7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի շուրջ հանրային քննարկումները չեն դադարում։ Մասնագետները և մի շարք հասարակական գործիչներ նշում են, որ դասագրքում կան քարտեզներ և ձևակերպումներ, որոնք, նրանց կարծիքով, խեղաթյուրում են պատմական իրականությունը։ Այս հարցով դատական գործընթացն առաջիկայում կարող է վերջնական լուծում տալ խնդրին։
Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է հասարակական գործիչ Կարին Տոնոյանի հետ, ով դատարան է դիմել դասագրքում առկա սխալների վերաբերյալ։
«Մենք դասագրքի կիրառության մեջ մտնելուց հետո անմիջապես դիմեցինք դատարան։ Դա եղավ աշնանը։ Դատական գործընթացից հետո արդեն ամռանը դատարանը որոշում կայացրեց մեր օգտին, սակայն դրանից կարճ ժամանակ անց Կրթության նախարարությունը ներկայացրեց հակընդդեմ հայց»։
Նրա խոսքով՝ այդ հանգամանքը փաստացի թույլ չի տալիս, որ դատարանի որոշումն ուժի մեջ մտնի։
«Քանի դեռ հակընդդեմ հայց կա, դատարանի որոշումը չի մտնում ուժի մեջ։ Փաստացի ստացվում է, որ մենք դատը շահել ենք, բայց որևէ փոփոխություն տեղի չի ունենում, քանի որ դատական գործընթացը շարունակվում է»։
Տոնոյանը նաև ընդգծեց, որ խնդիրը միայն մեկ դասագրքով չի սահմանափակվում և դպրոցական դասագրքերի բովանդակության շուրջ ավելի լայն խնդիրներ կան։
«Այսօր դասագրքերի հետ կապված իրավիճակը, անկեղծ ասած, շատ վատ է։ Կան դասեր, որոնք ուսուցիչները պարզապես չեն անցնում, որովհետև նյութերն անիմաստ են կամ անհասկանալի։ Ուսուցիչները ստիպված են լինում լրացուցիչ նյութեր գտնել, որ երեխաներին իրական բովանդակություն փոխանցեն»։
Խոսելով հատկապես պատմության դասագրքում առկա քարտեզների և բովանդակային շեղումների մասին՝ Տոնոյանը նշեց, որ դրանք պատահական սխալներ չեն համարում։
«Սրանք պարզապես տեխնիկական սխալներ չեն։ Դրանք, իմ կարծիքով, միտումնավոր շեղումներ են, որոնք նպատակ ունեն վերադաստիարակել հասարակությանը, մեզ ներկայացնել որպես խաղաղասեր և հարևանասեր՝ պատմական իրականությունը աղավաղելու հաշվին»։
Տոնոյանի խոսքով՝ դատական գործընթացը դեռ ավարտված չէ, և հարցը շարունակում է մնալ իրավական քննարկման փուլում։
Oragir.News-ը զրուցեց նաև փաստաբան Արա Զոհրաբյանի հետ, ով նշեց դատարանի որոշման ընդունման հստակ ժամկետը։
«Դատարանը հայցվորների օգտին վճիռ կայացրել է, որը բողոքարկվել է վերաքննության կարգով և վճիռը ուժի մեջ չի մտել, վերաքննիչ դատարանը որոշումը կհրապարակի 2026թ. ապրիլի 3-ին»:
Փաստաբանի խոսքով՝ ինքն ամենինչ փորձելու է անել, որ դպրոցական երեխաներին առանց խեղաթյուրման պատասխան ներկայացվի.
«Պետք է փորձենք ամեն ինչ անել, որ մեր երեխաներին ճիշտ պատմություն ներկայացվի դպրոցներում, սակայն կանխատեսումներ կդժվարանամ անել հաշվի առնելով գործի քննության տևողությունը վարչական դատարանում»:
Ինչ վերաբերվում է հարցին, թե ԿԳՄՍՆ-ն կփորձի՞ դիմադրել ու կամավոր չվերացնել դասագրքում տեղ գտած սխալները, փաստաբանը նկատեց.
«Եթե օրինական ուժ ստացած դատական ակտը չի կատարվում կամովին, ապա այն կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով, սակայն այս պահին դեռ օրինական ուժ ստացած դատական ակտ առկա չէ»։
Նշենք նաև, որ 100-ից ավելի պատմաբաններ են քննադատել «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքում տեղ գտած սխալները, նկատելով, որ դասագիրքը միտված է Հայոց ինքնության մի շարք կարևոր հիմնասյուների խաթարմանը, չի կարող նպաստել պետականակենտրոն մտածելակերպով քաղաքացու ձևավորմանը, ակնհայտորեն զուրկ է գիտական, շաղկապված, հաջորդական շարադրանքից և մեթոդաբանական պատշաճ հենքից, հակասում է սովորողների հիմնավոր, հավաստի և որակյալ կրթություն ստանալու սկզբունքին և, ըստ այդմ, չի կարող որպես դասագիրք կիրառվել հանրակրթական դպրոցներում և րոպե առաջ պետք է խոտանվի: