ նիստն է, վերջինն անցկացվել էր մարտի 5-ին։

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, քաղբանտարկյալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատական հայց է ներկայացրել նախկին քահանա Ստեփան Ասատրյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից։ Ըստ հայցի՝ Միքայել Սրբազանը պահանջում է հերքել արատավորող տեղեկությունները, ինչպես նաև պահանջ է ներկայացրել գումար բռնագանձելու մասին։ Գործը մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի Քաղաքացիական դատարանի դատավոր Էմին Աբգարյանին։ Տեղեկացանաք նաև, որ դատարանը հայցադիմումը կից փաստաթղթերով ետ է վերադարձրել, որպեսզի հայցադիմումի մեջ թույլ տրված խախտումները եռօրյա ժամկետում վերացվեն։ Ըստ տեղեկությունների՝ հայցի առիթը այն է, որ Ստեփան Ասատրյանն իր հարցազրույցներից մեկում զրպարտել էր Միքայել սրբազանին, թե նա իբր կին ու դուստր ունի:

Անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ստեղծած ՄԱՍԿ կուսակցությունը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցության վարչության նախագահ Հովիկ Աղազարյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ մասնակցոթյան ձևաչափի մասին դեռ հստակ որոշում չունեն։ «Մենք բանակցում ենք որոշ կուսակցությունների հետ և եթե գտնվեն համագործակցության եզրեր, ապա մենք նախընտրում ենք ընտրությունների գնալ այլ կուսակցությունների հետ դաշինքային տրամաբանությամբ, բայց ոչ դաշինքով այլ մեկ կուսակցական ցուցակով, որպեսզի կարողանանք ավելի հեշտությամբ հաղթահարել անցողիկ շեմը»,- ասաց նա։ Աղազարյանն ընդգծեց, որ արդեն ձևավորվել են մի քանի նախընտրական դաշինքներ, որոնք նույնպես ընտրություններին կմասնակցեն մեկ միասնական կուսակցական ցուցակով, որպեսզի ավելի հեշտ լինի ընտրական շեմի հաղթահարումը։ «Ակնհայտ է, որ «Մեր ձևով» շարժումը ընդդիմադիր դաշտում առաջատար է, և հետևաբար, լուրջ այլընտրանքային տարբերակ է իշխանությանը, ինչ կարող է տեղի ունենալ»,- կարծում է նա։ Աղազարյանի գնահատմամբ՝ կա զարգացման 2 սցենար․ առաջինը, որը նրա խոսքով քիչ հավանական է, այն է, որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը փոխանցում է Սամվել Կարապետյանին։ Ըստ նրա՝ այդ դեպքում Փաշինյանը կդառնա մարդկության պատմության մեջ ամենահզոր ուժեղ քաղաքական գործիչներից մեկը։ Երկրորդ տարբերակն այն է, որ Փաշինյանը, տեսնելով թե ինչպես է ընդդիմադիր հատվածը կոնսոլիդացվում Փաշինյանի շուրջը՝ մաքսիմալ կանսոլիդացումից առաջ անհրաժեշտ քայլ կատարի՝ չգրանցի այդ կուսակցությանը կամ հանի ընտրապայքարից, արդյունքում, «Մեր ձևով» շարժումը չհասնի հունիսի 7-ին՝ Մոլդովայի տարբերակով։ Այդ դեպքում՝ ընդդիմադիր դաշտը կամայանա, ժողովրդի մոտ կբարձրանա ապատիայի զգացողությունը, իսկ իշխանության ամենազորության զգացումը կամրապնդվի, արդյունքում ընտրություններին կգնա քիչ քաղաքացի ու Փաշինյանը կունենա բացարձակ իշխանություն»,- ասաց նա՝ ընդգծելով որ իրենք ունեն լուծում,թե սա թույլ չտալու համար ինչ է պետք է անել։

Աղազարյանը հրապարակեց նաև 1 ամիս առաջ իրենց հրապարակած առաջարկ-հուշագիրը, որով առաջարկում են ձևավորել ընդդիմադիր միասնական քաղաքական ճակատ, որը իշխանության գալու դեպքում կկառավարի 1 տարի, իսկ ժամանակավոր կառավարության ղեկավարը, ԱԺ նախագահը, փոխվարչապետերը ժամանակավոր կառավարության լիազորությունների ավարտից հետո չեն կարող զբաղեցնել որևէ բարձր պետական պաշտոն։

Մանրամասները՝ տեսանյութում: